11:30 - 18/Июнь/2017  #Общество

1987-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»

 

Հայերի ցեղասպանության հարցը Եվրոխորհրդարանում սկսել է քննարկվել 1983 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ։ 1984 թվականի հունվարի 22-ին այն քննարկվեց Եվրոխորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Օրինագծում մատնանշվում էր, որ Եվրոխորհրդարանը «ԵՏՀ-ի նախարարների խորհրդից պահանջում է`

  • «Հայտարարել հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին
  • Հասնել այն բանին, որպեսզի թուրքական կառավարությունը ընդունի 1915 թվականի ցեղասպանության պատմական փաստը
  • Համոզել Թուրքիայի կառավարությանը, որ թուրք-հայկական խնդրի արդարացի ու հիմնավոր լուծումը հնարավոր է միայն քաղաքական երկխոսության միջոցով
  • Հասնել նրան, որ ՄԱԿ-ը նույնպես ընդունի նույնանման հայտարարություն»:

Քննարկման ժամանակ Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկեցին տվյալ հարցը ընդգրկել Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանին ներկայացվելիք ընդհանուր զեկուցագրի մեջ։ Սակայն Թուրքիայի կողմից ԳՖՀ կառավարության վրա գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքով ԳՖՀ-ից ընտրված պատգամավորներն առաջարկեցին և հասան այն բանին, որ Հանձնաժողովը հետաձգի տվյալ օրինագծի քննարկումը մինչև 1984 թվականի հունիսը՝ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ 1984 թվականի հոկտեմբերի 16-ին սոցիալիստական ֆրակցիայի նախագահ Անրի Սաբին (Ֆրանսիա), քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ժիզել Շարզատը, Էռնեստ Գլինը և ուրիշներ կրկին Եվրոխորհրդարանի քննարկմանը ներկայացրին հայկական հարցի մասին օրինագիծը։ 1984 թվականի դեկտեմբերին Հանձնաժողովը հանձնարարեց էթնիկական խնդիրների հայտնի մասնագետ Ժակ Վանդեմյոլբրուքին (Բելգիա) համակողմանիորեն դիտարկել հարցը և նախապատրաստել համապատասխան զեկուցագիր։ Աշխատանքի ընթացքում նա ենթարկվեց թուրքական պաշտոնատար անձանց ու լրագրողների ուժեղ ճնշմանը։ Թուրքիայի պրեմիեր մինիստր Թ. Օզալը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա սպառնում էր վերանայել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները դեմ կլինեն Թուրքիայի՝ Եվրոխորհրդարան մտնելուն։

1985 թվականի դեկտեմբերին Ժ. Վանդեմյոլբրուքը զեկուցագիրը ներկայացրեց Հանձնաժողովի քննարկմանը։ Միաժամանակ գիտության ու մշակույթի մի շարք ականավոր գործիչներ դիմեցին Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանին՝ խնդրելով հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ներկայացնել եվրոպական խորհրդի հերթական նիստին (Լյուքսեմբուրգում)։ Դիմումը ստորագրել էին Ալբերտո Մորավիան (Իտալիա), խաղաղության նոբելյան և լենինյան մրցանակների դափնեկիր Շոն Մաք Բրայդը (Իռլանդիա), Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), Ջորջ Ուայլդը (ԱՄՆ) և ուրիշներ։ 1986 թվականի փետրվարին հարցի քննարկումը կրկին հետաձգվեց Հանձնաժողովի անդամների կողմից տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնելու պատրվակով, ընդսմին 32 ուղղումներից 21-ը ներկայացրել էին ԳՖՀ-ի և Դանիայի պատգամավորները։ Վերջապես, 1987 թվականի փետրվարի 25-ին Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ (25 կողմ, 23 դեմ) հավանություն տվեց ներկայացված օրինագծին։

Հունիսի 19-ին Եվրոխորհրդարանի պատգամավորներին դիմեց «Ֆրանսահայկական համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել գրողներ Ֆրանսուազ Սագանը, Էժեն Իոնեսկոն և Անրի Թրուայան, երգիչ Շառլ Ազնավուրը, պատմաբան Իվ Տերնոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Լվոֆն ու Լուի Նոելը և ուրիշներ։ Նրանք խորհրդարանին կոչ էին անում «որպես ցեղասպանություն որակել բնաջնջման այն ծրագիրը, որն իրականացվել էր հայերի նկատմամբ, և այդպիսով տեղ հատկացրել մարդկության ու Եվրոպայի հիշողության մեջ նրանց, ովքեր դեռևս գերեզման չունեն այս աշխարհում»։ Օրինագիծը մտցվեց Եվրոխորհրդարանի նստաշրջանի օրակարգի մեջ, որը տեղի ունեցավ 1987 թվականի հունիսի 15-ին, Ստրասբուրգում։ Հարցի առթիվ նախաձեռնությամբ համատեղ հանդես եկան կոմունիստական ու սոցիալիստական ֆրակցիաները:

Հունիսի 18-ին Եվրոխորհրդարանը 68 կողմով և 60 դեմով հավանություն տվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին։

Փաստաթղթի ներածականում նշվում էր, որ «թուրքական կառավարությունը մինչև օրս հրաժարվելով ընդունել 1915 թվականի ցեղասպանությունը, դրանով շարունակում է հայ ժողովրդին զրկել սեփական պատմություն ունենալու իրավունքից. ..., որ հայերի պատմականորեն ապացուցված ցեղասպանությունը մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական դատապարտում, ոչ համապատասխան հատուցում, ... որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական ռեաբիլիտացիայի խորապես մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը...»։

Բանաձևի առավել կարևոր դրույթներից է հետևյալ կետը.

«... Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-1917 թթ. գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի, հանդիսանում է ցեղասպանություն»։

Եվրոխորհրդարանը եվրոպական խորհրդից պահանջում էր՝ ճնշում գործադրել թուրքական ներկա կառավարության վրա՝ 1915 թվականին կազմակերպված հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար և նպաստել Թուրքիայի և հայերի լիազոր ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսություն հաստատելու գործին։ Նշվում էր, որ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի ընդունումը ուղղակի կախման մեջ է հայերի ցեղասպանության փաստի ընդունման հարցում նրա կառավարության դիրքորոշումից։

Բանաձևը պահանջում էր. որպեսզի «Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության նկատմամբ արդարացի վերաբերմունք լինի նրա ազգային ինքնատիպության, լեզվի, դավանանքի, մշակույթի և կրթական համակարգի հարցում...»։

 


#Եվրախորհրդարան  #«Հայկական հարց» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему