21:00 - 18/Июнь/2017  #Общество

Դեղի ընդունման յուրահատուկ ձևը և կուրսի տևողությունը (մաս 5-րդ)

 

Ընդունման ձևը (կանգնած, պառկած, հանքային ջրով, այլ):

Ո՞վ ծանոթ չէ հայկական ամենաավանդական ուտեստի դոլմայի պատրաստման բաղադրատոմսին։ Սակայն շատ ընտանիքներում, չհետևելով բաղադրատոմսին, դոլման պատրաստում են ոչ թե կտրտած, այլ աղացած մսից։ Աղացած միսն ավելի արագ է եփում և դյուրամարս է։ Շատ դեղեր մինչ օրգանիզմին հանձնելը նույնպես անհրաժեշտ է նախապես «մշակել» ծամել, կոտրել, ծակել։

Դեղերի մի մասն ունի օգտագործման յուրահատուկ կանոններ, որոնց մասին տեղեկացեք բժշկից կամ դեղի թուղթ-ներդիրից:

Որոշ դեղեր անհրաժեշտ է ընդունել ծամելով։ Օրինակ ստամոքսի այրոցը հանգստացնող դեղերը («Ոեննի», «Մաալոքս», «Տալցիդ»):

Ենթալեզվային դեղապատիճների արագ ազդեցության ապահովման համար հարկ է կապսուլան ատամներով ծակել (սեղմել)։

ճնշումն իջեցնող դեղերի զգալի մասը ընդունելուց հետո արգելվում է կանգնել (կարողեք որոշ ժամանակ մնալ նստած կամ պառկած դիրքում)։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ դեղերը միանգամից լայնացնում են արյունատար անոթները, որի հետևանքով ուղեղը քիչ արյուն է ստանում, և կանգնած դիրքը կարող է ուշագնացության պատճառ դառնալ։ Օրինակ «Նիֆեդիպինի», «էնալապրիլի», «Կապտոպրիլի», «Նիտրոգլիցերինի» հաբերը։

Դեղի ընդունման անվտանգության ապահովման համար մի զլացեք ճշտել, թե ունի արդյոք դեղը ընդունման որևէ առանձնահատուկ պայման, թե ոչ։

Ընդունման կուրսի տևողությունը (քանի օր):

Երբևէ լսե՞լ եք քրոնիկ հիվանդությունների մասին։

Քրոնիկ հիվանդությունների զարգացման պատճառ կարող է հանդիսանալ դեղերի ընդունման կուրսի տևողության խախտումը։ Հաճախ, դեղորայքային բուժման սկզբից մի քանի օր հետո մեր ինքնազգացողությունը բարելավվում է, թուլանում կամ անհետանում են հիվանդության ախտանիշները։ Շատերը, դրանից ոգևորվելով, մոռանում են ավարտել բուժման կուրսը և վաղաժամ դադարեցնում են դեղի ընդունումը։ Արդյունքում օրգանիզմին չի հաջողվում հիվանդությանը հասցնել վերջին ջախջախիչ հարվածը և այն որոշ ժամանակ անց նորից գլուխ է բարձրացնում։

Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել բժշկի կողմից նշանակված բուժման կուրսի տևողությունը։

Դեղաբուժման կուրսը, այսինքն՝ քանի օր շարունակ դեղը պետք է անընդմեջ ընդունել, կախված է նրանից, թե քանի օր է անհրաժեշտ դեղի ազդեցության դրսևորման և ավարտի համար։

Օրինակ՝ Ձեզ նշանակվել է որևէ հակաբիոտիկ օրեկան 3 անգամ, 5 օր բուժման կուրսով։ Դեղի ընդունումը ժամանակից շուտ ընդհատելու դեպքում դեղը չի հասցնի ոչնչացնել բոլոր մանրէները, և մնացած մանրէները, «սովորելով» այդ նյութին, կդառնան կայուն տվյալ դեղի համար:


Սա նշանակում է, որ հաջորդ անգամ, եթե Ձեզ անհրաժեշտ լինի ընդունել հակաբիոտիկներ, բժիշկը ստիպված կլինի նշանակել ավելի ուժեղ կամ ավելի թանկ դեղ։ Բացի այդ, չոչնչացած մանրէները կխորացնեն հիվանդությունը և կարող են քրոնիկ ձևի զարգացման պատճառ դառնալ։

Հաշվի առնելով սա անպայման ավարտեք բժշկի կողմից նշանակված բուժման կուրսը, որպեսզի Ձեր բուժումը լինի ամբողջական և լիարժեք։

Որոշ հիվանդություններ, օրինակ շաքարային դիաբեթը, լիովին չեն բուժվում, այլ միայն կարգավորվում են, և հիվանդը ստիպված է դեղերը կիրառել ամբողջ կյանքի ընթացքում։

Շարունակելի...

Թողարկում 1-ին
Թողարկում 2-րդ
Թողարկում 3-րդ
Թողարկում 4-րդ


#Դեղորայքային խորհրդատու 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему