10:15 - 19/Июнь/2017  #Lifestyle

Առավոտյան կարևոր է...

 

Ճիշտ շնչառությունը  երկարացնում է մարդու կյանքը։ Դա հայտնի էր դեռևս հնում՝ շնչառությանը մեծ նշանակություն տվող ժողովուրդներին: Անբավարար շնչառության դեպքում արյունը չի հարստանում մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ բավարար քանակությամբ թթվածնով։ Դրա հետևանքը՝ արագ հոգնելն է, գլխացավը, վատ տրամադրությունը՝ չխոսելով արդեն օրգանիզմում առաջ եկող ծանր փոփոխությունների մասին։

Մարդկանց մեծ մասը շնչում է սխալ, մեքենայորեն։ Իսկ շնչառությունը միակ վեգետատիվ գործունեությունն է, որը կարելի է գիտակցաբար ղեկավարել և վերահսկել։ Ճիշտ շնչառությունը լավացնում է նյութափոխանակությունը, ապահո­վում թթվածնի բավարար մուտքը օրգանիզմ, հանգստացնում է նյարդային համակարգը։ Ահա թե ինչու է խորհուրդ տրվում մշտապես կատարել շնչառական վարժություններ։

  • Առավոտյան արթնանալուց հետո անմիջապես մի վեր կացեք մահճակալից։ Լավ ձգվեք, ձեռքերը գցեք գլխավերևը և կատարեք մի քանի ներշնչում։
  • Գլուխը բարձրացրեք, ուղղվեք և նստեք, այնուհետև թեքվեք առաջ՝ մինչև ձեռքերի մատները հասնեն ոտքերին՝ միաժամանակ արտաշնչելով։
  • Կանգնեք բաց պատուհանի առջև և, բերանը թեթևակի բացած, մի քանի անգամ արտաշնչեք։ Դրանից հետո մի քանի անգամ խոր ներշնչեք քթով։ Վարժությունը կրկնեք 5 անգամ։
  • Պառկեք մահճակալին, ոտքերը ծալեք և մի քանի անգամ ներշնչեք ու արտաշնչեք միայն փորով։ Վարժությունը կրկնեք 6 անգամ։
  • Պառկած դիրքում թեթևակի բացված բերանով արտաշնչեք (ինչպես առաջին վարժության ժամանակ)՝ ուժեղ լարելով փորի մկանները։ Մի քանի վայրկյան դադար տվեք, այնուհետև քթով դանդաղ արտաշնչեք օդը՝ փորն ուռեցնելով։ Նորից մի քանի վայրկյան դադար։ Վարժությունը կրկնեք:
  • Նորից կանգնեք բաց պատուհանի առջև՝ ձեռքերը վեր բարձրացրած: Ձեռքերն իջեցնելով մինչև «զգաստ» դիրքը՝ միաժամանակ դանդաղ արտաշնչեք։ Այդ նույն ձևով ձեռքերը դանդաղ բարձրացրեք վերև՝ մինչև ելման դիրքը՝ դանդաղ և խորը ներշնչելով։
  • Խորը շնչելու ժամանակ խուսափեք արագ շնչելուց: Ներշնչման ժամանակ ուսերը մի բարձրացրեք վեր։ Մի մոռացեք, որ խորը արտաշնչումը նույնքան կարևոր է, որքան խորը ներշնչումը։ Միշտ շնչեք քթով, իսկ արտաշնչեք բերանով։

Շնչառական վարժություններին հետևում է առավոտյան մարմնամարզությունը։ Թե վարժությունների ինչպիսի համա­լիր կընտրեք դուք՝ կախված է ձեր մարմնակազմությունից և մարզվածությունից։ Առավոտյան վարժությունների համալիրը շատ հարմար է տոնուսի բարձրացման, կայտառացման և օրվա ռիթմը ներգրավելու համար։ Վարժությունների վերջում չոր խոզանակով եռանդուն կերպով կատարեք մարմնի ընդհանուր մերսում և ընդունեք տաք, ապա սառը ջրցուղ։ Խավոտ սրբիչով մարմինը լավ շփեք, առավել քրտնող տեղերը հոտազերծեք և հագնվեք։

Մեկ ճաշի գդալ երիցուկի վրա լցրեք մեկ թեյի բաժակ եռացրած ջուր, ծածկեք ու թողեք 10 րոպե։ Քամեք և հեղուկը քաղցրացրեք՝ վրան ավելացնելով 1 թեյի գդալ մեղր, խմեք սոված փորին՝ դանդաղ, կում-կում։ Այսպիսի թեյն արտակարգ բարեհաջող է անդրադառնում դեմքի գույնի վրա։

Հավանաբար դուք կասեք, որ այս ամենը պահանջում է շատ ժամանակ։ Ընդհակառակը, սա նվազագույնն է, ինչ ձեզ անհրաժեշտ է առողջությունր, երիտասարդությունը և գեղեցկու­թյունը պահպանելու համար, իսկ դրանք նվեր չեն տրվում, դրանք պետք է ձեռք բերել։ Եվ մի թողեք վաղվան, սկսեք հենց այսօր:


Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему