21:00 - 14/November/2017  #Society

ՇԻԿԱ-ՀՈՂՆ ԸՆԴԴԵՄ ՅԵԼՈՈՒ-ՍԹՈՈՒՆԻ

 

Շեկ-յելոու, շեկ-դեղին, հող-սթոուն, հող-քար. մոտավոր համընկում։ Երկու արգելոց, այսինքն մեկը նույնիսկ արգելոց էլ չէ՝  ազգային զբոսայգի է, ըմմ...ասենք Դիլիջանի պես։ Բայց քանի որ Դիլիջանում տեղի ունեցողը արդեն քանի տարի է դուրս է որևէ նորմալ բնապահպանական հայեցակարգի ոսպնյակով քննարկվելու շանսից, դա առանձին անդրադարձի կթողնենք...

Եվ այսպես՝ Յելոուսթոուն, Ազգային զբոսայգի, ԱՄՆ. չենք անդրադառնում զբոսայգու պատմությանը, այլ միայն 1995-ին սկսած մի գործընթացի՝ զբոսայգու տարածքում արձակված 14 գայլերով սկզբնավորված...

(Այստեղ կանգ ենք առնում և հիշում երեկ, այսօր ու վաղը Հայաստանում գայլերի ժրաջան, «գիտական», «խիստ գիտական» ոչնչացման ազնվագույն գործընթացը, լինի դա ազգային զբոսայգիների, արգելոցների թե առհասարակ հանրապետության տարածքում։ Այստեղ կանգ չենք առնում ու չենք հիշում վերջերս հայազգի գեղջապետի ու հոգևոր չոբանի վերաբերյալ հրապարակված «սունկ հավաքելու» տեսարաններին՝ Կարմիր գրքում գրանցված թռչունների ոչնչացմանը)։

Տասնչորս գայլին, ուրեմն, էդ տխմար ամերիկացիք բաց թողեցին Յելոուսթոունում, և... գայլերն անմիջապես սկսեցին որս անել և առաջին հերթին որսալ սկսեցին եղջերուներին։ Եղջերուների գլխաքանակը, որ առանց խոշոր գիշատիչների, գերաճ էր ունեցել, և եղջերուները սկսել էին ոչնչացնել միջավայրը, բացի այդ պարբերաբար կրկնվող համաճարակներից կոտորվում էին և գլխաքանակի դեգրադացիա էր սկսել, ահա այդ գլխաքանակը սկսեց կրճատվել։

(Այստեղ կանգ ենք առնում և, ի հեճուկս հիմարագույն ամերիկացիների, հայտարարում, որ եթե դեպքերը Հայաստանում լինեին, անկախ այն բանից՝ ազգային զբոսայգի, արգելոց թե անտերուդուս որևէ տարածք լիներ դա,...եղջերու չէր լինի՝ մենք մեր եղջերուներին, թե՛ տեղական՝ Կովկասյան ազնվազարմին, թե՛ ներբերովի՝ Պտավորին ոչնչացրել ենք, քանի որ մենք հոգևոր հայրեր, քաղաքական այրեր, օլիգարխներ ու շարքային հրացանավորներ ունենք, որոնք... «սիրում են» բնությունը։ Այնպես որ, գայլերի կարիք չէր լինի. մենք մեր գիշատիչ անասուններն այստեղ ունենք)։

Եղջերուներն ուրեմն սկսեցին խուսափել զբոսայգու այնպիսի տարածքներից, ուր իրենք գայլերի համար դյուրահաս էին։ Ուստի և այդ տարածքներում բուսականությունը սկսեց վերականգնվել իր նախաստեղծ տեսքով, ողջ համակարգով՝ առանց ոտնատակ լինելու, տրորվելու։ Վերականգնված բուսականությունը վերականգնեց իր միջավայրում միջատների, մանր կենդանիների առկայությունը և այն թռչունների ու մանր գիշատիչների առկայությունը, որոնք դրանցով սնվում էին...

(Այստեղ կանգ չենք առնում և չենք խոսում, այլ լռում ենք, ինչպես էս վերջերս Հայաստանում հաճախ են վարվում այդ ամենից տեղյակ հատուկենտ մարդիկ։ Խոսելու բան չկա, նյութ չկա)։

Թփուտ դարձած տեղանքներում ծառեր աճեցին, կուղբերը վերադարձան ու գետերի վրա սկսեցին ամբարտակներ կառուցել։ Ամբարտակները ջրլող թռչուններին գրավեցին, ու նրանք վերադարձան ու բնադրեցին այստեղ կամ չուի ժամանակ սկսեցին միջանկյալ վայրէջք կատարել։

(...)

Գայլերը տարածքից հեռացրին ազգային զբոսայգին պատուհասած կոյոտներին, և զբոսայգու կենսաբազմազանությունը համալրվեց նապաստակների և աղվեսների, ճագարների գլխաքանակով։

ՄԻՀՐԴԱՏ ԵՎՊԱՏՈՐ
«Չորրորդ Իշխանություն»


#«ՉԻ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions