20:00 - 14/Ноябрь/2017  #Политика

Սերժ Սարգսյանի հարատև ինքնագոլը - 2

Սկիզբը՝ այստեղ

ՍԵՐԺ ԱՆՈՒՆՈՎ ԱՆԿՈՒՄԸ ՏԵՎՈՒՄ Է

Եվ իսկապես, ի՞նչն է պատճառը, որ տնտեսական աճի տեմպերը հանկարծ սկսեցին դանդաղել։ Սկսենք նրանից, որ տնտեսական աճի համար առաջին հերթին լուրջ ներդրումներ են պետք, իսկ ներդրումների համար անհրաժեշտ է վստահություն ապագայի նկատմամբ, անհրաժեշտ է նորմալ մրցակցային միջավայր, և այլն։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ օգոստոս-սեպտեմբերին (որից հետո էլ տնտեսական աճի տեմպերը սկսեցին դանդաղել)։ Ճիշտ է, ՀՀԿ-ականներն ասես վերին հրամանով իրար հետևից սկսեցին հայտարարել, թե անկախ ամեն ինչից՝ 2018 թվականի ապրիլից հետո էլ երկիրը շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ հենց այդ ժամանակ հստակեցվեց, որ Կարեն Կարապետյանն իր թիմով 2018 թվականից հետո էլ շարունակելու է գործել Սերժ Սարգսյանի ենթակայության տակ։ Արդյունքը տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկումն էր, և դա միանգամայն հասկանալի է. ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց Սերժ Սարգսյանի մերձավորներն ավելի հավասար են, ո՞վ բիզնեսներ կհիմնի մի երկրում, որտեղ շահույթ ստանալու քվոտաները նախագահականում են որոշվում, իսկ վճարելիք հարկերի չափը որոշվում է ոչ թե օրենքով, այլ ըստ նրա, թե ընտրությունների ժամանակ ով քանի հազար ձայն է կեղծել ՀՀԿ-ի օգտին (և այդ հանգամանքը հաշվի չառնելն ընկալվում է որպես ներիշխանական կայունությունը խարխլելու չարամիտ փորձ), և վերջապես՝ ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղից ամեն տարի բնակչության 1,5-2 տոկոսն արտագաղթում է «գաղջ մթնոլորտի» պատճառով, իսկ իշխանությունները դրա պատճառները հասկանալու փոխարեն հայտարարում են, որ «գաղջ մթնոլորտի» հիմնական պատասխանատուն հեռանալու մտադրություն չունի և դեռ երկար ժամանակ ղեկավարելու է երկիրը։ Հետաքրքիր է՝ հանրապետականները կապ չե՞ն տեսնում իրենց այս հայտարարությունների և տնտեսության վիճակի միջև։ Թե՞ նրանք չեն հասկանում, որ «այո, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է» արտահայտությունն իրականում նշանակում է, որ տնտեսական հարաբերությունների ներկա խայտառակ մոդելն է անփոխարինելի, իսկ եթե քրեաօլիգարխիկ մոդելն անփոխարինելի է՝ և՛ տնտեսությունն է շարունակելու անկումը, և՛ երկիրն է դատարկվելու։

Կամ գուցե հանրապետականներին թվում է, թե «ազգ-բանակ» գաղափարախոսության հռչակո՞ւմը պիտի տնտեսական կտրուկ աճ ապահովեր։ Կտրուկ աճ գուցե ապահովի նրանց համար, ովքեր բանակի մատակարարմամբ են զբաղվում կամ տնօրինում են «հազարական դրամները», բայց որպես կանոն՝ շարքային քաղաքացիներն իրենց ապագան չեն կապում այն երկրների հետ, որտեղ պետությունն իրենց ընկալում է միայն որպես հարկատու, արագաչափերի տուգանքներ մուծող և պահեստազոր։ Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը գոնե հանձնարարե՞լ է պարզել, թե «ազգ-բանակի» հռչակումից հետո որքանով են ավելացել արտագաղթի տեմպերը, և չի՞ հետաքրքրվել արդյոք, թե ինչպես պատահեց, որ հենց «ազգ-բանակի» հռչակումից հետո տնտեսական աճի տեմպերը սկսեցին նվազել։

Այնպես որ՝ ուրիշ պատճառներ փնտրելու կարիք չկա։ Սերժ Սարգսյանն արդեն տասը տարի է՝ «ինքնագոլ է խփում» երիտհանրապետականների բուռն ծափահարությունների ներքո, ու նրանք պահանջում են «պրադալժենիե բանկետա», որովհետև այդ հարցում Սերժ Սարգսյանն իսկապես անփոխարինելի է։

«Չորրորդ Իշխանություն»


#«ՉԻ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему