12:45 - 14/Ноябрь/2017  #Политика

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները՝ առևտրականների նկատմամբ կիրառվող ստուգումների մասին

 

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ բազմաթիվ առևտրականներ այսօր առավոտյան մի քանի 1000 ստորագրություններով դիմել են ԱԺ խմբակցություններին` պահանջելով լուծում տալ առկա խնդիրներին:

Մտքերի փոխանակության ժամանակ հարցին անդրադարձավ նաև ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ելույթին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով խնդրեց հայտարարությունների ժամին խոսել տվյալ խնդիրների մասին, հակառակ դեպքում կանջատի խոսափողը:

«Այն, ինչ կատարվում է մանր և միջին առևտրով զբաղվող վաճառականների նկատմամբ բացահայտ տեռոր է, որ մարդիկ մեկ կտոր հացից կտրվեն: Այն, ինչ անում են պատկան մարմինները, անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է բացել մարդկանց պայուսակները, ստուգել, նման իրավասություն ոչ ոք չունի: Ուզում եք բյուջե լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ բենզինի մոնոպոլիա, գազի մոնոպոլիա, գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ իր գործը տապալել է, պետք է իմանա՝ որտեղ պետք է գնա, գնացեք Մոնումենտի դղյակները և տեսեք չարաշահումներ, օրինախախտումներ, ոչ թե փոքր ձեռներեցների պայուսակները մտեք: Սա կոպտագույն խախտում է»,- իր հերթին նշեց խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը:

Նույն հարցը բարձրացրեց նաև Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով սակայն չկարողացավ ավարտել ելույթը, քանի որ նրա Էդուարդ Շարմազանովն անջատեց նրա խոսափողը:

«Պետական մարմինների կողմից նրանց նկատմամբ չարաշահում է իրականացվում, խուզարկություն են իրականացնում ստուգումների պատրվակի տակ»,- ասաց Էնֆիաջյանը:

ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել քննարկվող թեմաներից՝ նշելով, որ կարող են հայտարարությունների ժամին այդ մասին խոսել: 

 

 


#ԱԺ նիստ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему