13:15 - 14/Ноябрь/2017  #Общество

Ինչո՞ւ են աղմկում վաճառականները

 

«Առինջ մոլ», «Մալաթիա» և մի քանի այլ առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նոր կարգավորումների։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն առևտրականների առաջ յուրաքանչյուր ապրանք փաստաթղթավորելու խնդիր է դրել, որը չկատարելու դեպքում առևտրականները կտուգանվեն: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը. նրանք պնդում են, որ նախկինի համեմատ ավելի շատ հարկ են վճարելու։ Բացի այդ, վերջիններս նշում են, որ տվյալ գործունեության մեջ այդ պայմանը կատարելն անհնար է, նրանց գնահատմամբ՝ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ է:
Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը «Հայաստան24»-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից ստորագրահավաք են կազմակերպել և դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին:

«Մենք չենք կարողանում դիմակայել, մեզ հետ կոպիտ են խոսում :Մենք արդեն չեն կարող այլևս մարսել այդ խոսելաոճը: Մենք հանցագործներ չենք, եթե իրանց նպատակն այն է, որ ՀԴՄ չխփելու համար 175 հազար տուգանեն, ապա դա ուրիշ հարց է»,- ասաց Արմեն Ներսիսյանը՝ նշելով, որ պետք չէ անընդհատ շեշտել, թե միայն «Առինջ մոլի» առևտրական ներն են բողոք անցկացնում, իրենց հետ նաև այլ առևտրի կենտրոնների աշխատակիցներ կան:

«Այդ ՀԴՄ-ներն ինադու սարքեցին, տվեցին ժողովրդի ձեռքը, որ ամեն անգամ իրենց առիթ լինի մեզ նմաններիս ահաբեկելու: Մոսկվայի նման երկրում ՀԴՄ չկա: Եթե առևտուրն այդքան լավ բան է, թող իրենց աթոռներից իջնեն, գան էդ ցրտին իմ կողքը կանգնեն, ոտքերն էլ սառեցնեն ու տեսնեն , թե ինչ պայմաններում ենք գումար վաստակում: 4 երեխա ունեմ, ու այսքան ժամանակ պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել: Էդ որ Սերժ Սարգսյանն ասում ա ձուկը գլխից բռնեք, բա չասեմ՝ ընկեր նախագահ՝ էդ ձեր կողքինների գլխներից բռնեք: Ձկների գլուխները նստած են վերևում»,-նշեց վաճառականներից մեկը:

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե «ի՞նչ գործողությունների կդիմեք, կգնա՞ք, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անեք», Ներսիսյանը պատասխանեց.

« Նախագահն ընենց մարդ ա, ես իրան շատ եմ հարգում, շատ սկզբունքային մարդ ա, հաստատ այս հարցերը չի թողի սենց մնա: Ես իմ խորին համոզմունքն եմ ասում: Նախագահն ուրեմն, շատ հյուրեր է ունենենում, չենք ուզում այդ մարդուն խանգարած լինենք, դրա համար մենք հավաքվելու ենք այսուհետեւ ԱԺ-ի դիմաց, որ այդ մարդու գործերը չխանգարենք»:

Նշենք, որ առևտրականներին մոտեցան «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը: Նրանք խոստացան, որ խնդիրը կքննարկվի հանձնաժողովում:

«Հիմա պետությունը, փոխանակ գնա նոր աշխատատեղեր բացելու ճանապարհով, տեռորի միջոցով ուզում է եղածները փակի: Դիմում ենք գրել վարչապետին և ՊԵԿ նախագահին, պատասխան ստացել ենք միայն ՊԵԿ-ից»,-ասաց Մելքումյանը:

 Մարգարիտա Ղազարյան

Դիտեք «Ազատ խոսքի» այսօրվա թողարկումը.


Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему