17:00 - 14/Ноябрь/2017  #Политика

Անդրիաս Ղուկասյանը ցուցմունք տվեց

 

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին նոյեմբերի 14-ին ամբաստանյալը պատասխանեց մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին: Մեղադրողին հետաքրքրում էր, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին.

«Գեղամ Սահակյանի մասնակցությունն այդ ամեն ինչին ինձ համար անհասկանալի էր, այդ պատճառով էլ հետաքրքրվել եմ, թե ով է, ինչու է մասնակցում ցույցերին: Տեղյակ եմ, որ Գնունի շուկայում պահակ է աշխատել, իսկ Գնունի շուկան բոլորին էլ պարզ է, թե ում է պատկանում և հենց այդտեղից էլ պարզ է, թե ում համար էր աշխատում Գեղամ Սահակյանը»,-ասաց նա:

Մեղադրողի հարցին, թե ինչու է Ղուկասյանը Երևանի Երզնկյան 75 հասցեում Գեղամ Սահակյանի հետ հանդիպել, պատասխանեց. «Այդ շենքը հանրային տարածք է, քաղաքացիների համար բաց շենք է և քաղաքացիները կարող են այդտեղ քաղաքական գործիչների հետ հանդիպել: Հակաճգնաժամային խորհրդի ադամ եմ և այդ օրերին «Ժառանգություն» կուսակցությունն այդ տարածքը տրամադրել էր մեզ, ես էլ Գեղամ Սահակյանի հետ հանդիպել եմ այդ տարածքում: Դա փակ շենք չի և այդ հանդիպումն էլ փակ չի եղել»,-ասաց նա:

Մեղադրողը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց` արդյոք Երևանի Խորենացի փողոցը անցած տարվա հուլիսի իրադարձությունների ժամանակ հասարակության համար վտանգավոր վայր համարե՞լ է, թե՞ ոչ.

«Իհարկե, այո և ոստիկանությունը սահմանազատել է այդ տարածքը, որի ներսում հատուկ գործողություններ են կատարվել, սակայն, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները չեն պահպանվել: «Սասնա ծռերի» որևէ գործողություն հանրության դեմ ուղղված չէր և դա ապացուցվեց, բայց ոստիկանության գործողությունները տրամաբանական էին և հասկանալի էր` ինչու է արվում»,- պատասխանեց Անդրիաս Ղուկասյանը: 

Ղուկասյանի ցուցմունքի վերջում մեղադրողը հայտարարեց, որ ամբաստանյալի ցուցմունքը սուտ է համարում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: 

Լուսինե Առաքելյան
#Անդրիաս Ղուկասյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему