20:30 - 14/November/2017  #Politics

Կյանք փողի դիմաց. Արթուր Սաքունցը՝ տարկետման չեղարկման օրինագծի մասին

«Hayastan24.com»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:  

Պարոն Սաքունց, մի քանի օր է՝ ինչ ուսանողները դասադուլ են անում, իսկ այսօր էլ հինգ ուսանող որոշեցին հացադուլ սկսել: Երթերի և ցույցերի ժամանակ բավականին «հետաքրքիր» վարք են դրսևորում որոշ դասախոսներ, ինչպես նաև անվտանգության աշխատակիցները, մասնավորապես ուսանողներին չեն թողնում ներս ու դուրս անել, իսկ լրագրողներին՝ տեսանկարահանում իրականացնել: Որպես իրավապաշտպան ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

Տեղի է ունենում հերթական բացահայտումը, որ Սերժ Սարգսյանն իր իշխանության ընթացքում համալսարանը վեր է ածել քրեակատարողական հիմնարկի, որն ունի իր անվտանգության աշխատակիցները, ռեժիմի պատասխանատուները, ինչը բնորոշ է միայն ու միայն ՔԿՀ-ներին: Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, դասախոսների նման վարքագիծը, ուսանողների նկատմամբ նման վերաբերմունքը բնորոշ է ՔԿՀ աշխատակազմին, որն այդպես վերաբերում է ազատազրկվածներին ՝ դիտարկելով նրանց որպես պոտենցիալ հանցագործություն կատարող անձանց: Այսինքն՝ համալսարանում կարծիքի արտահայտման ազատությունն ըստ էության գոյություն չունի՝ որպես հիմնական արժեք համալսարանի ղեկավրության և դասախոսական կազմի հիմնական մասի համար, որը դա պարտադրում են նաև ուսանողներին, հանրությանը: Սա պետք է համարել որպես այն էտալոնը, որը հանձինս ԵՊՀ-ի՝ մայր բուհի, ձևավորել է ՍԵրժ Սարգսյանն իր իշխանության ընթացքում:

Անկախ նրանից՝ ինչ արդյունք կունենան ուսանողների բողոքի ակցիաները, հնարավո՞ր են ուսանողների հետ որոշակի «հաշվեհարդարներ», երբ նրանք շարունակեն իրենց ուսումը:

Բնականաբար պետք է փորձեն հաշվեհարդարներ տեսնել, ճնշումներ բանեցնել: Տեսանյութերից արդեն երևում է, որ սադրիչներ են հայտնվում, որ բացարձակապես առնչություն չունեն թե կրթության և համալսարանի, և թե ուսանողների հետ: Ինչպես թաղերում կան հեղինակություններ, որոնց օգտագործում են ընտրությունների ժամանակ, նրանց էլ օգտագործում են  լրագրողների և ուսանողների դեմ:

Անկախ նրանից, թե հացադուլավորների և դասադուլավորների պայքարը ինչ ազդեցություն կունենա, մենք կարող ենք արձանագրել հետևյալը. առաջին՝ եթե ազդեցություն չունեցավ, ապա հերթական ներքին դժգոհության զուսպ պոտենցիալ է ձևավորվում ուսանողների և հասարակության ներսում, իշխանության նկատմամբ առանց այն էլ անվստահության այդ պոտենցիալը վերափոխվելու է ատելության, որի հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Սերժ Սարգսյանը և այս իշխանությունը: 

Երկրորդ՝ եթե ազդեցություն ունեցավ, եթե ունենան այդքան խելամտություն հաշվի նստելու առաջարկությունների և բողոքների, բարձրացված հարցերի հետ և փոխեն իրենց մոտեցումը, ապա դա կարող է հույս առաջացնել, որ հետագա զարգացումներն այնուամենայնիվ կարող են տեղափոխվել դեպի փոփոխությունների դաշտը, չնայած մեծ առումով վստահ չենք, բայց գոնե ժամանակավոր դադար կտրվի և այն գոլորշին, որը կուտակվել է, չի նպաստի հնարավոր պայթյուններին և դրանք կարող են ժամանակավորապես մարել:

Եթե այդքան խելք չունենան, ապա բավական լուրջ պրոբլեմներ են ունենալու թե իրենք, թե Հայաստանի Հանրապետությունը, որի իբր անվտանգությամբ մտահոգված են, բայց ավելի խոցելի են դարձնում իրենց պետության անվտանգությունը՝ նման ավտորիտար, բռնապետական քաղաքականությամբ:

Պարոն Սաքունց, ի վերջո տարկետման չեղարկման օրինագծով իշխանությունները ի՞նչ հիմնական խնդիր են լուծում:

Տեսեք, «Պատիվ ունեմ» ծրագրի բուն էությունն է լեյտենանտի կոչումով գնալ ծառայել մարտական հերթապահության դիրքերում՝ երեք տարի ժամկետով:

Ոչ ուսանողների համար առաջարկում են «Ես եմ» ծրագիրը: Երկու տարվա փոխարեն առաջարկում են 3 տարի՝ նույնպես մարտական հերթապահության դիրքերում:

Իշխանությունն արձանագրում է, որ խնդիր ունի մարտական հերթապահությունը կազմակերպելու անհրաժեշտ թվով մարդկանցով, որը չունի: Տեսեք, երկու տարվա փոխարեն առաջարկվում է 3 տարի, նշանակում է, որ երրորդ տարվա համար մարդ չունի: Երբ ապագա սպաներին առաջարկում են նույն ծրագիրը էլի մարտական հերթապահությամբ, նշանակում է, որ մարդիկ քիչ են: Մարդկանց անբավարար թվաքանակը լրացնում են առկա մարդկանցով՝ ծառայության ժամկետը երկարացնելու միջոցով: Այս ամենն արվում է այնպիսի պայմաններում, երբ առնվազն, զուտ պաշտոնական տվյալներով՝ 900.000 մարդ աղքատ է: Սոցիալապես աղքատ խավի երեխաները, հաշվի առնելով կրթության անմատչելիությունը՝ վճարների տեսանկյունից, գնալու են երեք տարվա ծառայության:

Դուրս է գալիս սոցիալական տարբերակված մոտեցում. շարքային զինվորների քանակը ապահովվում է սոցիալապես անապահով խավերի, սպաների քանակն ապահովում է քիչ թե շատ ֆինանսական հնարավորություն ունեցողների, իսկ կառավարութան որոշմամբ տարկետում, զինծառայությունից ազատելու լիազորությունը տրվում է արտոնյալ խավին: Այսինքն՝ շատ հստակ կաստայական մեխանիզմ է առաջանում: Սոցիալական շերտավորումն ամրագրվում է օրենքի ուժով:

Երբ Վիգեն Սարգսյանը և նրա շեֆը, որն ինչպես միշտ չի խոսում, փորձում են չքմեղանալ, թե չեն երկարացնում ծառայության ժամկետը, ապա ստում են, քանի որ, այո, օրենքի մեջ չի նշվում երեք տարի պարտադիր զինծառայություն, բայց առաջարկը փաստացի երկու տարի ծառայությունը վեր է ածում երեք տարվա, որը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները չեն կարող մերժել: Այսինքն՝ մեկ տարի ավել ծառայում են, դրա փոխարեն ստանում են 5 մլն:

Բացի դա, ավելի հրեշավոր մի բան. մարտական հերթապահություն կրելու ժամանակ հակառակորդի կողմից զոհվելու դեպքում ստանում են 10 մլն դրամ փոխհատուցում, այսինքն՝ փող կյանքի դիմաց, ի դեպ բացարձակապես պատասխանատվություն չկրելով ոչ մարտական ծառայության ժամանակ՝ օրինակ, կանոնադրական հարաբերությունների, բժշկական ծառայության, տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետևանքներով, որոնք հրադադարի ռեժիմի խախտման հետ կապ չունեն, զոհերի համար: Այս դեպքում պաշտպանության նախարարությունն ասում է՝ «1000 դրամների» հիմնադրամի միջոցով փոխհատուցում չի լինելու:

Սա նշանակում է՝ կյանք փողի դիմաց, ինչը հակամարդկային է, հակաքաղաքակրթական է և նաև իրավական-ժողովրդավարական պետության կոնցեպտի տեսակետից դրանց ողջ բովանդակությունը և էությունը ոչնչացնող առաջարկություններ են:

Այսպիսով՝ զինված ուժերի համար անհրաժեշտ թվաքանակ չկա, զինված ուժերը գրավիչ չեն և կամավոր պարտադիր սկզբունքը ընկած է այս նախաձեռնության հիմքում:

Լուսինե Առաքելյան
#Արթուր Սաքունց  #տարկետում 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions