loader
«А теперь я Наташа». «Կեղծիքի անատոմիա»

«А теперь я Наташа». «Կեղծիքի անատոմիա»

Արդեն ակնհայտ է՝ դեկտեմբերի 9-ին չի վճռվելու, թե որ ուժն է լինելու իշխանություն: Ամեն ինչ պարզ է: Այդ օրը վճռվելու է, թե ո՞ր կուսակցություններն են լինելու երկրորդը, երրորդը և միգուցե չորրորդը և դառնալու են ընդդիմություն: 6 ամիս առաջ՝ մայիսին, որոշ կատակասերներ առաջ էին քաշում թեզ, որ Հանրապետականը կարող է դառնալ որակյալ ընդդիմություն: Անցած ամիսներին այդ տեսակետը ենթարկվեց անխնա հեգնանքի: Բայց Ընտրական օրենսգրքի չբարեփոխումը և մի շարք այլ հանգամանքներ նպաստեցին, որ Հանրապետականն այսօր ունենա հավակնություններ: Անցած քսան տարիներին հասարակությանը մտահոգել է, թե ով է իշխանության: Այժմ մտահոգությունը մի փոքր տրանսֆորմացվել է, և մարդկանց հուզում է, թե ո՞ր ուժն է լինելու առաջատար ընդդիմադիր ուժը:

Այլ հանգամանքների թվում առաջնահերթ պետք է նշել գործող իշխանության մեծագույն բացթողումը: Այն է` Հանրապետական կուսակցության հանցավոր գործունեության չդատապարտումը: Ի վերջո, որքան էլ սոցիալական կամ այլ դրդապատճառներ կային մերժելու նախկին իշխանություններին, ակունքում Հանրապետականի քաղաքական գործունեության մերժումն էր: Հանրապետականին մերժելու հիմքում առանձին դեմքերի՝ «տուշոնկա» գողանալու կամ կաշառքներ վերցնելը չէր: Այդ կուսակցության իշխանությունը մերժելու հիմքը իշխանությունը ուզուրպացնելն էր` ընտրությունները կեղծելու միջոցով: Հասարակությունը չէր ընդունում նրանց լեգիտիմությունը և ստիպված փողոցի ուժի միջոցով հեռացրեց նրանց: Բայց վեց ամիս անց ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ առավել ևս իրավական առումով դատապարտված չէ Հանրապետականի ամենամեծ հանցագործությունը` ընտրություններ կեղծելը: Ամրագրված չէ, որ այդ կուսակցությունը` հավաքական իմաստով, կատարել է սահմանադրական հանցագործություններ` կեղծելով մեկ տասնյակից ավել ընտրություններ: Եվ դա միայն համապետական մասշտաբով: Հանրապետականն այսօր չպետք է ունենար ո՛չ բարոյական, և ո՛չ էլ իրավական հնարավորություն՝ մասնակցելու ընտրություններին և քաղաքական հայտ ներկայացնելու: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Եվ այժմ հասարակությունը կրկին ստիպված է դիմագրավելու հանրապետականների մանիպուլյացիաներին: Իսկ նրանք ավելի են հմտացել այդ ասպարեզում և ավելի նուրբ ու վտանգավոր միջոցներով են սկսել խեղաթյուրել իրականությունը: Մի կողմից դա արվում է կեղծ օրակարգեր և կեղծ լուրեր տարածելու միջոցով, մյուս կողմից, օգտվելով Հանրապետականի չդատապարտումից, ՀՀԿ-ին ներկայացնել, իբրև, գաղափարական և ազգային պահպանողական արժեքներ կրող ուժի: Այդ դժվար միսիան իրենց ուսերին կրում են մի քանի հոգի` Շարմազանովը, Աշոտյանը, Սարգսյանը և որքան էլ զավեշտալի է՝ Մենուան: Այժմ նրանք վազում են լրատվական տաղավարներից տաղավար` ավետելու, զգուշացնելու և վախեցնելու Հայաստանին սպառնացող վտանգների մասին: Այս բացառիկ հայրենանվեր գործում նրանք նաև ունեն օժանդակ ուժեր` ի թիվս մի քանի քաղաքականապես կողմնորոշված լրագրողների:

Վերջիններս այնպես են հարցերը ձևակերպում, որպեսզի մանիպուլյացիաները չտուժեն ո՛չ որակապես, ո՛չ էլ քանակապես: Դիտենք հատված Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումից: Սա անգամ դժվար է մանիպուլյացիա որակելը: Սա ավելի շատ ցածր որակի կեղծիք է: ՀՀՇ-ն, իսկ այնուհետև ՀԱԿ-ը, ոչ միայն չեն վերացել, այլ շարունակել են պայքարը: Պատմաբան Շարմազանովը, թերևս, փորձում է վատ երազի պես մոռանալ 2007-2008 թվականների շարժումը: Եվ, այո, իր հռետորաբանությունը օգտագործելով, նշենք` Հայկը, ի վերջո, հաղթեց Բելին: Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը զրկվեցին իշխանությունից: Իսկ Շարմազանովը, Բաբլոյանը և Արփինե Հովհաննիսյանը չունեցան Արարքցյանի, Ռուբինյանի և Սահակյանի համարձակությունը՝ հրաժարական տալու:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս