loader

Անառակ որդու վերադարձը. «Կեղծիքի անատոմիա»

Մեկ ամիս առաջ շատերը հույս ունեին, որ գործադիր իշխանության փոփոխությունը կբերի նաև դրական տեղաշարժերի իշխանության մյուս ճյուղերում՝ օրենսդիրում, դատականում և ինչու չէ նաև չորրորդ իշխանություն համարվող լրատվությունում: Հակառակ կանխատեսումների՝ ՀՀԿ խմբակցությունը չի քանդվում այն արագությամբ և ուժգնությամբ, որ խորհրդարանում փոխի առկա բալանսը, դատական և իրավապահ համակարգում ռեակցիայի ուժերը ուժեղ են, քան երբևէ: Դիցուք՝ Մասիսի քաղաքապետի ազատ արձակումը և դրա ֆոնին քաղբանտարկյալների ազատ չարձակումը: Ինչ վերաբերում է լրատվությանը, ապա այստեղ նախկին ռեժիմը կարծես թե ուշքի է գալիս շոկային հարվածից հետո և իրեն հասու միջոցներով ակնհայտ կեղծում է տեղեկատվությունը: 

Եվ որքան էլ Աշոտյանը բարձրաձայնի, թե իրենք գտնվում են լրատվական բլոկադայի մեջ, բոլորը հասկանում են, որ անգամ հիմա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ինֆորմացիոն արսենալը շատ ավելի մեծաքանակ է և ժառանգության պատճառով ունի շատ ավելի մեծ լսարան, քան նոր կառավարության ռեսուրսները տվյալ դաշտում: Հանձնելով կառավարության ամրոցը, Սերժ Սարգսյանը նպատակադրվել է ճակատամարտ տալ մնացած երեք ասպարեզներում: Օրենսդիր և դատական համակարգերում տեղի ունեցող պատերազմներին կանդրադառնանք մեկ այլ առիթով: Իսկ աժմ ներկայացնենք, թե ինչ է կատարվում տեղեկատվական դաշտում: ՀՀԿ-ն և սպասարկող լրատվամիջոցները բացարձակ դեն են նետել մասնագիտական բարեխղճությունը՝ հիմք ընդունելով միջոցները արդարացնում են նպատակները, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան, կեղծիքը, լուրի միայն իրենց շահեկան հատվածը ներկայացնելու պրակտիկան դարձնելով աշխատելաոճ:

Նախկին ռեժիմի ռազմաճակատի այս հատվածի ավանգարդում կանգնած է «Պանարմենիան» ընկերությունը: Հիշեցնենք՝ այն իր մեջ ներառում է մի քանի հեռուստաընկերություններ՝ Արմենիա, ATV, Արմնյուզ և համացանցային մի շարք լրատվամիջոցներ՝ Բլոգնյուզ, Tert.am և այլն: Այս մեդիակայսրությունը պատկանում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան, համատեղության կարգով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Իհարկե,  բարոյական դաշտում ողջունելի է, որ Միքայել Մինասյանը չի մոռանում, թե ում է պարտական մեծ կայսրության և մասնավորապես մեդիակայսրության համար: Բայց հեռուստադիտողների համար մեդիամանիպուլյացիաները չափազանց ակնառու են և ոչ պրոֆեսիոնալ: Կառավարության փոփոխությունից հետո «Արմենիա» հեռուստաընկերության երկու վերլուծական ծրագրեր եթեր չեն հեռարձակվում՝ «Ռեվոլյուցիան» և «Բանաձևը» և, ըստ էության, միակ վերլուծական ծրագիրը մնացել է կիրակի օրը եթեր գնացող «Postfactum»-ը: Ըստ հերթականության ներկայացնենք երկու ռեպորտաժ այդ հաղորդումից, որպեսզի ակնհայտ դառնա, որ գործ ունենք ոչ թե լրագրողական անփութության, այլ հաշվարկված քաղաքականության հետ:

Մայիսի 28-ին մեծ սկանդալ առաջացավ: ԱԺ նախագահը չէր մասնակցում Առաջին հանրապետության 100-ամյակի պաշտոնական տոնախմբություններին: Պարզվեց՝ ԱԺ նախագահը հրավիրվել է ՀՀԿ-ի 3 հոգանոց քվոտայի շրջանակներում և դա դիտելով իբրև վիրավորանք՝ չի ընդունել հրավերը: Հասարակական կարծիքը կիսվեց երկու մասի. մի մասը գտնում էր, որ խորհրդարանական համակարգի կառուցվածքի մեջ ԱԺ խոսնակը պետք է առանձին հրավիրվի, իսկ մյուս հատվածը ոգևորված էր Բաբլոյանին չհրավիրելու փաստով: Դիտենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրերին Մովսես Խորենացու մեդալի արժանացած լրագրողի նյութը խնդրո առարկայի վերաբերյալ: Լրագրողի մասնագիտական վերափոխումը հասկանալու համար ընդամենը անհրաժեշտ է նայել նրա երկու նյութ, ասենք, մարտ ամսվա վերջի և ապրիլ ամսվա սկզբի: Եթե Վատիկանում դրված արձանին նվիրվում էր 10 րոպե և անպայման ֆիքսվում Սարգսյանի անգամ ամենաանկարևոր խոսքը, ապա հիմա նա դարձել է շատ գծուծ՝ երկրի ղեկավարի մասնակցությամբ միջոցառումների լուսաբանման հարցերում: Ոչ մի խոսք Փաշինյանի ելույթից: Բայց դե դա ճաշակի հարց է, միգուցե լրագրողի և խմբագրի դուրը չի եկել Փաշինյանի ելույթի՝ այլևս երբեք հնին չվերադառնալու կոչը և հարմար չեն գտել մեջբերումներ անել այնտեղից և միանգամից անցել են երաժշտությանը: Այստեղ նույնպես բացակայում են կառավարության մի շարք պատասխանատուների հայտարարությունները, որ տոնախմբության սցենարը կազմել է նախորդ իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովը, և նոր կառավարությունը չի ունեցել ժամանակ և միջոցներ իր տեսլականը ներկայացնելու: Եվ, ըստ էության, միակ փոփոխությունը եղել է Փաշինյանի ելույթի տեսքով: Անցնենք առաջ. Բաբլոյանի խոսքը ներկայացնելուց հետո հպանցիկ նշվում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը կանչել էր Բաբլոյանին: Ներկայացնենք Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը: Հարցը, ըստ էության, փակվեց հաջորդ օրը, երբ Փաշինյանը խոստովանեց հետևյալը: Բայց, ինչպես վերևում տեսանք՝ լրագրողի ռեպորտաժում, նա չի իմացել վարչապետի բացատրության մասին, ուստի և չէր կարող այդ մասին տեղեկացնել իր հեռուստադիտողներին: Այսպիսով, «Արմենիա»-յի հեռուստադիտողները այդպես էլ չիմացան, թե ինչպես հանգուցալուծվեց սկանդալը: 

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս