loader
Անառիթ ընկնավորվածները. «Կեղծիքի անատոմիա»

Անառիթ ընկնավորվածները. «Կեղծիքի անատոմիա»

Կարծես թե վերադառնում ենք ի շրջանս յուր: Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջին մեղադրանքն այն էր, որ գալիս է Արցախը հանձնելու: Պուտինը, գեյերը, աղանդները և թիմը դա հետո էին: Հիմա ցիկլը փակվեց և երևակայության պակասի պատճառով նորից Արցախի հանձնելու հարցն է: Սակայն միայն երևակայության պակասի պատճառով չէ տեղի ունենում այդ հարցի շահարկումը: Ի վերջո, կրկնությունը գիտության մայրն է: Իսկ Արցախի հարցի շահարկումը մի անգամ արդեն մեծ դիվիդենտներ է բերել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Այդ հետո էր, որ պարզվեց՝ նպատակը մեկն էր՝ վերցնել իշխանությունը: Նույնը հիմա է՝ տեղեկատվական պատերազմ՝ համեմված լուսանկարի հիման վրա արված վերլուծություններով, ադրբեջանական լոբբիի փորձագետների հարցազրույցներով և խուճապ առաջացնող վերնագրերով: Այժմ մենք ականատեսն ենք հիստերիայի նոր շրջափուլի: Իսկ առիթը Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումն էր Ալիևի հետ: Եթե միայն կարդաս նախկին իշխանությունների լրատվամիջոցների վերնագրերը, ապա կասկած չի առաջանա՝ հենց Դավոսում Փաշինյանը Արցախը նվիրեց Ադրբեջանին: Իսկ պաշտոնական նվիրատվությունը կկայանա կամ մարտին, կամ հունիսին: Ամսաթվի նշումը կախված է, թե որքա՞ն են վճարել լոբբիստին: Ինչքան շատ, այնքան ավելի շուտ կկայանա նվիրատվությունը:

Հիստերիայի ամենաուշագրավ պահերից է, երբ փորձում են այնպես հրամցնել ինֆորացիան, թե, իբր, առաջին անգամ են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպում ոչ ֆորմալ ձևաչափով: Մինչդեռ հրադադարից հետո այդպիսի հանդիպումների թիվն անցնում է մեկ տասնյակից: Նույնը վերաբերում է Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպման արդյունքում ընդունված մեմորանդումի մեջ մի ձևակերպմանը: Մտահոգ խուճապահարները այնպիսի դեմքով են արտաբերում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» նախադասությունը, կարծես, առաջին անգամ են այն լսում: Մինչդեռ այս ձևակերպումը ունի 25 տարվա հնեցում:

Անպատկառությունը երկրորդ երջանկությունը դարձրածները պահանջում են օր և ժամ, երբ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղան: Եվ բացարձակ մոռանում են, որ 21 տարի առաջ հենց իրենց ջանքերով է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից: «Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի նախորդ թողարկմանը անդրադարձել էինք քոչարյանական և սարգսյանական պատկանելիություն ունեցող լրատվամիջոցների սանձազերծած քարոզչական տեռորին: Այս որակումը չի արտահայտի այդ գործընթացի ամբողջ էությունը: Այդ ահաբեկչական լրագրության գլխավոր օրակարգերից է Արցախի հարցում Փաշինյանի, իբր, ձախողման տիրաժավորումը: Իսկ տիրաժավորման ավանգարդում կանգնած է 5-րդ ալիքը: Դիտենք հատված 5-րդ ալիքի «Դեմ առ դեմ» հաղորդումից:

Ընդհանրապես պետք է նշել, որ տիկին Եսայանը միայնակ չէ: Տպավորություն է, որ իշխանությունից զրկվելը իր հետ բերել է նաև «կողմնակի ազդեցություններ»: Դրանցից հիմնականը հիշողության կորուստն է: Նախկին պատգամավորին, թերևս, չէր խանգարի հաճախ շաքարաջուր օգտագործել և հիշել, որ 2011 թվականին Կազանյան փաստաթղթի մանրամասների մասին հանրությունը իրազեկվեց միայն 2015-ին: Երբ Սերժ Սարգսյանը իր ոճի մեջ անհաջող հարցազրույց տվեց օտարերկրյա լրատվամիջոցին: Այսինքն՝ միայն 4 տարի հետո իմացանք, թե ինչ արհավիրքից ենք խուսափել:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ Կազանում նա պատրաստ է եղել զիջելու ազատագրված տարածքները՝ մի քանի տասնամյակ հետո նախկին ԼՂԻՄ տարածքում հանրաքվե անցկացնելու խոստման դիմաց: Բացի դրանից, չգիտես՝ ինչու պարծեցավ Ալիևին առաջարկ անելու վերաբերյալ, որ հանրաքվեն կարող է կայանալ ոչ թե 10 կամ 20, այլ 70 տարի հետո: Պետք է խոստովանել՝ այդ ժամանակ մենք փրկվեցինք միմիյան մեկ պատճառով: Ալիևները իրենց անհեռատես քաղաքականությամբ հասարակությանը պատրաստել են միանգամից ամբողջը վերցնելու երազանքին: Եվ նա այդ ժամանակ չէր կարող համաձայնվել: Բայց սա տիպիկ օրինակ է, թե ինչպե՞ս են նախկին իշխանությունները հասարակությունից թաքցրել, թե ինչի շուրջ են բանակցում և ինչ աննորմալ զիջումների են պատրաստ:

Անցնենք առաջ և դիտենք ևս մեկ հատված վերը նշված հիստերիայի դրսևորումներից: Նախ նշենք, որ Փաշինյանը իր հայտնի լայվում նշեց՝ նմանատիպ հանդիպումների առաջարկը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այն է, եթե երկու երկրների ղեկավարները գտնվում են միևնույն վայրում, և եթե հնարավոր է՝ կազմակերպել հանդիպում: Այսինքն՝ համանախագահները հանկարծակի չեն եկել այդ հանդիպումից և մամուլից չեն տեղեկացել դրա մասին:

Ամբողջական՝ տեսանյութում:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս