loader

«Կեղծիքի անատոմիա». Особо приближенный к императору

«Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությանը և թեմայի շուրջ հայկական հեռուստաալիքների մանիպուլյացիաներին:

Ճիշտ է, տեսակետ կա, որ սահմանադրական փոփոխություններից հետո այժմ այդ պաշտոնն առանձնապես արժեք չի ներկայացնում՝ իրենից ներկայացնելով թամադայի գործառույթներ: Սակայն չպետք է մոռանալ, որ նոր նախագահը ֆորս-մաժորային իրավիճակում կարող է դառնալ չափազանց կարևոր դերակատար: Իսկ ֆորս-մաժորային իրավիճակներ, ցավոք սրտի, մեր նորանկախ պատմության մեջ քիչ չեն եղել:

Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անունից նախագահի պաշտոնն առաջարկեց Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս՝ ելնելով բիզնեսի արևմտյան տարրական կանոններից, միանգամից չասեց՝ համաձայն եմ: Միգուցե, Արմեն Սարգսյանը միանգամից չընդունեց առաջարկը, քանի որ չհասկացավ Սերժ Սարգսյանի՝ չքաղաքականացված, բայց քաղաքականապես կոփված ձևակերպումը; Որպես խորհրդային մարդ, Արմեն Սարգսյանը, թերևս հիշեց Սովետական միությունում օգտագործվող ֆիզկուլտուրնիկ ձևակերպումը, երբ պրոֆեսիոնալ սպորտսմենը հայտարարվում էր իբրև սիրողական մակարդակի ֆիզկուլտուրնիկ, որպեսզի մասնակցի օլիմպիադաներին:

Անկախ Արմեն Սարգսյանի պատասխանից, քարոզչամեքենան արդեն մեկ շաբաթ է ջանք չի խնայում, որպեսզի նրան ներկայացնի որպես հաջողված վարչապետի, փայլուն դիվանագետի, մեծ գիտնականի, խոշոր գործարարի; Իհարկե, չի շրջանցվում նաև մեծ բարերարի պահը: Կարծում ենք, որ այդ ռեպորտաժները դիտելիս ավագ սերնդի հեռուստադիտողների մոտ առաջինը հիշվեց հայտնի ֆիլմի այս էպիզոդը: Իսկ ահա նոր սերունդը կասկածեց, որ ռեպորտաժների հեղինակները ստեղծագործական ոգեշնչում են ստացել «Գահերի խաղեր» ֆիլմի այս էպիզոդից:

Խոսվում է ամեն ինչի մասին, անգամ նրա մասնակցությամբ «Տետրիս» խաղի ստեղծման հանգամանքների մասին, սակայն շրջանցվում է նրա մասնակցությունն Ամուլսարի գործարքին: Մանրամասն ներկայացվեց արքայազն Չարլզին Հայաստան հրավիրելու նրա ջանքերը՝ չներկայացնելով, որ այցի բուն նպատակը կապված էր Ամուլսարի նկատմամբ արքայազնի հետաքրքրություններով: Խոսքը նույն արքայազնի մասին է, որը 2015 թվականին, երբ համայն հայությունը հիշում էր 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը, Արմեն Սարգսյանի մտերիմը նախընտրեց մեկնել Թուրքիա՝ նշելու Գալիոպոլիի ճակատամարտի 100 ամյակը: Հակված ենք կարծելու, որ թանկացումների ֆոնին հեռուստաընկերությունները չցանկացան գցել հայաստանցիների տրամադրությունը՝ պատմելով, որ մամուլը Արմեն Սարգսյանի անունը կապում է Թուրքմենստանից Հայաստան վառելիք ներմուծելու և CPS բենզալցակայաններում բաժնեմաս ունենալու հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս