loader
Բոլիվուդի աստղ. «Կեղծիքի անատոմիա»

Բոլիվուդի աստղ. «Կեղծիքի անատոմիա»

25 օրից կունենանք նոր խորհրդարան: Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած զարգացումներից անցել է 6 ամիս, սակայն չեն դադարում վեճերը՝ տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ սոցիալական իշխանափոխություն: Եվ դա նորմալ է և հատուկ չէ միայն Հայաստանին: Այսպիսի բանավեճեր եղել են, թե 250 տարի առաջ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, թե վերջին տասնամյակում տեղի ունեցած նմանատիպ գործողությունների ժամանակ՝ զորօրինակ՝ Վրաստանում և Ուկրաինայում: Կրկնվենք՝ դա նորմալ է: Աննորմալ է, երբ քաղաքական լուսանցքում հայտնված ուժերը քաղաքական դիսկուրսի փոխարեն սկսում են զբաղվել քաղաքական ֆենտզի ժանրի զարգացմամբ: 

Քաղաքական ֆենտզի ասելով նկատի չունենք պոպուլիստական ծրագրերով և ճառերով հանդես եկողներին: Քաղաքական ֆենտզի ասելով նկատի ունենք ուժերի, որոնք առաջ են քաշում անհավատալի սցենարներ: Օրինակ` պահանջում են, որ Հայաստանը սկսի գործընթաց՝ պահանջելու Արևմտյան Հայաստանը կամ գոնե Ջավախքը: Այդպիսի գործիչները ներկա պայմաններում, չդավաճանելով նախընտրելի ժանրին, հիմա էլ զբաղված են ֆենտզիի կանոններին համապատասխան բացատրել ներկա գործընթացները: Այս առումով, ինչ խոսք, բոլորին ֆորա կտա «Երկիր ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Եթե Հայաստանն ունենար զարգացած կինոարտադրություն, ապա տիկին Փոստանջյանը կլիներ հաջողված սցենարիստ: Սյուժեի կառուցման առումով նա չունի մրցակիցներ քաղաքական դաշտում և միակ արժանի հակառակորդը Դիանա Գրիգորյանն է: Անշուշտ, նոր գլուխգործոցներ երկնելու համար մեծ լիցք հանդիսացան Հանրապետության հրապարակ ներխուժելը, և ապա շնորհքով հեռացնելը ու Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Սրանք սառը ցնցուղի էֆեկտ ունեցան Փոստանջյանի համար: Ինչպես հայտնի է, անձնական պարտությունները պարարտ հող են ստեղծում գրական մոնումենտալ գործեր ստեղծելու համար:

«Հեղափոխությո՞ւն, թե՞ անձերի տեղափոխություն» թեզը մի լավ շրջանառելուց հետո նա այժմ էլ ավելի լուրջ սցենարի վրա է աշխատում: Այն է, ինչ տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի սցենարով էր: Այդ նրանք են նախաձեռնել և հովանավորել բոլոր փոփոխությունները: Եվ այժմ էլ շարունակում են հովանավորել Նիկոլ Փաշինյանին: Բայց քանի որ մեծ գործերը պետք է ունենան անկանխատեսելի ավարտ, տիկին Փոստանջյանը սփոյլեր է անում և ասում` աները և փեսան որոշել են վերադառնալ իշխանության Փաշինյանի միջոցով:

Սույն սցենարի առկայության մասին Փոստանջյանը բարձրաձայնեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեկ տասնյակից ավել տված հարցազրույցներում: Դիտենք հատված դրանցից մեկից: Քաղաքական գործիչները նույնպես մարդիկ են` արյունից և մարմնից կազմված: Եվ նրանք նույնպես իրավունք ունեն սխալվելու: Բայց իրավունք չունեն սխալվելուց հետո ոչ միայն չընդունել սխալը, այլ այն զարգացնել և նոր հորիզոններ նվաճել այդ հարթությունում: Մարտին և ապրիլի սկզբին շատերը չէին հավատում գործընթացին: Բայց, ի տարբերություն Փոստանջյանի, կարողացան իրենց մեջ ուժ գտնել, ընդունել սխալը և օժանդակել համազգային գործընթացին: Բայց ինչպես երևում է, տիկին Փոստանջյանը չունի այդ ուժը:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս