loader
Հ1-ը գտել է քավության նոխազներին. «Կեղծիքի անատոմիա»

Հ1-ը գտել է քավության նոխազներին. «Կեղծիքի անատոմիա»

Ի վերջո, եթե չէինք բարեփոխելու Ընտրական օրենսգիրքը, ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս սպասել: Ո՞ւմ օգտին աշխատեց այդ ժամանակը: Հաստատ ոչ պետականության: Չէ՞ որ իշխանությունները բազմիցս հայտարարեցին, որ ներդրումներ չկան, քանի որ չկա քաղաքական որոշակիություն: Չէ՞ որ այն բարեփոխումները, որոնք խոստանում է իշխող ուժը, կարելի էր սկսել 6 ամիս առաջ: Ե՛վ բյուջեն լավը կլիներ, և՛ տնտեսական ցուցանիշները: Ինչ վերաբերում է Հ1-ին, կարծում ենք՝ ընտրությունները չեն մեղավոր, որ շարունակվում են մանիպուլյացիաների դեպքերը և այն շարունակում է մնալ իբրև քարոզչամեքենա: Ինչպես հիմա ընդունված է ասել՝ բա դրա համա՞ր էինք հեղափոխություն արել:

Նախկին իշխանությունն ուներ շատ մեղքեր` կոռուպցիա, արհեստական մենաշնորհներ, արդարադատության բացակայություն, ընտրությունների կեղծում և այլն: Մեղադրանքների շարքում իր ուրույն տեղն էր զբաղեցնում պետական լրատվամիջոցներով՝ հատկապես Հ1-ով, գործող իշխանության անհարկի գովերգումը, սխալների լղոզումը և քաղաքական հակառակորդներին վատաբանումը:

Մայիսից հետո շատ մեծ էին հույսերը, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալող Հ1-ը կդադարի պարզապես օրվա իշխանության պրոպագանդայի միջոցը լինելուց: Սակայն հեղափոխությունից վեց ամիս անց շատ քիչ բան է փոխվել Հ1-ի աշխատելաոճում: Իհարկե, կան որոշակի դրական տեղաշարժեր լրատվական-վերլուծական հաղորդումներում, բայց կոնկրետ լուրերում փոփոխությունները չնչին են: Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ երկիրը քննարկում, վիճում և որոշակի առումով անհանգստանում է, որ գնում ենք ընտրությունների նախկին Ընտրական օրենսգրքով:

Ինչպես գիտեք, դեռևս գործող Ազգային ժողովը երկու անգամ տապալեց նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Հիշեցնենք` Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նոր իշխանությունների չորս կարևոր խոստումներից էին: Եվ ահա տեսնենք, թե ինչպե՞ս է Հ1-ի շաբաթվա լուրերի գլխավոր թողարկումը` կիրակնօրյա «Օրակարգ»-ը, հրամցնում մեզ այդ իրադարձությունը:

Սկսենք սկզբից: Տեսակետ կա, որ խորհրդարանը ցրելու գործընթացները գեներացվեցին հոկտեմբերի 2-ին: Մինչդեռ դրանք սկիզբ առան սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո: Ընտրություններից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է ԱԺ-ն ցրելու վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ: Հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձեցին խոչընդոտներ ստեղծել այդ ճանապարհին: Ժողովուրդը հետևեց վարչապետի կոչին և պաշարեց ԱԺ-ն: Եվ Նիկոլ Փաշինյանը մտավ ԱԺ` բանակցելու: Եվ, թերևս, այդ երեկո կայացավ կոնսենսուսը: Խորհրդարանը ցրվում է, բայց ընտրությունների գնում ենք հին Ընտրական օրենսգրքով:

Նայեք՝ ինչ ստացվեց: Հոկտեմբերի 2-ի՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և միայն հոկտեմբերի 23-ին ուղարկեց Սահմանադրական դատարան: Այսինքն՝ ոչինչ չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հոկտեմբերի 3-ին և 14-օրյա ընթացակարգը հաղթահարել հին կանոնակարգ օրենքի տիրույթում: Եվ այդ ժամանակն օգտագործել ԱԺ-ին ստիպելու ընդունել նոր Ընտրական օրենսգիրք: Եվ այո, ժողովրդին ևս մեկ անգամ կանչել օգնության, որպեսզի ՀՀԿ-ական և դաշնակցական «սաբոտաժնիկները» զգային, թե որքան մեծ է հասարակության ցանկությունը փոխելու ընտրական իրավահարաբերությունները: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս