loader

Հ1-ի ղեկավարները պետք է պատասխանեն մի շարք հարցերի. «Կեղծիքի անատոմիա»

Մեկ ամիս առաջ գրեթե բոլորը համակարծիք էին. քաղաքականությամբ զբաղվելը դառնում է հոբբի: Քաղաքական գործիչները և վերլուծաբանները պետք է վերապրոֆիլավորվեն, քանզի քաղաքականությունը որպես այդպիսին Հայաստանում վերանում է առնվազն մինչև 2022 թվականը: Առավել հոռետեսները համոզված էին, որ պետք չէ հույսը դնել անգամ 2022-ի վրա: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Եվ այժմ Հայաստանում առկա է մի քանի հարյուր հազար ակտիվ քաղաքական պրոցեսի մասնակից, որոնք ցանկանում են շարունակել ազդել գործընթացների վրա և ակտիվորեն իրենց տեսլականներն են ներկայացնում Հայաստանի ապագայի և անցյալի գնահատականների վերաբերյալ:

Քաղաքական պրոցեսը հրապարակներից և փողոցներից տեղափոխվել է կաբինետներ և սոցիալական ցանցեր: Վարչապետի լայվերը դիտում և քննարկում են նույնքան մարդ, որքան ցանկացած ուրիշ հասարակություններում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչները: Եվ այս ֆոնին, ըստ տրամաբանության, պետք է առաջին արձագանքողներից լիներ TV-ն: Պետք է արձագանքեր, որպեսզի վերջնականապես չպարտվեր համացանցին: Անհրաժեշտ էր ստեղծել նոր ֆորմատներ, նոր հաղորդումներ, հրավիրվեին նոր մարդիկ, որպեսզի մի կողմից բավարարվեր հեռուստադիտողների քաղաքական լուրերի և վերլուծության նկատմամբ քաղցը, մյուս կողմից վերջնականապես չդառնար ինֆորմացիայի մարգինալ աղբյուր:

Վերջին մեկ շաբաթում մասնավոր հեռուստաալիքները մի փոքր թոթափել են վախի զգացումը և թեև շատ կաշկանդված, այնուամենայնիվ փոքրիկ քայլեր են անում հետաքրքիր և ազատ ինֆորմացիա ներկայացնելու առումով: Բայց առաջնահերթ հասարակությունը ակնկալիքներ ունի և ֆիքսված է Հանրային հեռուստատեսության վրա: Մի երկրում, որտեղ կան բազում սոցիալական խնդիրներ, որտեղ աղքատությունը կազմում է 30 տոկոս, իսկ ամեն 5-րդ երեխան կիսասոված է պառկում քնելու, հասարակությունը ցանկանում է որակյալ և ադեկվատ տեղեկատվություն ստանալու մի կազմակերպությունից, որին տարեկան տրամադրվում է ոչ ավել ոչ պակաս, քան 12 միլիոն դոլար գումար: Մինչդեռ Հանրայինը որևէ կերպ չի ցանկանում վերանայել իր աշխատանքը:

Քաղաքական աննախադեպ իրադարձությունների ֆոնին Հանրայինի լուրերի թողարկումներում ներքաղաքական իրադարձություններին ավելի քիչ ժամանակ է տրամադրվում: Թերևս պատասխանատուները հանգել են այն եզրակացությանը, թե որքան քիչ անդրադառնան ներհայաստանյան անցուդարձին, այնքան քիչ կունենան քննադատության պատճառ: Նրանք որևէ կերպ չեն ցանկանում վերանայել իրենց աշխատանքը, ադապտացնել նոր իրողություններին: Միակ փոփոխությունը շաբլոններում Սերժ Սարգսյանի անվան փոփոխությունն է Նիկոլ Փաշինյանի անունով: Իհարկե, պակասել է առաջին դեմքի անվան շուրջ լրատվական պաթոսը: Ըստ էության, Հանրայինի լրատվականը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվի դուբլիկատի գործառույթը:

Ռուբեն Ջաղինյանը, Մարգարիտա Գրիգորյանը և Հարություն Հարությունյանը պետք է պարզաբանումներ ներկայացնեն հասարակությանը, թե ում հրամանով և պարտադրանքով էր հասարակության հաշվին գործունեություն ծավալող կազմակերպությունը գործում նույն հասարակության դեմ: Ի՞նչ հաճախականությամբ և բովանդակությամբ էր Բաղրամյան 26-ի հայտնի կուրատորը միջամտում Հանրայինի աշխատանքին: Անցանկալի անձանց մուտքը Հ1, ի՞նչ չափանիշներով էր որոշվում: Հայտնի անձի 2016 թվականի օգոստոսին Բաղրամյան 26 վերադառնալը ի՞նչ փոփոխություններ բերեց իրենց աշխատանքում: Ընդդիմության լիդերներին ծաղրելու և հեգնելու պրակտիկան ինքնագործունեությո՞ւն էր, թե՞ հստակ դերեկտիվներ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս