loader

Հեռուստալրագրողներ, թե սաղավարտ հագած պրոպագանդիստներ. «Կեղծիքի անատոմիա»

Մեկ շաբաթից ավել է, ինչ մեր աչքերի առջև տեղի է ունենում բյուջետային միջոցների աննախադեպ վատնում՝ ուղեկցված քաղաքական կոռուպցիայի դասական դրսևորումներով: Միլիարդավոր դրամներ, որ հատկացվում են Հանրային հեռուստատեսությանը և ռադիոյին և պետք է ծառայեին հանրության իրազեկմանը, քաղաքական գիտակցության բարձրացմանը, ապա՝ ի վերջո, ժողովրդավարական գիտակցման ամրապնդմանը, մսխվում են և ծառայում մի խումբ մարդկանց իշխանության հավերժացմանը:

Վերջին շաբաթվա ընթացքում հայկական հեռուստատեսությունն այնպես կառուցեց իր գործունեությունը, որ լուրջ մրցակից դարձավ ամենից հաճախ հնչող «Մերժիր Սերժին» կարգախոսին: Սոցիալական ցանցերում մեծ տարածում գտավ հայկական TV-ն և «շլանգ» հեշթեգը: Իհարկե, շլանգի առաջին դրոշակակիրներն էին «Հ1»-ը և Սերժ Սարգսյանի փեսային պատկանող «Արմենիա» հեռուստաընկերությունները: Առաջին հեռուստաընկերության ղեկավարությունը, որը հաճախ է սիրում այլ ԶԼՄ-ին մեղադրել ոչ բարեխիղճ լրագրություն իրականացնելու մեջ, գերազանցեց նախորդ տարիների՝ իր իսկ սահմանած ցածրակարգ մեդիագրագիտության բոլոր հնարավոր նշաձողերը: «Հ1»-ի հեռուստադիտողներն այդպես էլ չիմացան՝ Հայաստանում կան մարդիկ, որ այնքան էլ ոգևորված չեն պետությունը Միջին Ասիայի վերածելու հեռանկարից: Դրա փոխարեն այնպիսի մանրամասներով էին ներկայացվում Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում տեղի ունեցած ընտրական խախտումները, որ կարծես առաջիկա տարիներին Ալիևն էր ղեկավարելու ՀՀԿ-ն և Հայաստանը:

Տպավորություն է, որ հեռուստաընկերության երիտասարդ կադրերը թրեյնինգներ են անցնում 70-80-ականների «Время»  ծրագրի խմբագիրների մոտ: Հավատացած ենք՝ հյուսիսկորեական հեռուստատեսությունը կօգտագործի այս ռեպորտաժը սեփական կադրերի պրոֆեսիոնալ հմտությունները բարձրացնելու համար: Ռեպորտաժից, ի վերջո, չհասկացվեց՝ ակցիա իրականացնող պատգամավորները կո՞ղմ են ստրիպտիզին, թե՞ ոչ: Ի՞նչ իմաստ ունի փոխանցել երրորդ անձի՝ տվյալ դեպքում ակցիա իրականացնող պատգամավորի հետ քաղաքական լուրջ հակասություններ ունեցող Մանե Թանդիլյանի խոսքերը, երբ Արարատ Միրզոյանը շատ հստակ ձևակերպեց սալյուտի իմաստը:

Պակաս զավեշտալի չեն Արա Բաբլոյանի խոսքերը: Հրշեջ-բժիշկը ճիշտ կաներ նույնը սկզբունքայնությամբ դատապարտեր սեփական կուսակցի՝ Կարեն Ավագյանի՝ մասսայական միջոցառումների ժամանակ բազմիցս կատարած կամ սեփական կամքից անկախ պատճառներով ավարտին հասցված հրդեհների հարուստ պատմությունները: Հիշեցնենք, որ այդ ժամանակ տուժեցին նաև երեխաներ: Բժիշկ-հրշեջը ճիշտ կաներ՝ հիշեր, որ ինքը երբեմն նաև քաղաքական գործիչ է և դատապարտեր անցյալ տարի ապրիլի 2-ի երեկոյան ՀՀԿ-ականների կատարած բազմաթիվ հրավառությունները, մինչդեռ այդ օրը լրացավ մեկ տարին, ինչ 120 հայորդիներ զոհվեցին՝ պաշտպանելով հայրենիքը:

Իսկ այժմ դիտենք ևս մեկ շեդևր, այս անգամ «Արմենիա»  հեռուստատեսության կատարմամբ:

Անտեղյակ լրագրողը և նրա խմբագիրը չգիտեն, թե ինչու հանրահավաքի մասնակիցները ավտոերթ չարեցին դեպի Ծաղկաձոր: Փաստացի, ռեպորտաժը  պատրաստելիս, նրանք չեն լսել հանրահավաքի կազմակերպիչներին, չեն կարդացել մամուլ և անգամ չեն շփվել ցուցարարների հետ: Հակառակ պարագայում նրանք տեղեկացված կլինեին երթուղու փոփոխության շարժառիթների հետ: Իրենց հորջորջած ամբոխից ցանկացած մեկը հանրամատչելի կբացատրեր, որ ՀՀԿ-ն լքել է Մելիք-Ադամյանի շքեղ շենքը և առավոտյան կանուխ նիստ է հրավիրել Ծաղկաձորում: 

Երթուղու փոփոխությունից զարմացած լրագրողը թերևս ճիշտ կաներ հռետորական հարց հնչեցներ. լավ, սեփական փեսայի հեռուստաընկերությանը ինչո՞ւ տեղյակ չի պահվում նիստի տեղի փոփոխության մասին, ինչու չպետք է ըստ արժանավույնս ներկայացվի աներոջ բենեֆիսը այլ բավարարվի միայն ՀՀԿ օպերատորի սիրողական կադրերով:

Սոցիալական ցանցերում իրեն բոշա անվանող հանրային ռադիոյի փոխտնօրենը կեղծում է իրականությունը: Հանրային ռադիոն իր տենդենցիոզությամբ ոչ միայն չի զիջում Հանրային հեռուստատեսությանը, այլ անգամ կարող է ֆորա տալ նրան: Ռեպորտաժում ոչ մի խոսք չի ասվում, որ բանակցությունների հետ մեկտեղ հոսանքազրկեցին շենքը և առաջին անգամ այն եթերազրկվեց: 

«Արմենիա»-յի լրագրողի աչքից վրիպել է ևս մեկ կարևոր էպիզոդ, որ կարող էր դառնալ ցանկացած ռեպորտաժի աղը: Հանրային ռադիոյի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կատարում է սենսացիոն ինքնախոստովանություն՝ ինչի՞դ է պետք ուղիղ եթերը, եթե միևնույն է Հանրային ռադիո լսող չկա: Նախ, փաստացի Մարկ Գրիգորյանը խոստովանում է, որ տարեկան միլիարդավոր դրամներ ուղղակի կորչում են: Այդ ահռելի գումարները ծառայում են ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ ընդամենը լուծում են Հանրային ռադիոյի աշխատակիցների սոցիալական խնդիրները: Արդյոք ավելի ճիշտ չի լինի այդ հսկա շենքը պահելու փոխարեն սոցիալական ծառայություններն ուղղակի օգնեն ռադիոլրագրողներին կամ զբաղվեն նրանց վերապատրաստմամբ: Մյուս կողմից, եթե հանրային ռադիո լսող չկա, ինչո՞ւ բաց թողեցիք եթեր ապահովելու միջոցով բարձր ռեյտինգ ունենալու հնարավորությունը : Ստացվում է, որ ռադիոյի ղեկավարությունն ամենևին էլ շահագրգռված չէ ունենալու ռեյտինգ: 

Ռեյտինգի մասին: Հանրային ռադիոյի ավագ գործընկեր Հանրային հեռուստատեսությունը երկրի ներքաղաքական օրակարգի թիվ 1 հարցին տրամադրում է 2,5 րոպե, որից 1,5 րոպեն լրագրողը կարդում է ոստիկանության հայտարարությունը: Ամբողջ տեքստը: Կարելի է միայն երախտագիտություն հայտնել ոստիկանությանը, որ տեքստը չի եղել 15 րոպե: Միգուցե եթերային ժամանակի սղությամբ է պայմանավորված հանրահավաքը չլուսաբանվելը: Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Քարահունջ գյուղում գտնվող էշի մասին պատմությունը տևում է մոտ 5 րոպե: Էշի առօրյան ներկայացվում է ամենայն մանրամասնությամբ, փաստացի այն ավելի կարևորելով, քան հազարավոր հայաստանցիների բողոքի ցույցը: Սա հստակ ցուցիչ է, թե ինչպես են իշխանությունները վերաբերում հասարակությանը: Հասկանալի է, որ էշը հանրապետականների խորհրդանիշն է, բայց ախր դա Ամերիկայի հանրապետականների խորհրդանիշն է, իսկ պարոն Թրամփը կարծես թե չի հավակնում Հայաստանի վարչապետի պաշտոնին:

Իսկ վերջին օրերին Հանրային հեռուստատեսությունն իր վրայից վերջնականապես թոթափեց իրեն անհարմար լրատվամիջոցի թիկնոցը և հագավ պրոպագանդիստի սաղավարտը: Լալահառաչ կադրեր և ձայն. ցուցարարները ասպատակում են ոստիկանական շարքերը: Հատուկ միջոցներով հատուկ ֆիքսվում է, թե տասնյակ հազարավոր մարդկանցից հատկապես որը պլաստմասե շիշ նետեց ոստիկանների վրա: Բայց դրան զուգահեռ չկա որևէ անդրադարձ, որ ոստիկանապետի անվտանգության պետի բարեկամը դաժան ծեծի է ենթարկում ուսանողի: Եվ այդ տեսարանին ներկա են թե ոստիկաններ, թե հեռուստալրագրողներ: Թեպետ այս երկու կառույցներն այնքան փոխլրացված են աշխատում, որ հանգիստ կարելի է շփոթել՝ դիմացինը ոստիկան է, թե հեռուստալրագրող:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ հետաքրքիր մարտավարական հնարքի վրա: Հեռուստաընկերությունները եթեր էին տալիս այն ընդդիմադիրներին, որոնք լրջագույն խնդիրներ ունեն հանրահավաքներ կազմակերպած ուժերի հետ: Եթերից եթեր հազիվ էին հասցնում, օրինակ, Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք ամենայն մանրամասներով ներկայացնում էին, թե ինչու են դեմ իրենց գործընկերոջ քայլին, բայց գործընկերն այդպես էլ հնարավորություն չունեցավ հակադարձելու: Պեղվում և եթեր էին հրավիրվում նաև այնպիսի գործիչներ, որոնց միակ ասելիքն էր՝ միևնույն է բան չի փոխվելու: Հուսալքության մարտիկներն այս շաբաթվա եթերի իսկական հերոսներն էին: Մենք զրուցել ենք մեր համաքաղաքացիների հետ, հասկանալու, թե վերջին շաբաթվա մասին տեղեկատվությունը որտեղից են ստացել՝ հեռուստատեսությունից, թե՞ համացանցից:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս