loader

Հին ռեժիմի նոր գործիքները. «Կեղծիքի անատոմիա»

Եթե նախկինում հեռացած ռեժիմը հեռուստատեսության միջոցով իրականացնում էր տոտալ քարոզչություն, իսկ առցանց լրատվականներով ապահովում ինֆորմացիոն արտահոսքեր, ապա այժմ նախկինների գործելաոճը կրել է տակտիկական բնույթի որոշակի փոփոխություններ: Կորցրած հարթակները հեռացած կլանին ստիպել են վերադասավորել տարիների ընթացքում կուտակված քարոզչամեքենայի մարդկային և լրատվական ռեսուրսները:

Նորահռչակ ընդդիմությունը, գիտակցելով, որ տեղեկատվական պարտության հիմնական թատերաբեմը ֆեյսբուքն էր, հենց այս հարթակում է անցել տոտալ գրոհի՝ չխորշելով օգտվել ակնհայտ ապատեղեկատվությունից, ֆեյքերի հարուստ բազայից և գումարով ստատուս գրելու արատավոր անցյալից: Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր և առցանց լրատվականներ, որ մինչև հայտնի իրադարձությունները մշտապես կասկածվում էին Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ համագործակցելու և անհրաժեշտ ինֆորմացիոն ուղեկցում իրականացնելու մեջ, բայց, այնուամենայնիվ, զգույշ էին և պահպանում էին որոշակի հավասարակշռություն, այժմ ստիպված են ամբողջովին դիմակազերծվել և լծվել հակահեղափոխության գործի իրենց փայ աշխատանքին:

Եվ այսպես. համացանցում գործունեություն ծավալող քարոզիչների թիվ 1 առաջադրանքն է մշտապես հիշեցնել՝ Սերժ Սարգսյանը չգնաց բախման, չթափեց արյուն և անցնցում փոխանցեց իշխանությունը: Ուստի նա ժողովրդավարական արժեքների կրող է: Սա ակնհայտ կեղծիք է: Տպավորություն է, որ մարդկանց փորձում են համոզել, թե Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավար եղել է միայն 6 օր՝ ապրիլի 17-ից մինչև ապրիլի 23-ը: Անհրաժեշտ է հստակ արձանագրել. Սերժ Սարգսյանը իշխանության է եկել Մարտի 1-ի գնով, այն պահպանել է քաղաքական հակառակորդներին բանտարկելու, խաղաղ ցույցերը բռնի ուժով ցրելու, ընտրությունները մշտապես կեղծելու և Արցախի հարցը շահարկելու գնով: Վերջին մեկ ամսվա շարժումը տրամաբանական շարունակությունն էր առնվազն  տասը տարի տևած պայքարի և այն վերջին մեխը խփեց Սարգսյանին իշխանությունից հեռացնելու դագաղին: ՀՀԿ առաջնորդը այդ 6 օրվա ընթացքում հասցրեց իր հսկողության տակ եղած բանդաների միջոցով ծեծել տասնյակ անչափահասների և ուսանողների: 6 օրվա ընթացքում նա հասցրեց իր հսկողության տակ գտնվող գործադիր, օրենսդիր և իրավապահ համակարգի միջոցով բազմիցս սպառնալ հայաստանցիներին, իսկ վերջում տեսնելով, որ դա չի օգնում, անձամբ պոռթկաց և սպառնաց նոր Մարտի 1-ով: Հայաստանի 3-րդ նախագահը առանց վարանելու կմտցներ արտակարգ դրություն և կթափեր արյուն, եթե համոզված լիներ, որ դա կապահովի իր իշխանության պահպանումը: Իհարկե, շարժման հմուտ մարտավարությունը, բաց ձեռքերի քաղաքականությունը, անընդհատ ոչ բռնի միջոցների մասին հիշեցնելը, փոքրացնում էր Սարգսյանի ուժի կիրառման հնարավորությունը և հետո դրա հիմնավորումը: Բայց սադրանքների մեծ արսենալ և կուտակված հարուստ փորձ ունեցող իշխանությունն անգամ դա չէր կարող կանգնեցնել: Ուրեմն ինչն էր պատճառը, որ Սարգսյանը չթափեց մեծ արյուն:

Որքան էլ Փաշինյանը Սարգսյանին հակադարձեց, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին, այնուամենայնիվ, նա հստակ ինֆորմացված էր, որ բանակում, անգամ բարձրագույն սպայական անձնակազմում միանշանակ չեն տրամադրությունները այդ միջոցով նրա իշխանությունը պահպանելու հարցում: Չպետք է մոռանալ, որ առաջին անգամ Հայաստանում զինվորականները դուրս եկան իրենց զորանոցներից և միացան երթերին: Եվ բացի դրանից պետք է փաստել, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում 88-ից հետո առաջին անգամ հստակ կյանքի կոչվեցին ընդդիմության դասադուլի և գործադուլի կոչերը: Այսինքն՝ անգամ արտակարգ դրություն հաստատելուց հետո այն ժամանակվա իշխանությունը չէր կարողանալու գոնե առժամանակ դադարեցնելու համաժողովրդական շարժումը: Վերջին փորձերը ապրիլի 30-ին և մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու իբրև ընդգծված հակառուսական գործիչ, աղերսելով Մոսկվայի միջամտությունը, տապալվեցին, և Ռուսաստանի ղեկավարությունը նախընտրեց առաջիկայում աշխատել նոր իշխանության հետ, քան թե հնարավոր թափվելիք մեծ արյան պատասխանատվությունը ամբողջովին վերցնել իր վրա:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս