loader
Կարո՞ղ էիք մի լավ բան սովորել. «Կեղծիքի անատոմիա»

Կարո՞ղ էիք մի լավ բան սովորել. «Կեղծիքի անատոմիա»

Քանի որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն, ավելացել են նաև քաղաքական ուժերի և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների մանիպուլյացիաների չափաքանակը: 40 օրից կունենանք նոր խորհրդարան, իսկ մինչ այդ կլսենք բազում խոստումներ և խոստովանություններ, որոնց մեջ կեղծիքի դոզան կմոտենա անթույլատրելիի սահմանագծին: Վարչապետ ընտրվել-չընտրվելու, ընտրվելու-չընտրվելու փորձությունը հաղթահարելու ընթացքում խոստովանությունների մեկնարկը տվեց վարչապետի պաշտոնակատարը: Սահմանադիր Հրայրի ծուղակները շրջանցելու ճանապարհին Փաշինյանն ունեցավ ծավալուն ելույթ ԱԺ-ում:

Փաշինյանն առաջադրվեց ստիպված` չընտրվելու պայմանով: Եվ չթաքցրեց էլ, որ կօգտագործի առիթն առաջացած մի շարք և հանրությանը հուզող հարցերը պարզաբանելու համար: Իհարկե, Փաշինյանի հռետորական հմտությունները, գրեթե, անսահմանափակ են, բայց ելույթում հնչեցին մտքեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման: Գաղտնիք չէ, որ հանրությանն ամենից շատ մտահոգում է նոր իշխանության կադրային քաղաքականությունը: Վայրիվերումները, հաճախ ոչ ըստ մասնագիտական հմտությունների նշանակումները և նախկիններից որոշների հետ վերադարձը այդ ոլորտում ճգնաժամի տպավորություն են ստեղծել: Եվ հատկապես վերջին հանգամանքը հաշվի առնելով՝ Փաշինյանը ասաց մտքեր, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում: Լսենք պարոն Փաշինյանին: Ինչպես տեսաք, Փաշինյանն անուններ չհնչեցրեց:

Եվ եթե 5.5 ամիսների ընթացքում նոր պաշտոնյաներից լինեին պաշտոնից հեռացվածներ, մենք արագ կեզրակացնեինք, թե ովքեր են քանդուքարափ եղել: Բայց` ոչ, անուններ չկան: Եվ մեզ մնում է միայն կռահել, սակայն այստեղ նույնպես լուրջ բարդությունների առաջ ենք կանգնում, որովհետև լուրջ պաշտոնանկություններ չկան: Չենք կարող չէ՞ այդ ձևակերպումների մեջ ներառել ԲՀԿ-ական և դաշնակցական պաշտոնյաների հեռացումը: Նրանք հեռացվել են քաղաքական դրդապատճառներով, և երկրորդ՝ նրանք չեն եղել հեղափոխության ջերմեռանդ պաշտպաններ: Ըստ էության՝ 5.5 ամիսների ընթացքում, նոր պաշտոնյաներից հեռացվել են ընդամենը երկուսը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանը և կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը:

Հիշեցնենք, որ երկուսն էլ հեռացվեցին, քանի որ մամուլում և սոցիալական ցանցերում անհաջող մտքեր և ձևակերպումներ էին արել: Առաջինը Գևորգ Աբաջյանի մասին, իսկ երկրորդը` Լևոն Տեր-Պետրոսյանի: Ուստի՝ անգամ նրանց հեռացումը չի կարելի դիտարկել Փաշինյանի ասած կոնտեքստում: Եվ ի՞նչ է մնում մնացորդում: Կան նոր նշանակված պաշտոնյաներ, որոնք քանդուքարափ են եղել և սթրեսի ենթարկել Փաշինյանին, բայց չեն հեռացվում պաշտոններից: Եվ մնում է գուշակել՝ ի՞նչ է սա` հովանավորչությո՞ւն, կամքի բացակայությո՞ւն, թե՞ իմիջիայլոց խոսք, որն արժեք չունի: Ի՞նչ իմաստ ունի նման խոստովանությունը, եթե դրան չեն նախորդել կամ գոնե հաջորդել կոնկրետ գործողություններ: Ակնհայտ է` կադրային քաղաքականության ասպարեզում գործող կառավարությունը հայտնվել է ցայտնոտի մեջ:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս