loader

Քարոզչամեքենայի դատարկ պարկուճները. «Կեղծիքի անատոմիա»

Դժվար է ասել, թե այս օրերին իշխանական ինստիտուտներից և սյուներից հատկապես որ մեկը առավել մեծ հեղինակության անկում ապրեց: Բայց հայկական հեռուստաալիքները միանշանակ առաջին հորիզոնականներում են: Լրատվական-վերլուծական ծրագրերի զրոյի մոտ վարկանիշը վերջնականապես հավասարվեց համացանցում առկա ֆեյք լրատվամիջոցների վարկանիշին: Այսօր արդեն կարելի է արձանագրել. հեռուստաընկերությունների և ֆեյք լրատվամիջոցների մեջ ընդամենը մեկ տարբերություն. վերջիններս գումար են վաստակում լայք հավանելու միջոցով, իսկ օրինակ Հանրային հեռուստատեսությունը դա անում է անուղղակի մեր հարկերի հաշվին: 

Ցույցերի, երթերի, փողոցները փակելու ժամանակ հաճախ կարելի էր լսել մարդկանց կշտամբանքը հեռուստալրագրողների հասցեին: Ինչ իմաստ ունի առավոտից երեկո աշխատել փողոցներում, եթե դրանք ի վերջո չեն ցուցադրվում եթերում, իսկ ցուցադրվելուց այնպես է մոնտաժվում, որ անհասկանալի է մնում, թե ինչու են խելագարված ամբոխները դուրս եկել փողոց:

«Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի անցած թողարկմանը նշել էինք, որ տպավորություն է, թե հեռուստալրագրողները թրեյնինգներ են անցնում 80-ական թվականների «Время» ծրագրի խմբագիրների մոտ: Բայց կարծես թե նրանք էլ երբեմն դասադուլ են արել և չեն սերտել մի շարք կարևոր ուղեցույցներ: Երբ վիճակը բացարձակապես անհուսալի է, երբ ընդհանրապես հնարավոր չէ լղոզել օրվա իշխանության հանցագործությունները, երբ ամեն ինչ առավել քան պարզ է և հստակ, միակ լուծումը «Лебединое озеро» ցուցադրելն է:

Կիրակի օրվա հանրային հեռուստատեսության գլխավոր թողարկումը հարկ չհամարեց ցուցադրել կադրեր Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ հանրահավաքից, մինչդեռ հրապարակում էին նրա տասնյակ տեսախցիկներ: Ամենայն հավանականությամբ տեսախցիկների առատությունը պայմանավորված էր ցանկությամբ ֆիքսել որևէ ալկոհոլ օգտագործածի կամ հասարակական վայրում խուլիգանություն անող որևէ ցուցարարի: Սակայն հանրահավաքին չանդրադառնալը հուշում է, որ խեղճ հեռուստալրագրողները ժամեր շարունակ աշխատել են, սակայն միսիան չեն կարողացել իրականացնել: Բացառված չէ, որ նրանց մի մասը ուղղակի համատեղում էր հանրային լրագրողի և ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության վարչության աշխատակցի աշխատանքները:

Ապրիլի 22-ի Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Էրեբունի: Արցախի պողոտայում ոստիկանությունը իրականացրեց հատուկ օպերացիա՝ Փաշինյանին և մյուս պատգամավորներին առևանգելու նպատակով: Օգտագործվեցին հատուկ միջոցներ, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել խաղաղ ցուցարարներին: Փաշինյանին և մյուս պատգամավորներին առևանգելուց հետո բանդաները ծեծի ենթարկեցին ցուցարարներին և լրագրողներին: Տեղում աշխատող շատ հեռուստաընկերություններ ընդհանրապես չանդրադարձան այդ փաստին և միայն «Շանթը» ստիպված կցկտուր ներկայացրեց իրողությունը, քանզի ծեծվել էր նաև իրենց լրագրողը: Ցանկացած այլ լրատվամիջոց այդ փաստը կդարձներ իր լուրերի թողարկման գլխավոր նորություն, մինչդեռ ըստ Շանթի դա շարքային իրադարձություն էր, որ մեկ րոպեով կարելի էր տեղավորել թողարկման միջնամասում: Եվս մեկ հետաքրքիր դրվագ Շանթի լրատվական քաղաքականությունից: Ապրիլի 22-ի ցերեկը ամբողջ համացանցը ողողված էր Սամվել Ալեքսանյանի և Առաքել Մովսիսյանի քաջագործությունների կադրերով: Բոլորը ներկայացնում և քննադատում էին, թե ինչպես են գործող և նախկին պատգամավորները փողոցներ փակում և բացում, ինչպես էին ծեծում և ահաբեկում մարդկանց: Շանթը 24 ժամից ավել ձայն չհանեց, չանդրադառնալով այդ դեպքերին և միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հիշեց, որ նման բան է տեղի ունեցել: Ցանկացած լրատվամիջոցի սեփականատեր նման պրոֆեսիոնալ անհամապատասխանելիության համար կհեռացներ լուրերի թողարկման խմբագրին. մեզ մոտ մի փոքր այլ իրողոթյուն է: Կհեռացվեր, եթե ցուցադրեր մինչև Սարգսյանի հրաժարականը:

Համոզված ենք, որ պատգամավորների ազատ արձակման մեջ ներդրում ունեցավ նաև Եվրամիության շատ հստակ հայտարարությունը: ԵՄ-ի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ և պահանջեց ազատ արձակել պատգամավորներին: 

Ուշադրություն դարձրեք. Հանրային հեռուստատեսությունը կարդում է ԵՄ-ի հայտարարոթյունը, սակայն մոռանում է մեջբերել նրա բովանդակության ամենակարևոր հատվածը: Օրակարգի նյութում հայտարարությունը հռչակագրային է և լոյալ, բնօրինակում՝ հստակ և անգամ վերջնագրային: Հայկական հեռուստատեսությունը մշտապես աչքի է ընկել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների Հայաստանին վերաբերող հայտարարությունները խմբագրելու, կրճատելու, սեփական քիմքին հաճելի խոսքերը միայն եթեր հեռարձակելու ոչ մասնագիտական պահվածքով: Մինչդեռ ԵՄ-ի՝ պատգամավորներին անհապաղ ազատ արձակելու պահանջը ամենից հաճախ էր հնչում ապրիլի 22-ի երեկոյան Երևանի փողոցներում և մասնավորապես Հանրապետության հրապարակում: 

Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին տեսանյութին իր դիտողականության քանակով չի զիջում Սասուն Միքայելյանի և Լևոն Երանոսյանի փոխադարձ հայհոյելու և պլաստմասե շիշ նետելու տեսանյութը: Այն արդեն դիտել է մոտ մեկ միլիոն մարդ: Հեռուստաընկերություններից ոչ մեկը հարկ չհամարեց անդրադառնալ այդ տեսանյութին, չփորձեց ներկայացնել, թե ինչպես է ներքին գործերի հրամանատարը առաջինը վիրավորում ձերբակալված պատգամավորին: Քարե դարում ապրող հեռուստաալիքների խմբագիրները հուսով են, թե իրենց չցուցադրելու դեպքում հասարակությունը չի իմանա, թե ինչ հրաշալի անձնավորություն է ներքին զորքերի հրամանատարը:

Մինչդեռ հեռուստատեսությունը օրեր շարունակ փորձում է համոզել, որ ոստիկանությունը չտեսնված հանդուրժողականություն է ցուցաբերում ցուցարարների, ձերբակալվածների և բերման ենթարկվածների հանդեպ: Միայն կարելի է կռահել, թե առանց տեսախցիկների ինչի է ընդունակ  բազմաթիվ ապօրինություններով հայտնի դարձաձ Երանոսյանը: 

Այս օրերին ոտքի էր ելել ոչ միայն հայաստանցին, այլ նաև սփյուռքը: Գլենդելից Մարսել, Աթենքից Մոսկվա բոլորը պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը և անթույլատրելի համարում իշխանության կողմից զենքի օգտագործման հնարավորությունը: Հայկական TV-ն, որ սիրում է անդրադառնալ սփյուռքի աննշան իրադարձությանը, բացարձակապես մերժել էր սփյուռքին: Հայկական TV-ում չկար սփյուռք: Չկար Գլենդելի պատմության մեջ ամենամեծաթիվ հանրահավաքը, չկար Մարսելի հյուպատոսարանից Սերժ Սարգսյանի նկարի դուրս հանումը և հրկիզումը: Չկար Սերժ Թանկյանը, որը մի քանի կոչեր հնչեցրեց ի պաշտպանություն ոտքի ելած ժողովրդի: Միայն պեղումների արդյունքում գտնվեց անհայտ սիրիահայ, որ կոչ էր անում դուրս չգալ փողոց  և չպայքարել իրավունքների համար: Փառք աստծո, մառազմը հասավ մինչև իսլամական պետությունով վախեցնելուն: 

Հատուկ հիշատակման է արժանի Կենտրոն հեռուստաընկերությունը: Գագիկ Ծառուկյանը, եթե միայն Կենտրոնով հետևեր իրադարձությունների զարգացմանը, մինչև այսօր չէր միանա համաժողովրդական շարժմանը, քանզի սեփական հեռուստաալիքը հետևողականորեն եթեր էր հրավիրում այնպիսի քաղաքական և հասարակական գործիչների, որոնք կանխատեսում էին՝ ոչ մի բան հնարավոր չէ փոխել: Ամեն երկրորդ նախադասությամբ ամրագրում՝ շարժումը գաղափարազուրկ , ոսւտիև դատապարտված: Ինչևէ, մեր համաքաղաքացիներից հարցրեցինք՝ վստահության նշույլ մնացել է հեռուստաալիքների լրահոսի նկատմամբ: 

Ինչպես տեսանք Հայաստանի քաղաքական ամենակրիտիկական պահին, հեռուստատեսությունը չի ունեցել որևէ դերակատարում: Իսկ դերակատարում չի ունեցել, որովհետև ոչ թե զբաղվել են լուրեր ստեղծելով, փաստեր արձանագրելով և քաղաքական բազմակարծություն ապահովելով, այլ զբաղվել են իրավապահ համակարգի մամուլի բաժիններում հորինված լուրերի պարզ քոփի փեստով: Ինչ պետք է անել, որ վիճակը արագ շտկվի: Առաջին. ցրել ներկայիս ՀՌԱՀ-ի կազմը և ներկայանալ ոլորտում անբասիր հետագիծ ունեցող, նոր մեդիադեմքերով: Երկրորդ, ազատականացնել գովազդի շուկան: Նախկին անփոխարինելիի փեսան չպետք է որոշի, թե հեռուստաընկերություններից որ մեկը որքան գովազդ պետք է ունենա:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս