loader

Մեղավորը ծույլ և անբան ժողովուրդն է. «Կեղծիքի անատոմիա»

Հանրային հեռուստատեսության լրատվական բաժինը և նրա առաջատարը հանդիսացող «360 աստիճան» հաղորդումը շարունակում են զբաղեցնել հեռուստադիտողներին՝ չիրականացնելով իրենց բուն գործառույթը՝ լուրեր ներկայացնելը: Իրենց պարագայում ավելի ճիշտ կլիներ նշել. նորությունների փոխարեն՝ հնություններ, խնդիրների լուսաբանման փոխարեն՝ քարոզչամեքենայի գործառույթներ, Բաղրամյան 26-ի լաբորատորիաներում ծնված մտքերի սպասարկում և առաջխաղացում:

Կիրակի օրվա թողարկումը, կարելի է ասել, բաղկացած էր երկու մասից. ինչ կա չկա Ամերիկաներում, իսկ երկրորդը հայտնի թեզի պրոպագանդան էր՝ նվիրված աշխատողը աշխատում է, իսկ աշխատանք չունեցողները իրենք են մեղավոր՝ ծույլ են:

Երկրի գլխավոր լրատվական ծրագրի պատասխանատուների տրամաբանությամբ հեռուստադիտողներին ավելի հետաքրքիր է, թե ինչ կա Ամերիկայի քաղաքներից մեկի քաղաքապետի տան կտուրում, քան թե վերջին ժամանակներս ամենամարդաշատ հանրահավաքի մասին տեղեկատվությունը: Ըստ նույն տրամաբանության` հայաստանցիներին ավելի շատ հետաքրքրում է թեկուզև հայաշատ Գլենդելում արձակված դատարկ երկու պարկուճը, քան թե քաղաքական օրակարգի թիվ 1 հարցը՝ ով է լինելու վարչապետ: Արդյոք հանրապետականները կտտանքների չենթարկեցի՞ն Սերժ Սարգսյանին՝ ստիպելով ընդունել վարչապետի պաշտոնը: Իսկ սա թերևս այն հարցն է, որ հուզում է ոչ միայն հայաստանցիներին, այլ նաև արտագաղթած շատ հայերի: Ի վերջո, հույսները կտրե՞ն Հայաստանից, թե, այնուամենայնիվ, հետ գալու երազանք փայփայեն: 

Հաղորդման երկրորդ հատվածը նվիրված էր իշխանության ծիրում ծնված՝ «գործազրկություն չկա, ծուլություն կա» թեզի նուրբ պրոպագանդմանը: Փաստորեն, գործազրկության 18 տոկոսը ընդամենը Հայաստանում առկա ծույլերի թիվն է: Ընդհանրապես Ազգային վիճակագրական ծառայությունը ճիշտ կանի գործազրկության տողը հանի իր հաշվետվություններից և նշի, որ երկրում կա 18 տոկոս ծույլ ու պորտաբույծ: Իսկապես, ինչպես կարող է տաքսիների և ՏՏ ոլորտի անսահմանափակ հնարավորություններ ունեցող երկրում ցանկանալ աշխատել, բայց չգտնել աշխատանք: Ուղղակի պետք է զարմանալ, թե ինչու մտքով չի անցել գործ կա-ի քարոզչությանը ներգրավել Ալեքսանդր Սարգսյանին:

Ասել, թե քարոզչամեքենան հաջողություն չի գրանցել ուղեղների լվացման այս ուղղությամբ, սխալ կլինի: Այս թեզի հեղինակին, անշուշտ, նույնպես հասնում է Մովսես Խորենացի: Այսինքն՝ տնտեսության անմխիթար վիճակը, կոռուպցիայի մակարդակը հարկային և մաքսային ոլորտներում, ՏԻՄ մարմինների բյուրոկրատական քաշքշուկը, արտաքին ներդրումների բացակայությունը, աշխատանքային օրենսդրության համատարած ոտնահարումը, նվազագույն սպառողական զամբյուղից քիչ աշխատավարձ առաջարկելը չեն գործազրկության պատճառը, այլ հայ գյուղացու և քաղաքացու բնատուր ծուլությունը:

Տնտեսության ընդամենը երեք ճյուղ գերակա հռչակած իշխանությունը գործազրկությունը բացատրում է ծուլությամբ: 
Առաջին՝ հանքարդյունաբերությունը: Ինչպես գիտեք, Հայաստանի կեսը համարվող Երևանում չկա հանք, և ամենևին ծուլությունը չի պատճառը, որ երևանցին ամեն օր աշխատանքի չի գնում Քաջարան: ՏՏ ոլորտը երիտասարդ մասնագիտություն է և կարելի է փաստել, որ 35 տարեկանից բարձր ազգաբնակչությունը գտնվում է խաղից դուրս այս ուղղությամբ: Տուրիզմ: Ինֆրաստրուկտուրաներ չունեցող ու չկառուցող երկրի միակ կռվանն այս ասպարեզում հյուրանոցներն են և սրճարանները: Իսկ այստեղ բախտ կարող են որոնել միայն աղջիկները՝ այն էլ մինչև 30 տարեկան:

Միայն հայկական հեռուստատեսությունում են հնարավոր գյուղատնտեսության մասին երկարաշունչ ռեպորտաժներ առանց թանկ ջրի, առանց թանկ պարարտանյութի, առանց տեխնիկայի մասին ակնարկների: Միայն հարկատուների հաշվին գործունեություն ծավալող հեռուստատեսությունում է հնարավոր խոսել գյուղի մասին և չասել, որ գյուղացին կարող է տանջանքով բերք աճեցնել, սակայն այն չկարողանա իրացնել մեծածախ շուկաներում, ինչպես դա հաճախ է լինում, դիցուք, Մեյմանդար կոչվող շուկայում:

Իհարկե, հետաքրքիր հնարք է գործազրկությունը սնուցող պատճառների մասին խոսելու փոխարեն ներկայացնել մեկ առանձին հաջողված ֆերմերի պատմություն և դա հակադրել մնացած գյուղացիներին՝ իմիջիայլոց նշելով, որ նրանց վատ ապրելու պատճառը բլոտ խաղալն է:

Տեսանյութում առկա են համաքաղաքացիների տեսակետները թեմայի շուրջ և հարցազրույց «Մայնդ» ՀԿ-ի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի հետ

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս