loader

Ձախողված անփոխարինելին. «Կեղծիքի անատոմիա»

Պատմական շաբաթ ենք վայելում: Քառորդ դարվա ընթացքում առաջին անգամ է, որ Սերժ Սարգսյանը չունի պետական պաշտոն: Ճիշտ է՝ ըստ հանրապետականների նա նրանց մեծ ընտանիքի հայրն է, սակայն դա դեռևս պետական պաշտոն չէ: Հարևան մահմեդական երկրներում կան նմանատիպ ավելի մեծաքանակ կլաններ և դրանց առաջնորդներ: Դեռ չի կայացել ՀՀԿ խորհրդի նիստը, դեռ կլանի առաջնորդը չի առաջադրվել վարչապետի պաշտոնին, բայց քարոզչամեքենան շարունակում է նախորդ տասը տարիների գործելաոճը՝ ձախողումները ներկայացնելով իբրև հաջողություն, իսկ իշխանությունը ամեն գնով պահելու տենչանքը՝ իբրև Հայաստանը անտեր չթողնելու ծնողական մտահոգություն:

Հեռուստաընկերությունները մրցակցության մեջ են, թե իրենց ռեպորտաժների գլխագրերից որ մեկը կլինի ավելի վերամբարձ և ճոռոմ, նյութերի բովանդակությունը որքան քիչ աղերս կունենա իրականության հետ:

Քարոզչամեքենայի գերխնդիրներից է պեղել օտարերկրացու, որը կհամաձայնի մի երկու դրական խոսք արտաբերել Սերժ Սարգսյանի գործունեության մասին: Մեծ ռազմաստրատեգը, համբերատար բանակցողը կամ առաջնորդության տասը տարի: Հայաստանի իրավիճակին անծանոթ հեռուստադիտողը միանգամից չի հասկանա, որ հայրենի հեռուստաընկերություններն ամենևին էլ չեն որոշել լուսավորչական գործունեություն ծավալել և պատմել Մովսեսի, Նապոլեոնի կամ առնվազն Բիսմարկի մասին: Ակնհայտ է՝ հանրային հեռուստատեսությունը կարևորություն չի տալիս Սերժ Սարգսյանի նախկին գործունեությանը և մասնավորապես նրա նախկին հայտարարություններին: Հայաստանի ինչի՞ն է պետք հարձակողական սցենարով զորավարժություններ իրականացնել, եթե իշխանությունն առնվազն տասը տարի է, ինչ հնարավոր բոլոր ամբիոններում մեկ բան է ասում՝ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ազատագրված յոթ տարածքները՝ Արցախում հանրաքվե անցկացնելու դիմաց: Իհարկե, հասկանալի է գայթակղությունը Սերժ Սարգսյանին մեծ նվաճողի, հայկական բոլոր հողերի միավորողի դերում պատկերելը, սակայն մինչ այդ չէր խանգարի յութուբում մաքրություն անելը: Օրինակ, այս նյութերը: 

Իսկ սա հատված է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Մերուժան Ստեփանյանի մոր՝ տիկին Նունեի հարցազրույցից՝ տրված «Հայկական ժամանակին».

«Էդ կռվի պահին իրենք արդեն զենք չեն ունեցել, Հրայրը պատմեց, որ Մերուժը 2 անգամ քար է նետել դեպի իրենց էկող ամբոխի կողմը, մտածել են, որ նռնակ է եղել: Դրանից հետո տղաներին ասել է՝ տղեք, կարող եք նետել նռնակը, որովհետեւ զենքը շատ քիչ է եղել, օգնություն չի եղել ոչ մեկի կողմից: Հրայրի պատմելով՝ Մերուժանս մի քանի անգամ զանգել, օգնություն է խնդրել, տեղեկացրել է, որ զենքերը վերջացել են, որ վիրավորներ կան դիրքում: Բայց, երբ տեւական ժամանակ սպասել ու օգնություն չեն ստացել, հասկացել են, որ մնացել են մենակ: Մերուժանը վրդովված  հեռախոսի լարերը քաշել, պոկել է, ասել է, տղեք մենք մեզնով ինչքան կարողացանք կդիմանանք: Հրայրն ասում էր, եթե բոլորս էլ թողնեինք դիրքը, հեռանայինք, հաստատ Մերուժանը հետ չէր գա»:

Կիրակի երեկոյան, երբ աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները սովորաբար ժամանցային հետաքրքիր թոք շոուներ են հեռարձակում, Հանրայինը որոշեց Սերժ Սարգսյանի մասին ֆիլմ ցուցադրել: Առաջին իսկ դրվագից ակնհայտ էր, որ սա ուղիղ դիվերսիա է պաշտոնը թողնող նախագահի դեմ: Ինչ իմաստ ունի պատմել փամփուշտներ տեղափոխելու համար ռեպրեսիաների ենթարկված տատի մասին, եթե հասարակության հիշողության մեջ դեռևս թարմ է Շուշիի առաձնակի գումարտակի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին՝ փամփուշտների համար դատապարտելու պատմությունը: Ֆիլմում հիմնականում պատմում էին Սերժ Սարգսյանի պատանեկության, կոմսոմոլում աշխատած տարիների և Արցախյան պատերազմում ունեցած աննկարագրելի մեծ ծառայության մասին: Պարզվեց՝ կուսակցական հաջող կարիերայի տարիներին Սարգսյանին հաջողվել է ձեռքի հետ զբաղվել դիսիդենտական գործունեությամբ: Բայց մեխն այս էպիզոդը չէր: Կարմիր թելով անցնում էր հետևյալ միտքը. Սերժ Սարգսյանն էր ինքնապաշտպանական ուժերի գլխավոր կազմակերպիչը, ղեկավարը և ուղղորդողը: Ինչպես վերևում, այստեղ նույնպես չէր խանգարի շաբաթօրյակը: Ֆիլմը դիտելուց տպավորություն է ստեղծվում, որ Արցախի գերագույն խորհրդի նախագահ, երջանկահիշատակ Արթուր Մկրտչյանը և ոչ այնքան երջանկահիշատակ Ռոբերտ Քոչարյանը եղել են գնդակ մատակարարող երեխաների դերում: Ընդհանրապես պատմություն կեղծելը Սերժ Սարգսյանի ամենասիրած հոբբիներից է: Կարծում ենք այստեղ տեղին է հիշեցնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

Բացատրեմ` Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր: Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում...

Իսկ սա Սերժ Սարգսյանի թերևս շատ անկեղծ գնահատականն է Արցախյան գոյամարտում իր ունեցած դիրքի: 

Սակայն ամենաբարդը  ներքին քաղաքականության տասը տարին ամփոփող լրագրողի գործն էր: Դժվար է հեռուստադիտողին համոզել, որ 2008 թվականի մարտի 1-ի համահեղինակը համբերատար բանակցող է, դժվար է համոզել, որ 2015 թվականին Բաղրամյան պողոտայում լրագրողների և քաղաքացիական հասարակության դեմ վայրագություններ կատարող իրավապահ մարմինների պատասխանատուն, համբերատար բանակցող է, դժվար է տոնածառ դնելու հեղինակին համոզել, որ նրան ազատազրկողը իրականում համբերատար բանակցող է: Շատ դժվար է Սարի թաղում մեկ աչքը կորցրած երիտասարդին համոզել, որ դիմացինը համբերատար բանակցող է: 
Ռեպորտաժի երկրորդ հատվածն ավելի շատ զավեշտի ժանրից է: Լրագրողը, ըստ էության, շատ նրբորեն մատնանշում է Սարգսյանի բազում խոստումներից մեկը, որը մնացածների պես մնաց թղթի վրա: ՊՊԾ գնդի գրավումից հետո Սարգսյանը խոստանում է ձևավորել ազգային համերաշխության կառավարություն: Մինչ հուլիսյան ընդվզումը ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդները միաբերան նշում էին, որ չի կարելի այս աստիճան կուսակցականացնել պետական ապարատը, կրթությունը և առողջապահությունը: Հետևությունը ուղղակի ցնցող էր. ոչ միայն Հանրապետական դարձնել Ռուսաստանից բերված վարչապետին, ոչ միայն «թրի տակ» քաշել վերջինիս բերած տնտեսական բլոկի նախարարներին, այլ նաև նրա բիզնես տիրույթում գտնվող կազմակերպության ավելի քան 7000 աշխատակցի: Հնարավոր է՝ երբ Սերժ Սարգսյանը նկատի ունի ազգային համերաշխություն, ապա դա երկրում մնացած ևս 2 մլն հայաստանցուն հանրապետականացնելու տեսլականն է: Իսկ 10 տարիների ընթացքում շուրջ 400 հազար արտագաղթածները ընդամենը բնական ընտրության արդյունք են:

Հայկական համացանցը ողողված է Սերժ Սարգսյանի 2008, 2012, 2013, 2015 և 2017 թվականների ընտրությունների նախընտրական հոլովակներով, որտեղ նա խոստումներ է տալիս կառուցել Հայաստան-Իրան երկաթուղի, նոր ատոմակայան, համահայկական բանկ, նավթամշակման գործարան Մեղրիում, բացել ուղիղ ավիափոխադրում Երևանի և Ստեփանակերտի միջև: Նա խոստանում է ստղծել խորհրդարանական կառավարման մոդել, որտեղ իշխանության տարբեր թևերը կբալանսավորեն և կվերահսկեն միմյանց: Արդյունքում չունենք ոչ նոր ատոմակայան, ոչ նոր բանկ, ոչ երկաթուղի, ոչ գործարան և ոչ էլ ավիափոխադրում: Ունենք կառավարման մոդել, որ էությամբ կվազիխորհրդարանական է: Իսկ հեռուստատեսությունը լուռ է: 

Մեր հեռուստալրագրողները չեն սիրում նայել հետ, նրանց համար ավելի ցանկալի է գրել և նկարել 2040 թվականի 4 միլիոնանոց Հայաստանի մասին, պատմել, թե 2030-ին քանի հարյուր հազար նոր աշխատատեղ է ստեղծելու Սերժ Սարգսյանը, համոզել, որ 2016 թվականի ապրիլը ընդամենը դժբախտ պատահականության արդյունք էր, իսկ դրա մասին բարձրաձայնողները՝ Հայաստանի ոխերիմ թշնամիներ: Ձախողման, բաց թողնված հնարավորությունների, արդարադատությունը զավեշտի վերածելու փոխարեն մեզ հրամցվում է առաջնորդության 10 տարի և նեքին կայունության՝ միայն քարոզչամեքենային հայտնի պատկերը: Վառ երևակայություն է պետք ունենալ, որպեսզի տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը, պետական պարտքը վտանգավոր սահմանագծին ընդհուպ  մոտեցնելը, 100 հազարավոր քաղաքացիներին ընտրական հանցագործությունների մեջ ներքաշելը անվանել ներքին կայունություն: Ներքին կայունությունը օֆշորային սկանդալների մեջ հայտնվածին գործադիրից օրենսդիր փոխադրելու մեջ չէ: Ներքին կայունությունը 2016 թվականին բանակում հայտնաբերված բազում հանցագործությունների հեղինակներին պարտակելը չէ: Ի վերջո, ներքին կայունությունը անընդհատ հաճախորդներ բուծելը չէ: 

Լսենք մեր համաքաղաքացիներին, տեսնենք՝ նրանք ինչպես են գնահատում 770 հազար քվե ունեցող, ուստիև մեծ պատասխանատվություն ստանձնած ՀՀԿ առաջնորդի պաշտոնավարման 10 տարիները:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս