loader

«Կեղծիքի անատոմիա». Հայկական դիվանագիտության խաղաթղթերի տնակը

«Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Արցախի հիմնահարցին:

Իշխանական քարոզչամեքենան բացառություն չի անում նաև այս հարցի համար՝ ներկայացնելով, թե ինչ լուրջ ձեռքբերումներ ունենք վերջին տասը տարիներին այս ուղղությամբ: Մեր պետականության առջև ծառացած այս մարտահրավերը լուսաբանելիս օգտվում են նույն գործիքակազմից, ինչ մյուս խնդիրները ներկայացնելիս: Այն է՝ շրջանցել կորուստների և ձախողումների դրվագները, ասել ճշմարտության միայն կեսը՝ լրջագույն վերլուծություններ չանելով 2008 և 2018 թվականների Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական, ժողովրդագրական և ռազմական պոտենցիալների վերաբերյալ:

Դիտենք հատված բանակցությունների վերջին տասը տարիներին նվիրված Հանրայինի ռեպորտաժից:

Ներկայացվում է այնպես կարծես հետաձգված հանրաքվեի և ազգերի ինքնորոշման դրույթը միայն վերջին տարիներին է ներմուծվել բանակցային գործընթաց: Կարծես թե չի եղել Պրահյան գործընթաց: Իսկ Կազանի հանդիպումը ներկայացվում է իբրև հայկական դիվանագիտության հաղթանակ: Մինչդեռ Կազանը ոչ թե հայկական դիվանագիտության հաղթանակն էր, այլ, եթե ցանկանում եք դա որևէ կերպ ամրագրել իբրև հաղթանակ, ապա ստիպված եք լինելու խոստովանել, որ դա հայկական թղթախաղի հաղթանակն էր: Հայկական կողմը գնաց բլեֆի, և դա դեռ աշխատում է: Հակառակ պարագայում Սերժ Սարգսյանի նշած ցավոտ լուծումը մենք զգալու էինք այսօր, իսկ ադրբեջանցիները՝ աստված գիտի երբ:

Բանակցությունների տասը տարին ամփոփող ռեպորտաժներում հմտորեն շրջանցվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք առաջին անգամ հստակ արձանագրվեց, որ հայկական կողմը թողնում է բոլոր յոթ շրջանները, այդ թվում՝ Լաչինը: Մինչդեռ Լաչինի միջանցքն անգամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չէր սակարկվում:

Իրականությունը շրջանցելու առումով Հանրայինը ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի:

Մնում է փառք տալ Աստծուն, որ ադրբեջանցի պատգամավորն ուշադիր չլսեց Սերժ Սարգսյանի ելույթը, այլապես նախօրոք պատրաստված շպարգալկայի փոխարեն հարց կուղղեր Սերժ Սարգսյանին: Իսկ որքա՞ն մարդ է հեռացել Ձեր իշխանության օրոք Հայաստանից: Կարո՞ղ է Դուք էլ եք հակահայ քաղաքականություն վարում:

Ընդհանրապես պետք է արձանագրել, որ Հայաստանում Արցախի հարցը վերջին երկու տարիներին էական փոփոխությունների է ենթարկվել թե իշխանությունների մատուցման առումով, թե հասարակության ընկալման մասով: Եթե իշխանությունն առաջին պլան է մղել «Ազգ-բանակ» կոնցեպտը, որը երբեմն ստանում է զավեշտալի դրսևորումներ «ազգ-լվացքի մեքենայի» տեսքով, ապա հասարակությունն ավելի հաճախ և խիստ է հարցադրում անում՝ ո՞ւր են Արցախի անվտանգությունը և մասնավորապես բանակին ուղղված պետական և հասարակական միլիարդավոր դոլարների միջոցները: Ինչպե՞ս եք կոռուպցիայի, պետական միջոցների վատնման նման բեռով պատկերացնում Արցախի ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը:

Տեսանյութում առկա է համաքաղաքացիների տեսակետները թեմայի շուրջ և հարցազրույց  քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս