loader

Քարոզչամեքենային ցնծություն պատճառած ռուսական կենաց. «Կեղծիքի անատոմիա»

Ելնելով Հայաստանի իշխանությունների արձագանքից՝ նրանք երջանիկ են. գլխավոր ռազմավարական դաշնակցի նախագահը վերընտրվեց: Իհարկե, այս պահին դժվար է ասել դա լա՞վ է Հայաստանի համար, թե ոչ: Նկատի ունենք Ռուսաստանի ներկայիս վիճակը և հետևաբար տարածաշրջանում անընդհատ մանևրելու անհրաժեշտությունը: Մանևրել ասելով նկատի ունենք պերմանենտ դաշնակիցներ փնտրելու և փոխելու քաղաքականությունը:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ԱՄՆ կատարած և չգիտես ինչու պատմական որակված այցին հաջորդեց ռուսական խորհրդարանական դեսանտի այցը Հայաստան: Պարզվեց ռուս խորհրդարանականները դատարկաձեռն չէին եկել: Նրանք եկել էին մեծ աչքալուսանքով և ավետիսով. Ռուսաստանը այլևս նույն ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին:

Իհարկե, հասկանալի է հայկական հեռուստատեսության ոգևորությունը: Ռուս գործիչն ավետում է, որ կարծես թե լուծված է երկու դաշնակիցների հարաբերությունների ամենախնդրահարույց հարցը: Բայց մի բան է հաջող ընտրված վերնագիրը մեկ ռեպորտաժի համար, մեկ այլ բան իրական քաղաքականությունը: Նախ՝ ո՞վ է Կոսաչովը: Ինչպես արդեն վերևում նշեցինք, նա Ռուսաստանի վերընտրված նախագահը չէ, նա ոչ Շոյգուն է և ոչ էլ Լավրովը: Նա անգամ գլխավոր շտաբի պետը չէ և անգամ «Ռոսվորուժենիայի» ղեկավարը: Հաստատապես նա նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը չէ: Նա պատգամավոր է, հանձնաժողովի նախագահ: Եվ ուշադրություն դարձրեք նա չի փոխանցում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության տեսակետը, նա ընդամենը ասում է, որ ունի նման տեղեկություններ: Իսկ կարո՞ղ են Կոսաչովի տեղեկությունները չլինել ճշգրիտ: Այո, կարող են: Միգուցե նա դա ասում է, որպեսզի մեղմի Հայաստանի հասարակական կարծիքը: Հնարավոր է: Եթե Ռուսաստանը շարունակի նույն ծավալով զենք մատակարարել Ադրբեջանին, ինչ ենք պահանջելու Կոսաչովից: Մարդ է, հնարավոր է որևէ ռուս գեներալից նման բան է լսել: Քարոզչամեքենայի պնդումը, թե Ռուսաստանը այլևս նույն ծավալի զենք չի մատակարարի Ադրբեջանին, ուռճացված է և չունի պաշտոնական հիմնավորում: Ապրիլյան պատերազմից երկու տարի, իսկ շփման գծում լարվածության աննախադեպ աճից 4 տարի հետո նման ցածր մակարդակի պաշտոնյայի շուրթերից հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան կենաց, որ անպայման չէ կյանքի կոչվի: Իսկ կենացի անհրաժեշտությունը թերևս պայմանավորված էր Սերժ Սարգսյանի պաշտոնի առաջիկա փոփոխությամբ: Բայց սա Կոսաչովի միակ վիճարկելի հայտարարությունը չէր:

Այսինքն՝ Արցախի կոնֆլիկտը 2014-2016 թվականներին սառեցված էր: Ինչպե՞ս կարող է սառեցված կոնֆլիկտի արդյունքում միայն այդ տարիներին երկու կողմից հարյուրից ավելի զոհեր լինեն: Սառեցվածը Մերձդնեստրի կոնֆլիկտն է, սառեցվածը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կոնֆլիկտներն են, որտեղ արդեն տասը տարի է, ինչ չեն կրակում: Պետք է նշել, որ արևմտյան ուղեղային կենտրոնները իրենց վերլուծություններում առնվազն 2014 թվականից Արցախի կոնֆլիկտը չեն դիտում սառեցված և մշտապես կանխատեսում են ռազմական գործողությունների վերսկսում: Այստեղ կա ևս մեկ նկատառում. Ամերիկայի հայտնի նախազգուշացումից հետո Ադրբեջանը ինքը կարող է դիվերսիֆիկացնել ռազմամթերքի իր գնումների շուկան և չգնել նույն ծավալի զենք Ռուսաստանից: Իսկ ռուս խորհրդականը փորձում է մեզ հրամցնել այնպես, կարծես իրենք են հրաժարվում զենք մատակարարել մեր հակառակորդին:

Թերևս հայկական հեռուստատեսության վերնագրերից ոգևորված ՀՀԿ փոխնախագահը օրեր անց հարցազրույց տվեց և արտահայտեց հետևյալ միտքը: 

Ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական անբարենպաստ վիճակից, ստիպված է օրումեջ դաշնակիցներ փոխել: Թշնամի որակված Թուրքիան օրերի ընթացքում դարձավ բարեկամ: Եվ ոչ միայն բարեկամ, այլ երկիր, որ կգնի ռուսական նորագույն համակարգերից մեկը՝ C 400-ը: Ռուսաստանի համար դա լավ է: Միլիարդավոր դոլարների գործարք և լուրջ սեպ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ: Հիմա հարց պարոն Աշոտյանին: Հայաստանի համար դրա լավը ո՞րն է: Այդ համակարգը ի զորու է ծածկել Հայաստանի ամբողջ երկինքը, իսկ 102-րդ ռազմաբազայի նշանակությունը էականորեն նվազում է:

Ռուսաստանը երկաթուղի է կառուցում Ադրբեջանի միջոցով դեպի Իրան: Ռուսաստանի համար դա լավ է՝ իր բեռները Ադրբեջանի և Իրանի միջոցով հասցնել Պարսից ծոց և այնուհետև Հնդկական օվկիանոս: Կրկին հարց Աշոտյանին. գտեք Հայաստանի շահը այս գործարքում: Եվ այսպես կարելի է շատ երկար շարունակել:

Դիմենք մեր համաքաղաքացիներին և տեղեկանանք՝ նրանք նույնպե՞ս կարծում են, որ ինչ լավ է Ռուսաստանի համար, շահեկան է նաև Հայաստանի համար:  

Տեսանյութում առկա են համաքաղաքացիների տեսակետները թեմայի շուրջ և հարցազրույց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս