loader

«Կեղծիքի անատոմիա». Ըստ հեռուստաընկերությունների՝ Մարտի 1-ի թիվ մեկ խնդիրը փողն է

Իշխանությունների մարտավարությունը Մարտի 1-ի վերաբերյալ հենվում է հետևյալ երեք կոմպոնենտների վրա՝ նախաքննությունը զավեշտի վերածելը, դասագրքերի կեղծումը և հեռուստատեսային շրջափակումը: «Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է վերջին կոմպոնենտին:

Արդեն 10 տարի է, ինչ հեռուստատեսությունն այս օրերին ունի մեկ գերխնդիր. այնպես ներկայացնել Մարտի 1-ի իրադարձությունները, որ ոչ ոք գլխի չընկնի, թե ովքեր էին այդ ողբերգական դեպքերի շահառուները:

Հանրային հեռուստաընկերությունը, կոալիցիոն երկու դաշնակիցների հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիա»-ն և «Արարատ TV»-ն, Մարտի 1-ի վերաբերյալ խորհրդարանական լսումներին տրամադրեցին 20-30 վայրկյան: Հանրայինի համար դա ավելի անկարևոր թեմա  էր, քան Ավստրալիայի փոխվարչապետի սիրուհու հետ կապված ռեպորտաժը: Որքան է պետք արհամարհել սեփական հեռուստադիտողներին՝ կարծելով, թե հենց այս հերթականությամբ է նրանց հետաքրքրում լուրերի մատուցումը: Այսինքն այս հեռուստաընկերությունները ոչ միայն իրենց առջև խնդիր չեն դնում օբյեկտիվ լրատվություն ներկայացնելու, այլ նաև բացարձակ շահագրգիռ չեն մտահոգվելու իրենց վարկանիշի մասին: Հատկապես այս երեք հեռուստաընկերությունների մոնտաժն արվել էր մեկ տեղում՝ միևնույն շրջաբերականի համատեքստում:

Համեմատության համար նշենք, որ Մարտի 1-ի վերաբերյալ խորհրդարանական լսումների նախորդ օրը տեղի էին ունեցել Սումգայիթի ջարդերին նվիրված խորհրդարանական լսումներ, և այդ նույն հեռուստաընկերությունները պատրաստել էին մի քանի րոպեանոց պրոֆեսիոնալ ռեպորտաժներ: 

Մինչդեռ այդ լսումների ժամանակ հնչեցին ելույթներ, որոնք անգամ սկսնակ լրագրողը կօգտագործեր իր ռեպորտաժներում: Իսկ չօգտագործելու դեպքում ցմահ կորակազրկվեր խմբագրի կողմից: Բայց վերահիշյալ հեռուստաընկերությունների համար տրամաբանությունը թշնամի է, իսկ օբյեկտիվությունը՝ մարտահրավեր:

Այս և մի շարք ելույթներում հնչեցին այն հիմնական հարցադրումները, որոնք հուզում են հասարակությանը: Իսկ հեռուստաընկերությունները չտեսնելու էին տվել դրանք՝ կեղծելով պատկերը, թե իբր միակ խնդիրը Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալն է:

10 տարիների ընթացքում մեկ տասնյակից ավել հեռուստաընկերությունները չպատրաստեցին գեթ մեկ վավերագրական ֆիլմ Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի մասին: Մինչդեռ, օրինակ, միայն այս հայտարարությունը կարող էր դառնալ բազում հետաքննությունների առարկա: Քարոզչամեքենան անում է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը մոռանա Մարտի 1-ի մասին, չմեղադրի և չպահանջի հանցագործության լիակատար բացահայտում: 

Տեսանյութում առկա են համաքաղաքացիների տեսակետները թեմայի շուրջ և հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս