loader

Արմեն Սարգսյանը կաշխատի հարսի խոհեմությամբ. «Կեղծիքի անատոմիա»

Քարոզչամեքենան փոշմանել է. Արմեն Սարգսյանը հիվանդության պատճառով չի լքել վարչապետի պաշտոնը: Ըստ սպասարկող անձնակազմի՝ նոր նախագահը 1997 թվականին այն ժամանակվա իշխանությունների ինչ-ինչ ծրագրերին ասել է ոչ և հեռացել:

Եթե առաջին վարկածի համար գտնվեցին վկաներ, որոնք փաստում էին, որ Արմեն Սարգսյանը իսկապես հիվանդության պատճառով է հեռացել, երկրորդ տարբերակի համար քարոզչամեքենայի արսենալը բավական աղքատիկ է, և ստիպված ենք լինելու հավատալ Գառնիկ Իսագուլյանի խիստ կոնֆեդենցիալ տեղեկատվությանը:

Գառնիկ Իսագուլյանն արջի ծառայություն է մատուցում թե՛ իշխանություններին և թե՛ հատկապես Արմեն Սարգսյանին: Իշխանության ներքին խոհանոցին խիստ քաջատեղյակ Իսագուլյանին հավատալու դեպքում դանակ-պատառաքաղի հայտնի պատմությունը դադարում է դառնալ լոկ բամբասանք, իսկ տարածողները՝ ռաբիս մարգինալներ:

Վերջին շաբաթվա ընթացքում քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց ևս մեկ առասպել: Արմեն Սարգսյանը կարող է դառնալ հակակշիռ գործող մեծամասնությանը և, մասնավորապես, Սերժ Սարգսյանին: Մի կողմ դնենք անգամ այն պահը, թե ինչու է պետք կենդանի հերոսին ընդհանրապես հակակշռել: Հերոս բնորոշումը նորընտիր նախագահինն է:

Հայաստանում վաղուց պոլիշինելի գաղտնիք չէ, որ շատ քաղաքական գործիչներ զսպված և կաշկանդված են հայտնի մարդու պահոցում գտնվող տրցակների պատճառով: Արմեն Սարգսյանի դեպքում անգամ անհրաժեշտություն չկա դրանք մի տեղ պահելու համար: Եթե նա կյանքի 7-րդ տասնամյակում՝ հակառակ իր ապրած ամբողջ կենսագրության տրամաբանությանը, որոշի դուրս գալ խորհրդարանական մեծամասնության դեմ, ապա հաշված րոպեներ հետո կհրապարակվի Մեծ Բրիտանիայի քարտուղարի նամակը, որից ակնհայտ կդառնա, որ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարիներին միայն ՀՀ քաղաքացի չի եղել: Նման իրավիճակում իշխանությունն առանց երկմտելու կզոհաբերի անձնագրերի և վիզաների վարչության պետին, որը փաստորեն ստացել է նամակը Մեծ Բրիտանիայից, բայց չի հասկացել, թե այնտեղ ինչ է գրված: 

Քաղաքական առկա իրավիճակում իշխանություններին իսկապես անհրաժեշտ են հակակշիռներ: Միգուցե դա հասկանում է նաև Սերժ Սարգսյանը: Սակայն նրանք երբեք չեն խաղացել խաղի այդ կանոններով և այժմ էլ պատրաստ չեն նման մարտահրավերի: Ուստի, ինչպես միշտ, իշխանությունը զբաղված է իմիտացիայով և հանրությանը փորձում է հրամցնել ինստիտուտ և անձ, որը իբր կարող է հակակշռել իրենց: Արմեն Սարգսյանին չի թույլատրվելու ավելին, քան, ասենք, ՄԻՊ-ին, իսկ սահմանն անցնելու դեպքում կարժանանա, ասենք, Կարեն Անդրեասյանի ճակատագրին: Սակրավոր Սերժ Սարգսյանը նախօրոք է տեղադրել ականը:

Իսկ ի՞նչ տեսակետի են մեր համաքաղաքացիները: Կարծո՞ւմ են արդյոք, որ Արմեն Սարգսյանը ի զորու է հակակշռել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին:

Տեսանյութում առկա են համաքաղաքացիների տեսակետները թեմայի շուրջ և հարցազրույց ՀԱԿ անդամ, պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս