loader

«Կեղծիքի անատոմիա». Մնում է՝ Հենոյի խաղի արդյունքներն էլ սրբագրեն

Հայաստանը և հայկական հեռուստատեսությունը շարունակում են ապրել զուգահեռ իրականություններում: Լրատվական-վերլուծական հաղորդումները շարունակ զբաղեցնում են, պատմում, վախեցնում, իրենց աշխարհայացքի համապատասխան լուսավորում: Սակայն մի քանի տասնյակ լրատվական ծրագրերի արտադրանքի գերակշիռ մասը որևէ աղերս չունի մեր խնդիրների հետ: Մինչդեռ գնաճի, ահագնացող արտագաղթի, քաղաքական հակառակորդների նկատմամբ անհամաչափ ազատազրկման դատավճիռների հետ մեկտեղ ավելացել է ևս մեկ խնդիր:

Սուպերվարչապետի ինստիտուտի ստեղծում, որը ներկայիս կվազի խորհրդարանական համակարգում դառնալու է իսկական պատուհաս Հայաստանի համար: Այս խնդիրները լուսաբանելու փոխարեն մատուցվում է լրատվություն, որը զրոհարյուրորդական կապ չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի առօրյան այնպես հանգամանալից է ներկայացվում, կարծես թե նա էլ է հավակնում Հայաստանի ղեկավարի պաշտոնին: Հայկական հեռուստատեսությունը չի գիտակցում, որ Կիմ Չեն Ընի հրթիռները շարքային հայաստանցուն այնքան էլ չեն ահաբեկում, որքան խանութների նոր գնապիտակները կամ փոստատարի «սև թղթերը»՝ հերթական ջնջված գիծը տրորելու մասին «աչքալուսանքը»: Օլիմպիադայում ռուս-արևմտյան հակամարտությունը այնպիսի մանրամասներով է ներկայացվում, կարծես Ռոդչենկովը, Մակլարենը և Մուտկոն նույնքան վնաս են հասցրել Հայաստանին, որքան ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և յուր ընդդիմությունը խորհրդարանում: Երրորդ երկրի վերաբերող դոպինգային սկանդալին բազում ռեպորտաժներ են նվիրվում, մինչդեռ անգամ հպանցիկ չի ասվում, որ Փհենչան մեկնած հայ դահուկորդը չունի դահուկ:

Անցած շաբաթ հայաստանյան հեռուստատեսությունը ևս մեկ անգամ նվեր ստացավ՝ եթերը լցնելու առումով: Ադրբեջանի սուլթանը որոշել է գնալ արտահերթ ընտրությունների: Եվ սկսվեց ժողովրդավար երկրի ազատ հեռուստաընկերությունների քննադատությունների տեղատարափը, թե ինչ ոչ ժողովրդավար երկիր է Ադրբեջանը, որտեղ իշխում է երկու կլան՝ Ալիևները և Փաշաևաները: Կարծես մեզ մոտ կլանները ավելի թույլ են: Կարծես «Յենի Ազերբայջան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների համագումարների մեջ վիզուալ տարբերություն կար: Ի վերջո, ինչ տարբերություն Ալիևի հերթական նախագահության և Սերժ Սարգսյանի միայն պաշտոնի անվան փոփոխման մեջ:

Ընդհանրապես հայկական TV-ն ծայրից ծայր նայելու դեպքում կարելի է ժամանակ առ ժամանակ տեսնել այս կամ այն պաշտոնյայի գործունեության թեթև քննադատություն, սակայն երբեք չեք տեսնի Սերժ Սարգսյանի գործունեությանը ուղղված քննադատություն: Նա միշտ ճիշտ է, խոհեմ, հեռուն մտածող: Նրա գործունեությունը այնպես է ներկայացվում, որ մենք պետք է երջանիկ լինենք նրա ժամանակակիցը լինելու համար: Պակաս զավեշտալի չեն նաև հայկական հեռուստաընկերությունների երկակի ստանդարտները: Օրինակ, Սաակաշվիլիի ուկրաինական հերթական արկածը մանրամասն լուսաբանվում է, բայց ահա Հայաստանում նրա գրքի շնորհանդեսի ոդիսականը մոռացության է մատնվում: Մինչդեռ դա օրեր շարունակ ֆեյսբուքի թոփ թեման էր:

Հայրենի հեռուստատեսությունն ունի ձեռագրի ևս մեկ ինքնատիպ յուրահատկություն: Իշխանությունների հերթական ոչ պոպուլյար քայլից առաջ սկսվում է գրոհ՝ առաջիկա փոփոխությունները հիմնավորելու նպատակով: Եթե պետք է ներդրվեն նոր դրակոնյան քայլեր, դիցուք՝ վարորդների նկատմամբ, ապա սկսվում է լայնամասշտաբ քարոզչությունն այն արդարացնելու համար: Փետրվարի 8-ից մեկ շաբաթ առաջ այն հեռուստաընկերությունները, որոնք առանձնապես աչքի չէին ընկնում ավտովթարների մասին ռեպորտաժներով, նույնպես լծվեցին աշխատանքի: Իսկ անցած շաբաթ արդեն մեկ տասնյակից ավել հեռուստաընկերություններն իրենց պարտքը համարեցին եթեր հրավիրել ՃՈ պետի տեղակալին, որը բոլոր տեղերում նույն անգիր արած հիմնավորումն էր բերում, թե ինչու են գործածության մեջ դրել շարժական արագաչափերը: Ոչ մի հակադիր կարծիք, ոչ մի խոսք, որ ավտովթարների պատճառ ոչ պակաս թվով դառնում են լուսավորության պակասը և ճանապարհների քարուքանդ լինելու հանգամանքը:

Ընդհանրապես հայկական TV-ն այնպիսի իրականություն է մատուցում, որտեղ առանձին վերցված քաղաքացին իր դժվարությունների, իր սոցիալական վիճակի համար պետք է մեղադրի միմիայն իրեն: Իրեն թվա, որ միայն ինքն է այդպիսի վիճակում, իսկ մնացածը հաջողակ են և երջանիկ: Գործարարները գործում են լավագույն հարկային և մաքսային դաշտում, ուսանողները սովորում են լավագույն բուհերում, դատարաններում պարտվում և դատապարտվում են միայն անարդարները և հանցագործները և այդպես շարունակ: 

Տեսանյութում առկա է հարցախույզ և հարցազրույց  պրոֆեսոր Սամվել Խուդոյանի հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս