loader
Քոչարյանի գերխնդիրը՝ ինքը մենակ չէ. «Կեղծիքի անատոմիա»

Քոչարյանի գերխնդիրը՝ ինքը մենակ չէ. «Կեղծիքի անատոմիա»

Այս օրերին ամենից հաճախ հնչող հարցն է՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած գործընթացներից հետո: Բան չի փոխվել: Ասում են նախկին իշխանությունների կողմնակիցները: Ո՞նց բան չի փոխվել՝ հակադարձում են նոր իշխանությունների կողմնակիցները: Եվ թվարկում փոփոխությունները, որոնց մի մասն իսկապես կարևոր փոփոխություններ են, իսկ մյուս մասն՝ առնվազն զավեշտալի: Օրինակ՝ դուխով Հայաստան ֆեյսբուքյան էջի փակումը: Լենա Նազարյանը դա ներկայացրեց իբրև իրենց ձեռքբերում: Հետո պարզվեց, որ դա իրենք չեն արել, այլ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, բացի դրանից այն դեռ չի փակվել և կա համացանցում:

Բայց կա մի ոլորտ, որտեղ փոփոխությունները ահռելի են, իսկ արդյունքը ավելի շատ բացասական, քան, գոնե, մոտ զրոյի: Դա հեռուստատետությունն է և նրա լրատվական ծրագրերը: Գործող իշխանությունը որպես ձեռքբերում կարող է ներկայացնել Հ1-ի ազատությունը: Այն իսկապես դադարել է լինել օրվա իշխանության պրոպագանդիստական մեքենան: Բայց դրա փոխարեն մյուս հեռուստաընկերությունները, որոնք նախկինում ավելի ազատ էին և ներկայացնում էին հավասարակշռված լրատվություն, այսօր դարձել են հանրության նյարդային համակարգի թիվ 1 թշնամին:

Այս համատեքստում գործող իշխանությունը ունի պատասխանատվություն և անելիք, երբ եթերից օր ու գիշեր ազդում են ազգաբնակչության նյարդային համակարգի վրա: Եվ քանի որ խոսքը գնում է ահաբեկչության մասին լրիվ օրինաչափ է, որ այստեղ առաջատար են քոչարյանական լրատվամիջոցները: Այս օրերին Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան (5-րդ ալիք և Հ2, Yerevan.today, Blognews.am, Հայելի և այլն) հիշեցնում են ОРТ-ն: Ռուսական հեռուստաընկերությունը տարիներ առաջ, Ամանորին չցանկանալով լուրջ գումարներ ծախսել ու կրեատիվ մոտեցումներ ցուցաբերել, ընդամենը նորովի էր ներկայացնում հին սիրված երգերը:

Հիմա նույնը անում են վերոհիշյալ լրատվամիջոցները: Շրջանառության մեջ է դրվել Քոչարյանի հին սիրված երգը: Թե, իբր, ինքը այս երկրի միակ բարձրագույն իշխանություն ունեցած հանցագործը չէ: Եթե ինքը հանցագործ է, ապա հանցագործ են նաև մնացած 3 ղեկավարները: Սա հայտնի գործելաձև է: Բոլորը հանցագործ են, ի՞նչ իմաստ ունի հետաքննելու առանձին մեկի հանցագործությունները:

Քոչարյանական պրոպագանդան հասկացել է, որ պատրոնին փրկել հնարավոր չէ: Ուստի՝ միակ աշխատող տարբերակը մնացածի և Քոչարյանի միջև հավասարության նշան դնելն է: Քոչարյանական պրոպագանդայի այս երգը ունի առնվազն 20 տարվա պատմություն:  Մարտի 1-ի գործով մեղադրյալը 1998 թվականին իշխանությունը զավթելուց և հատկապես 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո հասկացավ, որ ինքը չի ընդունվելու հայաստանցիների կողմից: Այդ ժամանակվանից սկսվեց քարոզչական մի ահռելի աշխատանք, որ չի դադարում առ այսօր: Այն է՝ Քոչարյանի օրոք կատարված հանցագործությունները ոչինչ են համեմատած նախորդի հետ:

Կեղծիքը, սուտը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիան 10 տարի իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Տեր-Պետրոսյանը և նրա թիմը, ըստ արժանվույնս, չէին հակադարձում կեղծիքին: Եվ միայն 2007 թվականին Տեր-Պետրոսյանը հարկ համարեց հատիկ առ հատիկ ոչնչացնել մեկ տասնամյակից ավել տարածվող կեղծիքները: Տարիներ շարունակ այս կեղծիքի սպասարկմանը և տիրաժավորմանը լծված են եղել Հայաստանի շատ առաջատար հեռուստալրագրողներ:

Կեղծարարների այս կոհորտայում իր անվիճելի դերակատարումն ունի Հարություն Հարությույանը: Մարդ, ով երկար տարիներ զբաղեցրել է Հ1-ի լրատվականի ղեկավարի պաշտոնը: Մարդ, որ զբաղեցրել է այդ պաշտոնը 2003 և 2008 թվականների նախագահական խայտառակ ընտրությունների ընտրարշավների ժամանակ: Ընդամենը հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները, որպես այդ ընտրությունների առաջին խայտառակ փաստ, նշում էին պետական հեռուստաընկերության լրատվական տեռորը ընդդիմության հանդեպ: Այդ ժամանակ Հարությունյանը ուներ նվիրյալների խումբ, որ իր հետ քաշում էին այդ ծանր լուծը:

Այժմ Հարությունյանը մեծացնում, վարժում և եթեր է ուղարկում նվիրյալների երկրորդ սերնդին: Նրանք կնքվեցին Հ1-ում և այժմ իրենց ծառայություններն են իրականացնում Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքում: Տեսեք, թե ինչպե՞ս է բոլորի հանցագործ կամ առնվազն լուրջ մեղավոր լինելու թեզը գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում Հարությունյանի այժմյան սաներից մեկը:

Նախ՝ մի տեխնիկական խնդրի մասին: Քոչարյանը մեկուսարանում է, մնացածը՝ դրսում: Ամառանոցներում կամ փեսայի տանը: Որտե՞ղ պետք է կայանա այդ հանդիպումը: Դրսո՞ւմ՝ ամառանոցում, թե՞ կալանավայրում՝ Քոչարյանի մոտ: Եթե ներսում, Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը և Փաշինյանը նույնպես պետք է ստանան մեղադրյալի կարգավիճակ: Իսկ եթե դրսում, ապա Քոչարյանի վրայից պետք է հանվի մեղադրանքը: Տեխնիկականից առավել կարևոր է բովանդակային բաղադրիչը: Կա կոնկրետ հանցագործություն՝ Մարտի 1-ին սպանվել են ՀՀ 10 քաղաքացի և վիրավորվել հարյուրները: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ունենալով անսահմանափակ իշխանություն, չեն կարողացել պատասխանատվության կանչել Տեր-Պետրոսյանին, իսկ Փաշինյանը մեղադրվել և դատապարտվել է զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածով: Հիմա երևան են եկել նոր հանգամանքներ, և Քոչարյանը ստացել է մեղադրյալի կարգավիճակ: Սարգսյանի՝ նմանատիպ կարգավիճակ ստանալը, ամենայն հավանականությամբ, ժամանակի հարց է:

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս