loader
Քոչարյանի ռուսական կայֆերը. «Կեղծիքի անատոմիա»

Քոչարյանի ռուսական կայֆերը. «Կեղծիքի անատոմիա»

Երկու օրից Հայաստանի նորագույն պատամության ամենաողբերգական էջերից մեկի՝ մարտի 1-ի տարելիցն է: 11 տարվա վերք, որ այդպես էլ չի դառնում սպի: Բայց այժմ հույս կա: Իսկ հույսը առաջացել է, քանի որ փոխվել են վերքը բուժող բժիշկները: Չի կարելի ասել, որ նախորդ բժիշկները կոմպետենտ չէին: Խնդիրը այլ տեղ էր: Չէին կարող ճիշտ դիագնոզ դնել և բուժել վերքը, քանի որ հենց իրենք էին առաջացրել վերքը: Դեպքը բացառիկ էր նաև նրանով, որ հնարավոր չէր փոխել բժիշկներին և դիմել ուրիշ կլինիկա: Բայց քանի որ դա այդ բժիշկների միակ հանցագործությունը չէր, բարձրացավ բունտ, և այժմ նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ: Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, կստանան նաև ամբաստանյալի կարգավիճակ:

Սակայն մինչ այդ ո՛չ 76 հատորանոց մեղադրանքը, ո՛չ ժողովրդի մեծամասնության համոզվածությունը, ո՛չ էլ հանցակիցների մի մասի փախուստը չեն ստիպում Քոչարյանին և կոմպանիոներներին հանձնվել:

Տարիներով կուտակված միլիարդները հիմա ծառայում են պաշտպանությանը: Խոսքը փաստաբանական պաշտպանվածության մասին չէ, այլ՝ մեդիապաշտպանվածության:

Թեպետ, Քոչարյանի պարագայում ճիշտ է օգտագործել մեդիատեռոր և մեդիաշանտաժ եզրույթները: Նրա տիրապետության տակ գտնվող մի քանի հեռուստաընկերությունները և տասնյակ օնլայն լրատվականները փորձում են Քոչարյանին սպիտակացնել, իսկ գործող իշխանությանը՝ սևացնել, բայց Քոչարյանը չի բավարարվում միայն տեղական լրատվամիջոցներով: Նրա ահռելի հարստությունը նրան թույլ է տալիս իր պաշտպանության «համերգին» հրավիրել նաև ռուսական աստղերի:

Օրերս նման ելույթով աչքի ընկավ ռուսական քարոզչամեքենայի ամենատենդեցիոզ հեռուստաընկերություններից մեկը՝ РЕН TV-ին: Դիտենք հատված այդ ռեպորտաժից:

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում բազմիցս է ապացուցվել, որ այդ հեռուստաընկերությունը առաջատար է դեզինֆորմացիայի և մանիպուլյացիայի քանակով: Հաճախ է գրվել, որ նրանք երբևէ չեն խորշում ցանկացած գնով գումար վաստակելուց: Բայց սա միակ գործոնը չէ, որ կապում է պատվիրատուին և կապալառուին: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո, չցանկանալով դառնալ երիտասարդ թոշակառու, աշխատանքի անցավ ռուսական «Սիստեմա» ընկերությունում: Աշխատանքի անցնելը մի փոքր հարաբերական է՝ գնեց այդ ընկերության բաժնետոմսերի մի մասը և կարգվեց որպես ազատ տնօրեն: Եվ ահա հրաշք՝ պարզվում է՝ РЕН TV-ին հանդիսանում է այդ ընկերության ակտիվներից մեկը: Այսինքն՝ Քոչարյանի մասին լալահառաչ ռեպորտաժը ցուցադրող հեռուստաընկերությունը հանդիսանում է նրա բիզնես ակտիվի բաղադրիչներից մեկը: Հայերեն ասած՝ նույնն է, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերությունով ցուցադրում են Ծառուկյանին: Այս հանգամանքով է պայմանավորված Արարատ լեռան և ջրի շշերի մասին լիրիկական շեղումները: Այս հանգամանքով է պայմանավորված, որ պատրաստվել է միակողմանի և տենդեցիոզ նյութ, որտեղ չկա երկրորդ կողմի տեսակետը:

Երեք բանախոս՝ որդին, գրասենյակի ղեկավարը և մարդ, ով վաղուց է կորցրել փորձագետի կարգավիճակը և դարձել Քոչարյանի մեդիապաշտպանը:

Կեղծիք է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նրանից հետո, երբ նա ասել է, որ վերադառնում է քաղաքականություն: Հուլիսին ռուս լրագրողի հոգևոր եղբայր Գեղամ Մանուկյանին տված հարցազրույցում Քոչարյանը ասում է, որ նա ցանկություն չուներ վերադառնալու քաղաքականություն, վայելում էր կյանքը, բայց քրեական գործի հարուցումը նրան ստիպում է վերադառնալ մեծ քաղաքականություն:

Ամենամեծ ընդդիմախոս լինելու պնդման վերաբերյալ: Աշնանը Քոչարյանը ազատության մեջ էր, և եթե համոզված էր, որ ունի, գոնե, 5 տոկոս վարկանիշ, ի՞նչը խանգարեց մասնակցելու ընտրություններին և, գոնե, որոշ ժամանակով հանգրվանելու Ազգային ժողովում: Նրա համեմատ անգամ Սերժ Սարգսյանը ունի ավելի մեծ վարկանիշ, բայց տեսանք՝ որքան է այն կազմում: Քոչարյանի վարկանիշը մի փոքր ավելին է, քան նրա հավատարիմ Նուռինը: Սողոմոնյանը պնդում է, որ Քոչարյանը ունի վարկանիշ, քանի որ նրա օրոք 5 անգամ աճել է ՀՆԱ-ն: Բոլոր լուրջ տնտեսագետները արդեն վաղուց են ապացուցել, որ դա մանիպուլյացիա է: Իսկ թվանկարչությունը հաջողվել է, քանի որ տեղի է ունեցել դոլար-դրամ մանիպուլյացիան: Այսինքն՝ այդ 5 անգամ աճի մեջ ներառված չէ դրամի արժեզրկումը: Քոչարյանի ղեկավարման տասնամյակում տնտեսական աճ է գրանցվել ամբողջ աշխարհում: Բայց Հայաստանի պարագայում դա չի եղել որակական աճ: Ռուսաստանից կեղտոտ փողերի ներգրավումը և շինարարական փուչիկի փչումը չափազանց թանկ նստեց Հայաստանի տնտեսության համար: Եվ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին արձագանքները հենց դրա համար էին շատ ցավալի մեզ համար, քանի որ տնտեսական աճը ընդամենը փուչիկ էր: Այն ամրագրված չէր արդյունաբերության և գյուղատնտեսության իրական աճով:

Հիշեցնենք նաև, որ РЕН TV-ի խմբագիր և պրոդյուսեր է հանդիսանում տխրահռչակ Ռոման Բաբայանը: Նա վերջերս մի վավերագրական ֆիլմ էր նկարել Մարտի 1-ի վերաբերյալ: Եթե հակիրճ այն վերնագրենք, կունենանք «Рафик не в чем не виноват»:

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս