loader

Կորել է Ալեքսան Հարությունյանի հեռախոսը. «Կեղծիքի անատոմիա»

Երեկ շուրջ մեկ ամիս տևած հեղափոխությունը թևակոխեց նոր փուլ: Ինչ խոսք, առաջնահերթը նախկին ռեժիմի հեռացումն էր և նոր կառավարության ձևավորման պահանջը: Սակայն հասարակությունը չի ցանկանում միայն դրանով բավարարվել: Օրակարգում է հասարակական - քաղաքական, տնտեսական կյանքի տոտալ վերափոխման հրամայականը: Բյուջեից սնվող Հանրայինը պետք է լինի ոչ թե  օրվա իշխանության խոսափողը, այլ իրավիճակն անաչառ ներկայացնելու, երկրում առկա խնդիրները վերհանելու և քաղաքական բազմակարծություն ապահովելու առաջամարտիկը:

Եթե ՀՀԿ-ն երբևէ փորձի վերլուծել իր ձախողման պատճառները, ապա այնտեղ հաստատ տեղ կգտնի նաև ԶԼՄ-ի հետ տապալված աշխատանքի բաժինը: Ռեժիմին թվում էր, որ 21-րդ դարում հեռուստաալիքները կողպեքի տակ պահելը դեռևս արդյունավետ միջոց է: Ռեժիմը չէր գիտակցում, որ ինչ կարելի է Զևսին, պարտադիր չի, որ կարելի լինի Ցուլին: Ամեն ինչում Մոսկվային նմանակող իշխանությունը չէր հասկանում, որ կեղծելու, մանիպուլացնելու համար անհրաժեշտ է գոնե մինիմալ լեգիտիմություն, գոնե մինիմալ վստահության պաշար հանրության շրջանում: Այո, ռուսական ալիքները դա իրենց կարող են թույլ տալ՝ հաշվի առնելով իշխանության ղեկավարի բարձր վարկանիշը, սակայն հայկական քարոզչամեքենայի գաղափարախոսները չէին ցանկանում հաշվի նստել այդ փաստի հետ: Չէին հասկանում, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցությունների մասին երկարաշունչ ռեպորտաժները ընդամենը նյարդայնացնում կամ քմծիծաղ էին առաջացնում հեռուստադիտողների մեջ: Չէին ցանկանում գիտակցել, որ գործն ու խոսքը գոնե մի փոքր պետք է իրար բռնեն: Պատկերացում չունեին, որ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե կոռուպցիոներներին և գողերին պետք է վերևից բռնել, հասարակությունը սպասում էր, որ հաջորդ ռեպորտաժի ժամանակ կլսի Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալման մասին, սակայն երբ դրան հաջորդում էր որևէ նախարարության տեսուչի ձերբակալումը, լուռ ընդվզումը միայն նոր լիցքեր էր ստանում: Չէին հասկանում, որ իշխանության ամեն անկապ սուտը գրպանային վերլուծաբաններով տիրաժավորելը ընդամենը փչացնում է այդ մարդկանց և որևէ դեր չի խաղում հասարակական տրամադրությունների ձևավորման մեջ: Սաբոտաժի էր նման, երբ ամեն անգամ Ադիբեկյանին հրավիրելով եթեր, ընդամենը վարկաբեկում էին տվյալ հեռուստաալիքը և հաղորդաշարը:

Անալիզ անելու և հետևությունների հանգելու անկարողությունն էր, որ 9 տարի շարունակ ընդդիմության լիդերը չուներ մուտք եթեր: Եվ դա հանգեցնում էր նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր հոդված և հարցազրույց դառնում էր քաղաքական օրակարգի լոկոմոտիվը: Ընդհանրապես Բաղրամյան 26-ում եթեր չհրավիրելու սև ցուցակները դարձել էին լյուստրացիայի որոշակի միջոց: Բոլորը գիտեին, որ կան նման ցուցակներ և հաճախ հրավիրվածները ակամայից դառնում էին իշխանության համակիրը և գործընկերը: Արդեն քանի օր է, ինչ եթերում կարելի է տեսնել մարդկանց, որոնք երբևէ չէին երևում կապույտ էկրաններին:

Ի՞նչն է փոխվել: Հեռուստալրագրողները և խմբագիրները սկսե՞լ են հետևել համացանցին, հասկանա՞լ, որ մելիք-շահնազարյաններից և իսկանդարյաններից բացի կան նաև այլ քաղաքագետներ, որոնց մոտեցումները և վերլուծությունները ավելի ընկալելի են և ոչ տենդենցիոզ: Թեպետ կարող է պատճառը ավելի հասարակ լինել. հեղափոխական թոհուբոհի մեջ Ալեքսան Հարությունյանը մոռացել է վճարել հեռախոսի ամսական վարձը և չի կարողանում զանգահարել հեռուստաալիքների պատասխանատուներին՝ ճշտելու ցուցակները, թե ում կարելի է կանչել եթեր, ում՝ ոչ: Այդ չարաբաստիկ հեռախոսը պետք է առգրավվի և իր արժանի տեղը գտնի հեղափոխության թանգարանում: Այդ հեռախոսը պակաս ավերիչ ազդեցություն չի ունեցել, քան ոստիկանական վահանները և նռնակները, քան դատարանների ապօրինի դատավճիռները և քաղաքական հակառակորդներին գաղտնալսելու պրակտիկան:

Շատ հետաքրքիր բան է հեղափոխությունը: Պարզվում է հաշված օրերի ընթացքում կարելի է հասնել մի արդյունքի, որին ձգտում էինք տասնամյակներ շարունակ: Առնվազն 20 տարի թե՛ Հանրայինը, թե՛ մասնավոր հեռուստաալիքները ենթարկվում էին հասարակության անխնա քննադատությանը: Իսկ մեզ հակադարձում էին՝ ժամանակ է պետք, կան փոփոխություններ, ուղղակի մենք չենք ցանկանում դա տեսնել: 2008 թվականից հետո հարյուր հազարավոր հեռուստադիտողներ ընդհանրապես դադարեցին հետևել հայկական հեռուստատեսությանը՝ ընդամենը նպատակ ունենալով իրենց չզգալ հիմարացված: Փոխվում էին հեռուստաալիքների ղեկավարները և սեփականատերերը, սակայն ոչինչ չէր փոխվում: Կուսակցությունները դառնում էին իշխանության մաս և վերադառնում էին ընդդիմություն, սակայն կուսակցական պատկանելիություն ունեցող հեռուստաալիքների եթերում նույն քաղաքականությունն էր, որ որևէ աղերս չուներ իրականության հետ: Մեկ տասնյակից ավելի հեռուստաալիքները գրեթե չունեն քաղաքական թեմաներով լայվ թոք-շոուներ: Քաղաքական սրացումների ժամանակ միևնույն իշխանամետ գործիչը ստիպված էր եթերից եթեր շտապել, որպեսզի կրկնի և հիմնավորի իշխանության տեսակետը: Իսկ ընդդիմադիր գործիչները հնարավորություն չէին ունենում հակադարձելու և ստիպված էին դա անել հրապարակներում և փոքրաթիվ տպաքանակ ունեցող թերթերի էջերում: Իսկ եթե ամեն դեպքում իրենց մեջ խիզախություն էին գտնում եթեր իրապես ընդդիմադիր գործիչ հրավիրելու, հանգիստ և իշխանամետ գործիչների նկատմամբ միշտ հարգալից հեռուստամեկնաբանները դառնում էին ջղաձիգ, անհավասարակշիռ և անտրամաբանական հարցերով փորձում էին հարցակոխ անել ընդդիմախոսին:

Դիմեցինք մեր համաքաղաքացիներին՝ հասկանալու, թե արձանագրե՞լ են արդյոք այն փոքրիկ փոփոխությունները, որ կան հեռուստաեթերում վերջին մի քանի օրերում:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս