loader

Մեղավորից մինչև բացահայտման ջատագով. «Կեղծիքի անատոմիա»

Բոլորիս ուշադրության կենտրոնում Հ1-ն է: Նրա աշխատանքից դժգոհ է իշխանությունը, նորահռչակ ընդդիմությունը և հասարակությունը: Այնտեղ բարեփոխումները դարձել են խիստ հրամայական: Մինչդեռ չպետք է անտեսել մյուս հեռուստաալիքների դերը հասարակական կարծիքի ձևավորման մեջ: Կուսակցական պատկանելիություն ունեցող հեռուստաալիքների քաղաքականությունում քիչ բան է փոխվել: Չկա Սերժ Սարգսյանի գովքը, կա մի թեթև քննադատություն նոր գործադիր իշխանության հասցեին, բայց դրանք չեն կարող կոչվել ազատ լրատվամիջոցներ: Ինչպես արդեն նշել էինք, դրանք ոչ թե շահույթ հետապնդող կազմակերպություններ են, այլ սեփականատերերի քաղաքական շահերը հետապնդող և պաշտպանող միջոցներ: Եվ այդ իրողությունը առավել ցցուն է դառնում ներկա փուլում:

Անկախ այն հանգամանքից, թե երբ կկայանան արտահերթ ընտրությունները՝ 6 ամսից, 1 տարուց, թե 2 տարուց, Հայաստանը գտնվում է նախընտրական մթնոլորտում: Կառավարությունը ժամանակավոր է, բայց հավակնում է կապիտալիզացիայի ենթարկել իր ժողովրդական վստահությունը: Մնացած ուժերը ցանկանում են նորմալ ընտրություններում բարելավել իրենց արդյունքները համեմատած նախորդ կեղծված ընտրությունների հետ: Միայն ՀՀԿ-ն, հասկանալով, որ առանձնապես լուրջ չի կարողանալու խանգարել արտահերթ ընտրությունների անցկացմանը, այնուամենայնիվ, ցանկանում է, որ դրանք հնարավորինս ուշ կայանան: Որպեսզի մի կոմից մի փոքր թուլանա ատելությունը հանրապետականի նկատմամբ, մյուս կողմից նոր կառավարության սխալները լինեն ակնառու և դրանք հնարավոր լինի օգտագործել: Առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ վերանալու է ընտրակաշառքի արատավոր պրակտիկան,և քաղաքական ուժերը ստիպված են լինելու առերեսվելու իրենց անցած հետագծին և փորձելու են գեղեցիկ ծրագրերի և հռետորաբանության միջոցով շահել քաղաքացիների քվեները: Եվ այս պայմաններում առաջին պլան է գալիս պոպուլիզմի հմուտ և նպատակային օգտագործումը: Կարելի է ասել, որ պոպուլիզը դարձել է հայրենի քաղաքական գործընթացների աստվածը:

Նույնը վերաբերում է անցած հետագծին: Քանի որ նրանցից շատերի անցած ճանապարհը լի է ամոթալի դրվագներով, քաղաքական ուժերը և գործիչները լծված են դրանք մեղմելու, լղոզելու, արդարանալու և սեփական մեղքերը և սխալները ուրիշի վրա գցելու ինքնամոռաց աշխատանքով: Այս ենթատեքստում պակաս զավեշտալի չեն որոշ ուժերի անհավանական ջանքերը այնպես ներկայացնել, թե իբր լուրջ մասնակցություն են ունեցել համաժողովրդական շարժման ձևավորման և ծավալման գործում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հաշված րոպեներ առաջ հայտարարություններ արած ուժերը տարբեր խողովակներով համոզում են, որ իրենք մշտապես եղել են ժողովրդի կողքին և ընդհատակից անդառնալի հարվածներ հասցրել նախկին ռեժիմին: 

Եվ, իհարկե, լրիվ օրինաչափ է, որ ստեղծված իրավիճակում առաջինը պետք է բեմ դուրս գար Հայաստանում պոպուլիզմը իբրև քաղաքական հնարք ամենից շատ կիրառած Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժը: Այս պահին մենք դժվարանում ենք կոնկրետ նշել քաղաքական ուժի անունը, քանի որ հայտնի չէ նրա ճշգրիտ անվանումը՝ «Օրինաց երկիր» թե «Հայկական վերածնունդ»: Վերջին մեկ տարում այդ անունը մի քանի անգամ փոփոխվեց:

Դիտենք, թե ինչ է ասում նոր իրողություններում հայտնված Արթուր Բաղդասարյանը: Իհարկե, կարելի է լուռ ժպտալ և մահանալ, բայց անհրաժեշտ է փաստել, որ տարիներ շարունակ նրա կողմից սուտ խոստումներ տալու և պատմությունը  կեղծելու սովորությունն է նաև հանգեցրել այն իրավիճակին, որում գտնվում ենք: Կուսակցական ինչ 12 անդամի հետապնդման մասին է խոսում Բաղդասարյանը՝ հայտնի է միայն իրեն: Հակառակ դեպքում կուսակցությունը իր տրամադրության տակ գտնվող Հ3-ով և մյուս առցանց կայքերով այնքան դրա մասին կհիշեցներ, որ ուկրաինական «Небесная сотня»-ն դրա ֆոնին ուղղակի կստվերվեր: 

«Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարը ներողություն է խնդրում Արթուր Բաղդասարյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ դատողությունները ևս մեկ անգամ տիրաժավորելու համար: Սակայն հաշվի առնելով, որ Մարտի 1-ի թեման առաջիկայում էլ ավելի շատ է արծարծվելու և շահարկվելու որոշ քաղաքական ուժերի կողմից, ուղղակի անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել. Արթուր Բաղդասարյանը և նրա գլխավորած ուժը անմիջական մասնակցություն ունեն Մարտի 1-ի կազմակերպման և քաղաքական հիմնավորման առումով: Հիշեցնենք, եթե 2008 թվականի փետրվարի 29-ին ՕԵԿ-ը կոալիցիա չկազմեր Սերժ Սարգսյանի հետ և հակառակը, ինչպես հիմա է ասում, անցներ ժողովրդի կողմը, ապա իշխանությունը չէր կարողանա հիմնավորեր, թե իբր ներկայացնում է հասարակության մեծամասնության տեսակետը և հաջորդ օրը իրականացներ Մարտի 1-ի սպանդը: Եվ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ հավասարապես կիսում է Մարտի 1-ի պատասխանատվությունը, թերևս ավելի շատ, քան ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Քանի որ վերոհիշյալ երկուսը շատ ավելի շուտ են դիրքավորվել և հասարակությանը չեն խաբել, թե ինչի են ընդունակ: Իսկ եթե Արթուր Բաղդասարյանը իսկապես շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտմամբ, պետք է օր առաջ ցուցմունք տա և նախաքննության մարմնին հայտնի, թե ներգործության ինչ միջոցներով են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նրան ահաբեկել և պարտադրել դառնալ կոալիցիայի մաս: Այժմ շատ են վկայությունները, որ այս կամ այն ընդդիմադիր գործչի վրա տարատեսակ կոմպրոմատներ են բանեցրել, անգամ առևանգել նրանց հարազատներին: Արթուր Բաղդասարյանը պետք է հանդես գա և հասարակությանը իրազեկի՝ տեսաերիզների միջոցով նրա վրա ազդելու դեպք եղե՞լ է, թե՞ ոչ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս