loader
Մելիք-Ադամյանի առումը. «Կեղծիքի անատոմիա»

Մելիք-Ադամյանի առումը. «Կեղծիքի անատոմիա»

Ահա և վերջ: Հայաստանի առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլևս պատմություն են: Հասարակությունն իր քվեով մերժեց հին համակարգը: Անգամ հինգ տոկոսի չարժանացրեց այդ սիստեմի գլխավոր ճարտարապետին՝ ՀՀԿ-ին: Մերժեց չապաշխարած մտահոգներին: Չհավատաց, որ կազինոների նկատմամբ թուլություն ունեցողը կարող է հանկարծ մտահոգվել ազգային արժեքներով: Չհավատաց, որ տարբեր մայրաքաղաքներ մտացածին «դանոսներ» գրող ուժը կարող է մտահոգվել պետության անկախությամբ: Չհավատաց, որ բանակը թալանած ուժը կարող է մտահոգվել երկրի անվտանգությամբ: Չհավատաց, որովհետև մշտապես խաբել էին:  

Ժամանակին ֆրանսիական Բուրբոնների մասին ասում էին, որ նրանք ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան: Այժմ հանրապետականները դրա կլասիկ օրինակն են հայկական իրողության մեջ: Քարոզարշավի սկզբում տեսական սխալները վերհանելու, խոստովանելու և շտկելու փոխարեն հայտարարեցին, թե իրենց միակ սխալը կապի խզումն էր կուսակցական ակտիվի հետ: Կարծես, ապրիլ-մայիսին դրա համար էր ժողովուրդը մերժել ՀՀԿ-ի առաջնորդին: Չգտան իրենց մեջ ուժ նախ՝ մերժելու սեփական կուսակցության առաջնորդին, որ լիովին ձախողվել էր: Սարգսյանին միայն թաքցնելով, մարդամեջ չհանելով՝ հնարավոր չէր այդ խնդիրը լուծել: ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խումբ երիտասարդների՝ վրեժի հասնելու անթաքույց դրսևորման վրա:

Նրանք չէին կարողանում թաքցնել, որ հեղափոխությունը փոխեց իրենց կյանքի իմաստը, զրկեց Սարգսյանի մոտ լինելու հանգամանքով՝ պայմանավորված պետական և քաղաքական մեծ կարիերա անելու հնարավորությունից: Ըստ էության՝ նրանք չկարողացան ոչինչ առաջարկել նոր իշխանությանը՝ ի տարբերություն, ասենք, նույն կուսակցության օլիգարխիկ թևի: Եվ նրանք մղվեցին մարտի՝ չհասկանալով ուժերի դասավորվածությունը, չգիտակցելով մարդկանց տրամադրվածությունը: Հավատացին, որ ֆեյքերը և սեփական մեդիաները կարող են փոխել ուժերի դասավորվածությունը: Բայց անգամ դեկտեմբերի 9-ի ջախջախումը չի ստիպում նրանց սթափվելու:

Ինչո՞վ են նրանք զբաղված վերջին օրերին: 2 թեզի տիրաժավորմամբ: Փաշինյանի թիմը չի ստացել ժողովրդի մեծամասնության վստահությունը, իսկ ընտրություններն անցել են այնպես, ինչպես իրենց օրոք:  Ընտրությունների օրվա ժամը 11:00-ից սկսած, երբ հրապարակվեցին մասնակցության առաջին տվյալները, ՀՀԿ-ն, նրա քարոզչության մյուս մասնակիցները լծվեցին այդ գործին: Ժողովուրդը հիասթափված է, չի ընդունել այժմ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը և այլն: Ըստ էության՝ նրանց ասածը հետևյալն էր՝ չմասնակցելը յուրօրինակ բոյկոտ է: Առաջին հայացքից, հատկապես քաղաքագիտական առումով, նրանք սխալ չեն: Բայց, ինչպես հայտնի է, սատանան դետալների մեջ է: Իսկ ՀՀԿ-ի պարագայում դա առավել քան, ճշմարտություն է:

Այո, 12 տոկոս քիչ մարդ է մասնակցել ընտրություններին, քան 1.5 տարի առաջ, բայց հաստատ 12 տոկոսից ավելի շատ էին, որ 2017-ին մասնակցում էին ֆինանսական շահագրգռվածության պատճառով: 2017-ին մասնակցում էին գազելներով, որ այժմ չկար: 2017-ին մասնակցում էին պատգարակով հիվանդներ, որոնց այժմ հանգիստ էին թողել: 2017-ին մասնակցում էին կրիմինալ շրջիկ խմբեր, որոնց այս անգամ հորդորել էին հեռու մնալ ընտրություններից: Եվ այսպես կարելի է բերել տասնյակ գործոններ, որոնք ազդել են մասնակցության թվի վրա: Իսկ եթե դրանք բերենք մաթեմատիկայի դաշտ, ապա ակնհայտ է,  որ իրական մասնակցությունը 2018-ին եղել է շատ ավելի շատ, քան 2017-ին: 

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս