loader
Միանգամից ֆիզարձակուրդ գնայիք. «Կեղծիքի անատոմիա»

Միանգամից ֆիզարձակուրդ գնայիք. «Կեղծիքի անատոմիա»

Ժամանակակից աշխարհում լրագրողի աշխատանքը համեմատվում է փրկարարի, բժշկի կամ ոստիկանի աշխատանքների կազմակերպման ռիթմի հետ: Ինչպես ԱԻՆ-ը, հիվանդանոցը կամ ԱԱԾ-ն չեն կարող փակել հիմնարկի դռները և ընկնել ղումհարի գիրկը, այնպես էլ դրա շռայլությունը չունի լրատվամիջոցը: Եվ եթե մասնավոր լրատվամիջոցի դեպքում կտուժի միայն նրա հեղինակությունը և դիտումները, ապա այլ է վիճակը պետական հեռուստաընկերության պարագայում: Մի ամբողջ շաբաթ Հ1-ի լրատվականը փակել էր օֆիսի դռները՝ հանրությանը թողնելով առանց պաշտոնական լրատվության: Թերևս, մտածել էին, որ իշխող ուժի՝ երջանիկ Հայաստանն արդեն իրողություն է և լրատվության կարիք չկա:

Լրագրողները նույնպես մսից և արյունից են և նրանց նույնպես ժամանակ առ ժամանակ արձակուրդ է պետք: Փոքր աշխատակազմ ունեցող լրատվամիջոցների պարագայում դա խնդիր է: Այն առավել սրվում է Ամանորի տոներին: Բայց Հ1-ի պես մեծ աշխատակազմ ունեցող լրատվամիջոցների համար դա չպետք է խնդիր լիներ: Օրական մեկ անգամ փոքր լրատվություն թողարկելու համար գերջանքեր պետք չէին: Հերթապահության սահմանում և հարկատուների հանդեպ փոքր-ինչ հարգանք:

Հունվարի 3-ից Ղազախստանի Կարագանդա քաղաքում անկարգություններ են: «Հին Հռոմ» ռեստորանում հայերը և ղազախները կռվի են բռնվել: Արդյունքում մեկ ղազախ սպանվել է, իսկ 3-ը՝ վիրավորվել: Արդեն 6-րդ օրն է՝ ղազախները դուրս են եկել փողոց՝ տարբեր կոչերով: Վտարել հայերին, խլել նրանց բիզնեսները և ունեցվածքը: Համացանցը ողողված է տարբեր լուրերով, որոնցից կարևորագույնը ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով դրան մեծ հնչեղություն տալու վերաբերյալ մեկնաբանություններն են:

Հ1-ը, որը կոչված է արտահայտելու պաշտոնական Երևանի տեսակետը, չունի լուրեր: Արձակուրդ է գնացել և առիթ չի տեսնում այն ընդհատելու: Միայն հունվարի 7-ին է վերադառնում և ասում այն, ինչ վաղուց հայտնի է: Ինչպես արդեն նշեցինք, պետական բյուջեն միլիարդավոր դրամներ է տրամադրում Հ1-ին: Եվ այս օրերին Հանրայինն ուղղակի պարտավոր էր լրագրող գործուղել Կարագանդա: Բայց՝ ոչ: Կարագանդայի փոխարեն լրագրող են գործուղում Թբիլիսի, որպեսզի պատմի, թե ինչպես են հայերը տոներն անցկացրել Վրաստանում:

Նույն Հ1-ը ավելորդ չի համարում փոխվարչապետի հետ Միջին Ասիա գործուղել լրագրողների, որպեսզի պատմեն շարքային պաշտոնական հանդիպումից: Բայց հազարավոր հայերի կյանքին և ունեցվածքին սպառնացող վտանգի մասով էկոնոմիա է անում: Եվ կարդում ԱԳՆ-ի տեքստը, թե չպետք է տրվել համացանցային սպեկուլյացիաներին: Սպեկուլյացիային չտրվելու լավագույն միջոցը սեփական լրատվություն ստեղծելն է, որպեսզի մարդիկ դա տարածեին և դրա վրա հիմնվեին:

Նույնը նաև վերաբերում է Հայաստանում պաշտոնական լրատվության մակարդակին հասցված երկրի ղեկավարի լայվերին: Որևէ արտասահմանյան լրատվամիջոցի կողմից Հայաստանը կամ նրա ղեկավարին հիշատակելը տեղ է գտնում Փաշինյանի ֆեյսբուքյան պատին: Ջազ լսելուց և Ալեն Սիմոնյանի ծնունդից բացի, կարևոր այլ պարտականություններ կան: Սփյուռքի նախարարությունը օպտիմալացնելը չի նշանակում օպտիմալացնել նաև սփյուռքը:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս