loader

«Կեղծիքի անատոմիա». Մնում է զենքն էլ պահանջեն տանից

Ամերիկա հայտնագործած չենք լինի, եթե ևս մեկ անգամ փաստենք, որ հայկական հեռուստատեսությունը գտնվում է իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո: Միգուցե գրաքննությունը մի փոքր նվազել է նախորդ տարիների համեմատ, սակայն հայկական հեռուստատեսությունը հեռու է ազատ և հավասարակշռված որակվելուց, երկրում առկա խնդիրները օբյեկտիվ լուսաբանելուց: Հայկական ՏՎ-ն այնպես է ներկայացնում իրավիճակը Հայաստանում, իշխանությունների անխոնջ և նվիրական աշխատանքը երկրում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որ շատ հայաստանցիներ և սփյուռքահայեր երբեմն սարկազմով նշում են, որ կցանկանային ապրել «Հայլուրի Հայաստանում»:

Բացառությամբ իշխանությունների համար մի քանի իսկապես շատ ցավոտ հարցերի, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական և մյուս օրակարգերի վրա չկան  տաբուներ: Սակայն այդ խնդիրները ներկայացվում են  աղճատված, հարևանցիորեն, երբեք ու երբեք վեր չհանելով իշխանությունների առաջին դեմքերի սխալները և բացթողումները, նրանց մեղքը երկրում կուտակված խնդիրների մեջ: Կուսակցական պատկանելություն ունեցող հեռուստաալիքները այս ամենին գումարում են նաև սեփական կուսակցապետերի անսխալականությունը՝ համեմելով շարքային քաղաքացիների հոգսերով ապրելու մասին երկարաշունչ ռեպորտաժներով:

Հայկական հեռուստատեսություն դիտելիս ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ հայրենի իշխանությունները գտնվում են ինֆորմացիոն պատերազմի մեջ սեփական ժողովրդի հետ: Վերջնական նպատակն է՝ հասարակության նկատմամբ վերահսկողությունը, վերջինիս հեշտ ղեկավարումը և լոյալությունը:

«Հայաստան 24»-ի «Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի նպատակն է՝ ֆիքսել, թե որ հեռուստահաղորդումը, ե՞րբ և ի՞նչ նպատակով կեղծեց իրականությունը: Ինչո՞ւ հարևանցիորեն անդրադարձավ այդ պահի կարևորագույն օրակարգին՝ չներկայացնելով հակադիր տեսակետը:

Այս առումով հատկանշական է ՊՆ նախարարի ֆեսբուքյան հայտնի գրառումը: Անցնող օրերին Վիգեն Սարգսյանը բառիս բուն իմաստով ցնցեց ֆեյսբուքի հայկական տիրույթը՝ հընթացս ռեկորդներ սահմանելով հետևորդներ արգելափակելու և մեկնաբանություններ հեռացնելու առումով: Մինչդեռ այդ մեկնաբանություններում Վիգեն Սարգսյանի համար կային մի շարք հետաքրքիր խորհուրդներ, թե ինչպես կազմակերպել Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը՝ չդիմելով տեղից նեղության մեջ գտնվող ժողովրդին: Օրինակ գեներալիտետի թանկարժեք առաձնատները և շքեղ ավտոմեքենաները: Կամ խորհուրդ էր տրվում դիմել սեփական կուսակցության մի քանի տասնյակի հասնող դոլարային միլիոնատերերին: Հավելենք, որ ճիշտ է, հեռացվեցին այդ մեկնաբանությունները, սակայն Վիգեն Սարգսյանը սքրին շոտ արած կլինի, որպեսզի դրանք հետագայում օգտագործի որպես մեթոդական ուղեցույց:

Ի՞նչ արեց հարկատուների հաշվին գործունեություն ծավալող «Հ1»-ը: Սահմանափակվեց միայն հայտնի գրառումն ընթերցելով, չանդրադառնալով, թե ինչ բուռն արձագանքներ եղան գրառման տակ: Մինչդեռ, օրինակ. հեռավոր ԱՄՆ-ի նախագահի շարքային թվիթը մանրամասն վերլուծվում է նույն հանրայինի եթերում և առանձին պատմվում, թե ինչ մեկնաբանությունների է արժանացել Թրամփի թվիթը:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս