loader
Նոր սերնդի մտահոգները. «Կեղծիքի անատոմիա»

Նոր սերնդի մտահոգները. «Կեղծիքի անատոմիա»

Չեք հավատա, բայց երկրում կան մարդիկ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ բարձրաձայնում են խոսքի և մամուլի ազատության վատթարացող վիճակի մասին: Իհարկե, մի փոքր զավեշտալի է, որ դա նրանք չեն անում արտասահմաններից, ընդհատակից կամ գոնե համացանցից: Նրանք դա անում են հեռուստաընկերությունների եթերներից: Եվ ոչ միայն մասնավոր, այլ նաև Հանրային հեռուստաընկերության եթերից: Փաստորեն, նոր իշխանությունները գտել են լրատվամիջոցների ճնշման գաղտնի զենք: Ճիշտ է, այն դեռ փորձարկման փուլում է և չունի ՕԳԳ: Ճնշում ես, իսկ արդյունքում ո՛չ լրատվամիջոց է փակվում, և ո՛չ էլ քննադատությունն է պակասում:

Մամուլի ազատության մասին մտահոգվածները ունեն մի քանի փաստեր, որոնք, ըստ իրենց, վկայում են այդ ոլորտում վիճակի վատթարացման մասին: Առաջինը և հիմնականը: Վարչապետ Փաշինյանը երկու անգամ ստատուս է գրել լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ: Վերջինը «Հրապարակ»-ի՝ խաշի մասին հրապարակումն էր: Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում, անհրաժեշտ է մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այդ ստատուսին և դրա արձագանքներին:

Հենց սկզբից նշենք՝ երկու կողմն էլ դիմում են մանիպուլյացիայի: «Հրապարակ»-ը գրել է, որ «ՔՊ»-ն ռեստորանում խաշկերույթ է կազմակերպել և որպես մեկնաբանություն՝ ավելացրել, որ նորերը իրենց գործելաոճով չեն տարբերվում ՀՀԿ-ից: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են գրում խաշի մասին և նաև եզրահանգում արել, որ նման հրապարակումը նոստալգիա է նախկին իշխանությունների նկատմամբ:

Միգուցե մեկ ուրիշի դեպքում և կարելի լիներ համաձայնվել այս տեսակետի հետ: Բայց ոչ՝ Փաշինյանի դեպքում: Նրա ղեկավարած լրատվամիջոցը բազմիցս է անդրադարձել նախկին իշխանությունների քեֆերին: Կարելի է ասել, անգամ, առաջամարտիկ է եղել նման հրապարակումների քանակով: Եվ ի՞նչ: Ուրեմն, ըստ Փաշինյանի տրամաբանության, իրենք սերտաճա՞ծ են եղել նախկին իշխանությունների հետ: Չէ՞ որ հեղափոխությունը հերքեց բոլոր այդօրինակ ասեկոսեները: Եվ այո, սա բացահայտ մանիպուլյացիա է: Բայց էլ ավելի մեծ մանիպուլյացիա են անում հակադիր կողմից: Իբր, նման ստատուսը ճնշում է մամուլի հանդեպ:

Աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկի՝ ԱՄՆ նախագահ Թրամփը, գրեթե, ամեն օր առաջատար լրատվամիջոցներին մեղադրում է պատվեր կատարելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ, բայց ոչ ոքի մտքով չի անցնում նրան մեղադրել մամուլը ճնշելու մեջ: Մամուլը ճնշելը ունի կոնկրետ բաղադրիչներ և դրանց մեջ հաստատապես չի մտնում հրապարակման վերաբերյալ ֆեյսբուքյան քննադատական ստատուսը: Եթե, անգամ քննադատողը վարչապետն է:

Լրատվամիջոցը ճնշում են լրագրողների վրա ֆիզիկական և բարոյական ներգործությամբ, հարկային և վարչական այլ լծակներով, հեռարձակողների դեպքում՝ կապուղիներից անօրինական զրկելով կամ չտրամադրելով, մամուլի դեպքում՝ տպարանների աշխատանքներում խոչընդոտներ ստեղծելով, լրագրողներին չհավատարմագրելով և լրատվություն չտրամադրելով: Ճնշում կարելի է դիտարկել գովազդի շուկայի մոնոպոլիզացիան և այլն: Այս չափորոշիչներից և ոչ մեկը առկա չէ: Եվ ուրեմն՝ ակնհայտ մանիպուլյացիա է, թե «Հրապարակ»-ի պարագայում ճնշվում է լրատվամիջոցը:

Բայց մտահոգվածները իրենց արսենալում ունեն ևս մեկ փաստարկ: Սամվել Մայրապետյանին կալանավորելով՝ ճնշվել է Հ2-ը: Եվ որպես ապացույց՝ բերվում է, թե արգելանք է դրվել Հ2-ի հաշիվների վրա: Սա նույնպես ակնհայտ ապատեղեկատվություն է: Արգելանք է դրվել Մայրապետյանի հաշիվների վրա: Ինչպես ասում են Օդեսայում, «это две большие разницы»: Իշխանության մեղքը չէ, որ 100 տարվա հեռուստաընկերությունը չի կարողանում գումար աշխատել և դառնալ ինքնաբավ:

Ուշագրավ է, որ նոր իշխանություններին մամուլը կառավարելի դարձնելու մեջ մեղադրում են նախկին իշխանության տիրապետության տակ գտնվող լրատվամիջոցները: Առավել զավեշտալի է, որ դա ավելի բարձրաձայն և նպատակասլաց են անում Քոչարյանին պատկանող լրատվամիջոցները: Ներկայացնենք դրանցից մեկի՝ 7or.am-ի անդրադարձը խնդրո առարկային: Այս լրատվամիջոցը մտնում է Փաշինյանի հիշատակած 90 տոկոս նախկին իշխանությունների տիրապետության տակ գտնվող լրատվամիջոցների ցանկում:

Տարիներ շարունակ այս լրատվամիջոցն աշխատել է Սարգսյանի դեմ՝ Քոչարյանի ուղղորդմամբ: Բայց հիմա իրավիճակ է փոխվել: Եվ Անդրանիկ Թևանյանը ստիպված է հարմարվել նոր իրողություններին: Վերջ տալ խոպանին և աջակցել կալանավորված պատրոնին: Տեսանյութից տպավորությունը հստակ է՝ քաղաքագետի մոտ դեռևս այնքան էլ չի ստացվում:

Փաշինյանի անցյալը նրան բերել է իշխանության՝ ժողովրդի պարտադրմամբ և քվեով: Իսկ, այ, Քոչարյանի անցյալը նրան ուղարկել է կալանավայր: 7or.am-ը կարող է ամեն ինչից խոսել, բացի անցյալից: Չէ՞ որ այդ անցյալում Քոչարյանը լրատվամիջոցների հետ հարաբերություններում ունի այնպիսի բալաստ, ինչպիսին են Ա1+ և «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների փակումը և իր իշխանության տարիներին լրագրողներին սպանելու և ծեծելու բազմաթիվ դրվագները: Քոչարյանի ժամանակ այսպիսի բառամթերք օգտագործելու դեպքում կարելի է միայն պատկերացնել, թե ի՞նչ կպատահեր լրատվամիջոցի և լրագրողի հետ: «Գալա»-ի հետ տեղի ունեցածը ընդամենը մանկական չարաճճիություն էր:

Իմիջիայլոց, տեսանյութում մեջբերված Փաշինյանի խոսքը, թե հանգիստ նստեք տեղներդ, չի վերաբերում լրատվամիջոցներին, դա վերաբերում էր Արցախի որոշ գեներալների: Եվ քանի որ Թևանյանին չի սպառնում գեներալ դառնալ, կարող է չդիմել էժան մանիպուլյացիայի:  

Ամբողջական՝ տեսանյութում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս