loader

Ռեժիմի վերջին բաստիոնը. «Կեղծիքի անատոմիա»

Օրերս Հանրայինը որոշեց հակադարձել իր հազարավոր քննադատներին: Ի՞նչ իմաստ ունի հիշատակել չորս թողարկման մասին, երբ ինֆորմացիան նույնաբովանդակ է, մանիպուլյացիոն և արտահայտում է մեկ կողմի տեսակետը: Հանրայինը փոխել է տակտիկան և դա ցանկանում է հրամցնել իբրև լուրջ ձեռքբերում: Եթե առաջ ընդհանրապես արհամարհվում էր բողոքի ցույցը, ապա հիմա ներկայացվում է հանրահավաքը, սակայն չեն լուսաբանվում այնտեղ հնչած կարևորագույն քաղաքական հայտարարությունները և մեսիջները, չի ներկայացվում հանրապետությունում տիրող մթնոլորտը, եթեր չի գնում բանախոսների և ցուցարարների բացականչած կոչերը: Դրա փոխարեն հրամցվում են հանրահավաքում հնչած տեխնիկական բնույթի հայտարարությունները: Այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ եթեր կգնա նաև միմյանց կորցրածների՝ հրապարակի ցայտաղբյուրի մոտ հանդիպելու մասին հայտարարությունները: Եվ դա կներկայացվի իբրև հանրահավաքը լուսաբանելու իրողություն:

Հանրայինի եթերից տպավորություն է, որ ապրիլի 26-ին հանրահավաքի կազմակերպիչները տասնյակ հազարավոր մարդկանց հավաքել էին, որ ասեին՝ մեքենաները արագ մի վարեք և փողոցները բացեք: Եվ այս կարգի լրագրությունից հետո Հանրայինի հաջորդ ռեպորտաժը սկսում է պատմել ֆեյք լրատվամիջոցների մասին: Իրապես դժվար է պատմել և քննադատել մի բան, որ քո գործելակերպն է և առօրյան: Հանրայինը դժգոհում է, թե ինչու են հավատացել Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին, ինչու չեն ստուգել լուրը Կարեն Կարապետյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում: Բայց լրագրողը ճիշտ կաներ մի 10 վայրկյան ավել եթեր խնդրեր և պատմեր, որ, օրինակ, նույն Կարապետյանի պաշտոնական կայքը լուր էր տարածել, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե իբր քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համատեքստում: Հիշեցնենք՝ մեկ ժամ անց լուրը ԱՄՆ դեսպանի պահանջով խմբագրվեց և խնդրահարույց ձևակերպումը անհետացավ: Այսինքն՝ պաշտոնական էջը նույնպես չի խորշում էական ապատեղեկատվություն տարածելուց: Այս լուրը օրինակ շատ ավելի վտանգավոր էր, քան Կարեն Կարապետյանի հրաժարականի սուտ տեղեկատվությունը: Ոչ ոք չի կարող բացառել, որ ցուցարարները, լսելով ԱՄՆ դեսպանի այս կարգի պնդումը, հավատալով, որ այն պաշտոնական է, քանզի զետեղվել է վարչապետի պաշտոնական կայքում, միաբերան սկսեին գոչել՝ կորչի Ամերիկան: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ վնաս կարող էր հասցնել Հայաստանին: Սակայն Հանրայինի խմբագրակազմի աչքից վրիպել է տեղեկատվական ամենամեծ սկանդալներից մեկը:

Ֆեյք լուրերին իրենց մասշտաբով չեն զիջում ֆեյք խոստումները: Ապրիլի սկզբին ֆինանսների նախարարը «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ժամանակ մանրամասն, մեծ պրոֆեսիոնալությամբ բացատրում էր, որ հիմա թոշակներ բարձրացնելը արկածախնդրություն է: Իսկ իրենք, իբր պատասխանատու ուժ, օժտված ստրատեգիական մտածելակերպով, չեն կարող երկրի ֆինանսները ենթարկել ցնցումների: Եվ պետք է փաստել, որ ապրիլի սկզբին Արամյանը բավական համոզիչ էր: Իսկ սա հատված է կառավարության վերջին նիստի մասին ռեպորտաժից:

Հեղափոխությունը, իշխանությունը կորցնելու վտանգը, ղեկավարի վարկանիշը բարձրացնելու անմնացորդ մղումը, մարդկանց հետ իսկապես չար կատակներ է անում: Պարզվում է, որ երկրի այս անկայուն վիճակը հնարավորություն է տալիս Արամյանին խոստանալու, որ առաջիկայում թոշակները կբարձրացվեն: Սա անգամ էժանագին պոպուլիզմ չէ, սա մարդկանց հիմարացնելու փորձ է, իսկ դա տիրաժավորող հեռուստաալիքները՝ ընդամենը գործիք: Լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած ուսանող հանրամատչելի կբացատրեր, որ բազմափորձ լրագրողը պարտավոր է հիշեցում տալ, որ կառավարության պատասխանատուները ամիսներ շարունակ ինչպես էին հիմնավորում այլ փուլում թոշակների բարձրացման սխալ լինելը: Կբացատրեր, որ տվյալ պարագայում անհրաժեշտ է հիշեցնել՝ թոշակների բարձրացմանը առաջինն անդրադարձել է Սերժ Սարգսյանը, հրաժարականից երկու օր առաջ «Շանթին» տված էքսկլյուզիվ հարցազրույցում:

Ուրբաթ օրը նույն «Շանթը» այս անգամ էքսկլյուզիվ հարցազրույց ունեցավ Կարեն Կարապետյանի հետ: Լրագրողը երկար ճանապարհ էր կտրել, հասել մինչև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան բախտ էր վիճակվել զրուցել քաղաքական ճգնաժամի երկու առանցքային դեմքերից մեկի հետ: Նա զրուցում էր մեկի հետ, ով առավոտյան չէր ներկայացել բաց բանակցությունների և կարող էր հարցեր տալ, ուղղել նաև այն լրագրողների փոխարեն, ում նման բախտ չէր վիճակվել: Իսկ այդ ժամանակ Հայաստանը բառացիորեն ցնցվում էր, բոլորին հետաքրքրում էր մեկ հարց՝ Կարեն Կարապետյանը Պուտինից աջակցություն խնդրե՞լ է, թե՞ ոչ: Որքան անտեղյակ պետք է լինել այս հարցը չուղղելու համար: Կարեն Կարապետյանը ասում է, որ հարցը պետք է հանգուցալուծվի Ազգային ժողովում 2017 թվականի ընտրությունների համատեքստում: Որքան վախվորած պետք է լինել, որ պնդում չանել՝ ցուցարարները համոզված են՝ ընտրությունները կեղծված և գնված էին: Որքան անտեղյակ պետք է լինել, որ չհարցնել Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերի մասին, թե ինքը սխալ էր, Նիկոլը ճիշտ, վերաբերում է արդյոք միայն ՀՀԿ առաջնորդին, թե՞ նաև նրա գլխավորած կուսակցությանը:

Քիչ էր մեզ հայկական TV-ի ապատեղեկատվությունը, գործի անցան նաև Հայաստանում մեծ լսարաններ ունեցող ռուսական հեռուստաալիքները: Թոք շոուներ, հարցազրույցներ և ռեպորտաժներ: Եվ միայն դրանք դիտելուց հետո հայաստանցիները վերջնականապես ընկալեցին, թե ինչպես Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Ուկրաինայում: Եթե հայաստանյան ճգնաժամը երկարի, իսկ ռուսական քարոզչամեքենան շարունակի նույն տոնայնությունը, ապա Հայաստանում նույնպես չի կարելի բացառել հակառուսական տրամադրությունների աճ: Ռուսական եթերից հնչեցին մի շարք վիրավորական արտահայտություններ և որակումներ: Բայց հայկական լսարանին ամենից շատ նյարդայնացրեց НТВ-ի ռեպորտաժում մեկի տեսակետը լսելը, ով մերժված է հայաստանյան հասարակության բոլոր խմբերի կողմից: Ռուսական ալիքը տեսակետ էր վերցրել մեկից, որին հայկական լրատվամիջոցները վաղուց են մերժել: Մարդ, որ չունի ոչ իշխանություն, ոչ հեղինակություն, մարդ, որ բացարձակ առաջատար է բացասական վարկանիշով: Թեպետ բացառված չէ, որ НТВ-ն շատ հետաքրքիր քայլ էր արել՝ ցանկանալով ներկայացնել մեկի տեսակետը, ով ամենից շատ է սարսափում իշխանափոխությունից, ով առաջինը և ամենաշատը պետք է տուժի իշխանափոխության հետևանքներից: Ուստի լրիվ ընկալելի են Քոչարյանի անհանգստությունները և վախերը: Զավեշտի ժանրից է, երբ Քոչարյանը խոսում է պատգամավորական կորպուսի՝ իբր խոցված ինքնասիրության մասին: Դա ասում է մի մարդ, որ ժամանակին ասում էր՝ այս երկրում ինձանից բացի ուրիշ տղամարդ չկա: Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի շահառուն չի կարող գիտակցել, որ իր իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունները, ապօրինությունները և թալանը նույնպես մեծ չափաբաժին ունեն այսօրվա ժողովրդական ցասումների հիմքում:

Վերադառնալով հայկական TV-ին նշենք ևս մեկ հետաքրքիր մանյովր նրանց կողմից: Անցած հաղորդման ժամանակ մենք խարհուրդ էինք տվել, որ եթե չգիտեն ինչպես լուսաբանեն քաղաքական իրադարձությունները, ապա թող ցուցադրեն «Лебединое озеро»-ն: Նրանք ուղիղ չէին հետևել մեր ուղեցույցին, բայց ամեն դեպքում որոշակի հետևություններ արել էին: Քաղաքական թոհուբոհի ժամանակ, երբ իրադարձությունները զարգանում էին չափազանց սրընթաց, նախընտրեցին ընդհանրապես նոր հաղորդումներ չանել, այլ կրկնել հները: Զորօրինակ, «Կենտրոն» հեռուստաալիքի «Հայկական Ուրբաթը», «Արարատի» «Հետհաշվարկը» և Հանրային «Օրակարգից դուրսը»:

Վերադառնալով Հանրային մեղադրանքներին, թե օբյեկտիվ չենք գնահատում իրենց տիտանական աշխատանքը, համաքաղաքացիներից հարցրեցինք՝ իրենք ինչպե՞ս են գնահատում հեռուստաալիքների աշխատանքը վերջին օրերին:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս