loader

Սովորական դաշնակցական պրոպագանդա. «Կեղծիքի անատոմիա»

Հաղթարշավը կոռուպցիայի դեմ շարունակվում է: Որոշ քաղաքական ուժեր փորձում են դիվիդենտներ շահել, իսկ ՀՀԿ-ն շարունակում է պաշտպանվել, բայց միաժամանակ նաև սահմանազատվել բացահայտ թալանչիներից: Այս իրավիճակում ամենաանհեռանկարայինը ՀՅԴ վարքագիծն է: Սույն միավորումը դեռ մինչև վերջ իր համար չի հստակեցրել, թե ո՞ր ճամբարում է, ի՞նչ է ուզում և ո՞նց է ուզում:

Իհարկե, սա նոր հոգեվիճակ չէ 130-ամյա կուսակցության համար, բայց այժմ նրա հեռանկարները մշուշոտ են քան երբևէ: ՀՅԴ-ի քաղաքական երկվությունն արտահայտվում է ոչ միայն խորհրդարանական քվեարկություններով, այլ նաև նրա ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցների վարքագծով: Հայտնի ճշմարտություն է, թե որքան ուղղաձիգ է իշխանությունը ՀՅԴ-ում: Ամենափոքր իսկ շեղման դեպքում, անկախ դիրքից և վաստակից, կուսակցականը հեռացվում է: Ուստի՝ «Երկիր մեդիայի» և մյուս դաշնակցական լրատվամիջոցների տեսակետները պետք է ընդունել որպես ՀՅԴ պաշտոնական տեսակետ, այլապես այդ լրագրողները և խմբագիրներն այդտեղ չէին աշխատի:

Անցած շաբաթ մեծ արձագանք ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը: Շատերը շտապեցին հայտարարել, թե իբր, ստատուսի պատճառը Գեղամ Մանուկյանի հեղինակային հաղորդումն է: Շատերն ասելով նկատի ունենք նախկին ռեժիմի՝ սոցիալական ցանցերում աշխատանք ծավալողներին: Դրանք հիմնականում այն անձինք են, որոնք ժամանակին աշխատում էին կառավարությանը կից հայտնի ՊՈԱԿ-ում և այժմ պաշտոնապես դարձել են գործազուրկ, սակայն ոչ պաշտոնապես շարունակում են իրենց գործունեությունը՝ պաշտպանելով նախկին ստվերային գործատուների շահերը:

Եվ այս հոծ բանակը որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն մատնանշեց Մանուկյանի հաղորդումը: Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ հանգեցին նման եզրակացության: Նախ սովորույթի ուժով: Եթե նախկինում նման շեշտերով հաղորդում լիներ, ապա մոնիթորինգն այն միանգամից կուղարկեր «հակապետական» բաժին, քանզի քննադատվում է օրվա իշխանությունը: Մինչդեռ խնդրո առարկա հաղորդումը կարող է ստանալ բազում էպիտետներ, բայց ոչ «հակապետական»:

Օրինակ՝ հակաիշխանական, միևնույն ժամանակ հագեցած մանիպուլյատիվ, կոնտեքստից կտրված մտքերով լեցուն, դաշնակցական շարքային պրոպագանդա անվանումը: «Երկրի շաբաթը» հաղորդումը խնդիր ուներ շեղել ուշադրությունն իսկական հասցեատիրոջից և ներկայացնել, թե իբր, նոր իշխանությունը պայքարում է իրեն քննադատողների դեմ: Եվ որպես տրամաբանական շարունակություն՝ ԱԱԾ-ի և ոստիկանության մեծամասշտաբ բացահայտումների ֆոնին առաջ քաշել արհեստական օրակարգ՝ փորձելով ստվերել նախորդ իշխանությունների կոռուպցիոն հանցագործությունների հասարակական արձագանքը: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում «աղմկահարույց» որակված բուն հաղորդումը:

Այն, ինչպես արդեն նշեցինք, սովորական, դաշնակցական անցումներով և համեմատություններով հագեցած շարքային վերլուծական էր, որն անգամ «ականջներից» քաշելու մեծ ցանկության դեպքում չի ձգում «հակապետական» բնորոշմանը: Նախկին ռեժիմի մեդիառեսուրսները այս օրերին ունեն մեկ թոփ թեմա՝ «Սասնա ծռերի» ազատումը հակաօրինական է, վտանգ է ներկայացնում պետականությանը, ոստիկանին սպանողը տեղ չունի քաղաքական դաշտում, մի գեղեցիկ օր նրանք զենքը շրջելու են նոր իշխանության դեմ և այլն: Եվ ամենաուժեղ մանիպուլյացիան՝ «Սասնա ծռերի» զենքն օրինակա՞ն է, որ հիմա նրանց բաց են թողնում:

Եվ ուրեմն՝ երկակի ստանդարտներ են կիրառվում, երբ գործող իշխանություններն անողոք պայքար են մղում նախկին պաշտոնյաների մոտ գտնվող անօրինական զենք-զինամթերքի դեմ:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս