loader
Վատիկանի կույս հաճախորդների միաբանությունը մոլեգնում է. «Կեղծիքի անատոմիա»

Վատիկանի կույս հաճախորդների միաբանությունը մոլեգնում է. «Կեղծիքի անատոմիա»

Կառավարության ծրագրի քննարկումը վերածվեց «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան»-ի բացահայտ դիմակայության: Մեկ շաբաթ է, ինչ փոխադարձ մեղադրանքները և վիրավորանքները դարձել են քաղաքական օրակարգի թիվ 1 թեման: Արդեն ակնհայտ է, որ սխալվեցին բոլոր այն քաղաքագետները, որոնք կանխատեսում էին, թե խորհրդարանում չի լինելու ընդդիմություն: Սխալվեցին, թե ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը սուսուփուս դակելու են իշխող ուժի օրինագծերը: Եվ եթե Բարգավաճի քննադատությունը դեռևս իր մեջ զգուշության տարրեր է պարունակում, ապա Լուսավորի քննադատությունը չափազանց կոշտ էր և արմատական: Չխնայվեց ո՛չ հեղափոխությունը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ թիմը, և ո՛չ էլ ծրագիրը:

Այս երկու կուսակցությունները ունեն կոշտ դիմակայության ևս մեկ պատմություն: 2016 թվականին ՏԻՄ ընտրությունների ժամանակ նույնպես եղավ առճակատում, և հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Բայց, անգամ, այն ժամանակ նման դրսևորումներ չեղան: Կառավարության ծրագրի քննարկումը Նիկոլ Փաշինյանը սկսեց Հրանտ Մաթևոսյանից մի հատված կարդալով: Չնայած որ Էդմոն Մարուքյանը Հրանտ Մաթևոսյանի համաերկրացին է և այդ օրը հանճարեղ հայի ծննդյան օրն էր, նախընտրեց պատասխանել Պարույր Սևակի խոսքերով՝ «Անկեղծ ասած՝ ես այս ամենից հոգնել եմ»:

Ինչո՞ւ է հոգնել Մարուքյանը՝ պարզ չէ: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Ծառուկյանին սպառնում էր՝ հալումաշ կանենք քեզ: Փաստորեն, Սերժ Սարգսյանի դեմ պայքարելուց չէր հոգնել, հիմա՝ այս մի քանի ամիսների ընթացքում, հասցրեց հոգնել: Ամբողջ խնդիրն այն է, որ Մարուքյանը ակամայից հաստատեց իրենց հասցեին հնչող մեղադրանքների իսկությունը:

Այո, աշխատել ընդդիմություն և լինել իրական ընդդիմություն տարբեր բաներ են: Այո, ընդդիմադիրի իմիտացիան և իրական պայքարը տարբեր բաներ են: Եվ իրական պայքարը կարող է հոգնեցնել երբևիցե ընդդիմադիր տեսակ չունեցած քաղաքական գործչին: Բայց Վատիկանը արցունքներին չի հավատում: Վատիկանի կույս հաճախորդների միաբանությունը ունի ոսկե կանոն՝ «կպել ես՝ խաղա մինչև վերջ»:

Եվ «Լուսավոր Հայաստան»-ի 18 հոգանոց խմբակցությունը ստիպված շրջում է մեդիաներով՝ ներկայացնելով անգիր արած նույն տեքստերը: Ոչինչ չի փոխվել. կառավարությունը մուննաթով է խոսում, իշխանական մեդիան հարձակվել է մեզ վրա, հեռու չեն բռնաճնշումները և այս կարգի այլ մեղադրանքներ: Վերջին երկու մեղադրանքը առավել զավեշտալի է: Նախորդ տասնամյակում մեդիաբլոկադայից և մեդիա տեռորից չընդվզած ուժը խոսում է մեդիաճնշումներից: Միքայել Մինասյանի մեդիակայսրությունից չբողոքած Մարուքյանը բարձրաձայնում է իշխանական մեդիայի հարձակումները:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները ավելի շատ երևացին եթերում, քան նախորդ ընդդիմությունները 2008-ից մինչև 2018-ի մայիս:

«Բան չի փոխվել» պնդման մասով: Հ1-ը Մարուքյանի ելույթը ներկայացրեց ամբողջովին հիմնական թողարկման ընթացքում, մինչդեռ մեկ տարի առաջ նույնպես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նրա հնչեցրած ելույթը, անգամ, մի քանի վայրկյանով տեղ չգտավ նույն հեռուստաընկերության եթերում: Վերը նշված մեղադրանքը նույնությամբ կրկնեց ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեկ տասնյակից ավել հարցազրույցներում: Դիտենք դրանցից մեկը:

Հերոսի ազգանունով այս պատգամավորը ի՞նչ իշխանական մեդիայից է խոսում: Միգուցե Ալեն Սիմոնյանի զոքանչի «Հրապարակ»-ի՞ց, թե՞ «Ժողովուրդ» թերթից, որը աչքի է ընկնում կառավարության վերաբերյալ բացասական նյութերի արտատպման աննախադեպ քանակով: Եվ, այո, «Լուսավոր Հայաստան»-ը իսկապես ճիշտ կանի հետևի վարչապետի հորդորին՝ փոխելու քաղաքական բովանդակության ստեղծման հասցեն: Իսկ եթե հասցեն դժվար է փոխել, ապա, գոնե, տեքստերը մի փոքր ադապտացնեն նոր իրավիճակին: Այլապես ևս որոշ ժամանակ այսպես շարունակելու դեպքում բռնաճնշումների և քաղբանտարկյալների մասին ելույթները Միքայել Մինասյանը ստիպված կլինի տեղադրել նաև «Արմքոմեդի»-ում:

Գորգիսյանը նաև հավաստիացնում է, թե քաղաքացիները մոտենում են իրեն և դժգոհում Փաշինյանի ելույթներից: Ամենևին հակված չենք բացառել, որ Գորգիսյանին հանդիպել են այդպիսի քաղաքացիներ: Բայց քաղաքացիները տարբեր են լինում, օրինակ՝ Գորգիսյանը երբեք չպետք է մոռանա, որ 2018-ի մայիսի 8-ին Ամիրյան-Զաքյան խաչմերուկում նրան մոտենում էին քաղաքացիներ և հոդորում չհասնել Հանրապետության հրապարակ: Նրան փոխանցում էին, որ այնտեղ «Կամազ»-ով Արագածից բերված ձյուն են շաղ տալիս, և նա կարող է մրսել: Դրանով նրանք հեգնում էին Գորգիսյանի վարքը, երբ Ազգային ժողովում ճայթռուկներ վառվելուց հետո նա թաշկինակով փակել էր քիթը, որպեսզի չխեղդվի:

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս