loader
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտինին (Ֆրանսիա): 

Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ և թե երբ է պատրաստ այն իրականացնել։

«Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին, թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա։

Միջնորդները Երևան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համանախագահները կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս