loader
Ալիև. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում

Ալիև. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում

Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին, փոխանցում է Ազատությունը:

Հիշեցնենք՝ տարեվերջին Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Ղարաբաղյան հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»:

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահը, որպես ասվածի ապացույց, մատնանշում են միջազգային փաստաթղթերը, որոնք, ի դեպ, հիմնականում խնդրի կարգավորման երեք սկզբունքներ են առաջ քաշում՝ ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։

Հայկական կողմը շեշտը դնում է հիմնականում ազգերի ինքնորոշման, իսկ Բաքուն՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։

«Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր։

Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս