loader
ԱՄՆ հետախուզություն. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել

ԱՄՆ հետախուզություն. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակված «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:

Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսասատանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:

Երկու կողմի՝ փոխզիջումների գնալու դժկամությունը, ներքին ճնշումների ահագնացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ են պարունակում, որոնք կարող են բռնկվել 2018-ին»,- նշված է վերլուծության մեջ:

Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել  և հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաջորդ հնարավոր նախագահական ժամկետի ընթացքում հիմնվելու է ագրեսիվ և օպորտունիստական արտաքին քաղաքականության վրա` Ռուսաստանի սահմաններից դուրս արդյունքների հասնելու համար: Նա նաև կդիմի ավելի ավտորիտար մարտավարությանը, որպեսզի վերահսկի իր իշխանության մարտահրավերները», - նշվում է փաստաթղթում:

Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելիս հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

«Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված լինելը կարող է ունենալ թե՛ դրական և թե՛ բացասական պատճառներ: Դրականը կարող է լինել այն, որ ընտրության օրվա փոփոխությամբ նախագահ Ալիևը ցանկանում է վստահության քվե ստանալ խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար, սակայն կարող է լինել նաև բացասական պատճառ, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշում է դեսպան Կազլյարիչը:

Նա չափազանց մտահոգիչ է համարում առկա իրավիճակը՝ հակամարտության գոտում ռազմական հնարավոր բախումների վերսկսման տեսանկյունից:

«Կարծում եմ մենք վտանգավոր փուլում ենք: Հուսամ այս ընտրությոնները լավ հնարվորություն կստեղծեն առաջ շարժվելու համար, սակայն չափազանց մտահոգված եմ դիվանագիտական շփումների բացակայությամբ, քանի որ արտգործնախարարների հանդիպումները ներառյալ Մինսկի խմբի համանախագահների հետ դեռևս բավարար չեն առաջ շարժվելու համար»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբանը համամիտ է հետախուզության տնօրենի գնահատականի հետ՝ ռազմական ներուժի չափից դուրս կուտակման վտանգի մասին՝ ընդգծելով, որ հակամարտության կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս