loader
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն:

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի:

Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը, կողմերը ընդգծել են խորհրդարանների միջև փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը:

Այնուհետև հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով` ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հարցերին և ներկայացրել երկու խորհրդարանների միջև համագործակցության իր տեսլականը:

Նշենք, որ սա ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի առաջին այցն է: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը այցելել է նաև Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների և սաների հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս