loader
Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների պատասխանատու զինվորականներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես եկավ հաշվետու ժամանակահատվածին վերաբերող համապարփակ ելույթով, ըստ առանձին ուղղությունների անդրադարձ կատարելով այն բոլոր դրական զարգացումների և անցանկալի երևույթների վրա, որոնք տեղ են գտել բանակային ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անցած ուսումնական փուլի ընթացքում կյանքի են կոչվել այն բոլոր պլանային միջոցառումները, որոնք նախանշված են եղել պատրաստության պլանով և որակական աճ է արձանագրվել զորքերի կենսագործունեության գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները, բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մարտական պատրաստության մակարդակը, որակական նոր աստիճանի վրա են հասցվել ղեկավարման համակարգը, զորատեսակների և ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման և արդիականացման համալիր գործընթացները:

Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաև մարտական ու զորահավաքային պատրաստականության, կարգապահության և  բարոյահոգեբանական ապահովման, թիկունքի և առհասարակ այն բոլոր բնագավառներում, որոնք ձևավորում են ՊԲ-ի կենսագործունեության առանցքն ու հնարավորություն ստեղծում ռազմապաշտպանական համալիր գործընթացները բնականոն հունով կազմակերպելու համար: Իհարկե, հաշվետու ժամանակահատվածում տարբեր ուղղություններում տեղ են գտել նաև որոշ բացթողումներ, որոնք սակայն որակական ազդեցություն չունեն ՊԲ-ի մարտունակության վրա: Ընդհանուր առմամբ բանակային 2018 թվականի 1-ին ուսումնաշրջանը, բանակի հրամանատարը գնահատեց բավարար, մասնավորապես նշելով, որ, հաշվետու ժամանակահատվածում, չնայած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությանն ու հակառակորդի կողմից ձեռնարկվող` պարբերական բնույթ կրող սադրանքներին, ՊԲ-ը բարձր մակարդակով կատարել է առաջադրված մարտական և ուսումնական խնդիրները և պայմաններ ստեղծել Արցախի հանրապետության ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովման համար:

Ռազմական խորհրդի ավարտին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկաներին խնդիրներ է առաջադրել համաբանակային նշանակության առաջիկա անելիքների և ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերաբերյալ:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս