«Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է՝ սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: Բայց ամեն դեպքում այցը չափազանց կարևոր »,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի շուրջ Ադրբեջանում առաջացած աղմուկին, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը :
Նա ադրբեջանի բողոքի նոտաները բնական համարեց:
Դիտարկմանը, որ Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչով է դա պայմանավորված, Քոչարյանը նշեց.
«Ամերիկան, այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ Ամերիկան ընդհանուր առմամբ շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաև Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, և ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»:
Մարգարիտա Ղազարյան