loader
Վաալ. Երևանում և Բաքվում կան շահեր, որոնք ավելի կարևոր են, քան ԼՂ հակամարտության լուծումը

Վաալ. Երևանում և Բաքվում կան շահեր, որոնք ավելի կարևոր են, քան ԼՂ հակամարտության լուծումը

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն աշխարհաքաղաքական հակամարտություն է, որտեղ գործող անձը Ռուսաստանն է», - այսօր Կովկաս ինստիտուտի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը

Նա մատնանշեց ԼՂ հակամարտության և հետխորհրդային այլ երկրներում առկա հիմնախնդիրների հիմնական տարբերությունը:

«Աշխարհաքաղաքական ընդհարումներ այս կոնֆլիկտում չկան. Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ կոնֆլիկտ ունեցան, որը համընկավ 2016 թվականի իրադարձության հետ, բայց դրանից հայ-ադրբեջանական հիմնախնդրի դինամիկան չփոխվեց՝ անկախ նրանից՝ Թուրքիան ու Ռուսաստանն ընկերություն անո՞ւմ էին, թե չէին անում միմյանց հետ»,- ասաց նա:

Թոմաս դե Վաալը նկատեց, որ խոշոր տերություններն ունեն շահեր այս տարածաշրջանում, հատկապես Երևանում և Բաքվում կան շահեր, որոնք ավելի կարևոր են, քան հակամարտության լուծումը:

«Իրենք ցանկանում են, որ հակամարտությունը լուծված լինի, բայց կարճաժամկետից միջնաժամկետ հատվածում Երևանի և Բաքվի համար հավասարակշիռ վիճակը պահելն ավելի կարևոր է, ինչը նաև Ռուսաստանին է վերաբերում: Ռուսաստանի հիմնական շահն այս տարածաշրջանում ԼՂ կոնֆլիկտի վրա է հիմնված, հիմնված է Բաքվի և Երևանի հետ իր ունեցած հարաբերությունների վրա»,- ասաց նա:

Ըստ Թոմաս դե Վաալի՝ ԼՂ կոնֆլիկտի հիմնական բաղադրիչն այն է, որ բավական լայն կոնսեսուս կա ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների միջև՝ հակամարտության լուծման ուղիների հարցում:

«Խոշոր տերությունների միջև համաձայնություն չկա, ճիշտ է, կան նրբություններ, մարտավարական տարբերություններ, բայց վերջնական արդյունքի առումով տարբերություններ չկան: Այն, որ վերջնական որոշում չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, կամ այն, որ թողել են հարցը, որ պետք է համաձայնեցվի կողմերի հետ և հնարավորինս հետաձգվի, բավական հասկանալի է դիվանագիտական տեսանկյունից: Դա ազդեցություն ունեցել է»,- ասաց նա՝ նկատելով, որ շատ ակտիվ դիվանագիտական, տեղեկատվական պատերազմ է ստեղծվում այս իրավիճակում.

«Հայերն ու ադրբեջանցիները վիճում են պատմական, իրավական հարցերի շուրջ: Այդ կրակին յուղ է լցնում Լեռնային Ղարաբաղի  հիմնահարցի չլուծված լինելը»,- նշեց Վաալը:

Թոմաս դե Վաալը նկատեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում իրենց հետաքրքրությունն ունեն Ռուսաստանը, Թուրքիան, անգամ Իրանը, որոնք ունեն ճնշելու հնարավորություն:

«Բոլորը ցանկանում են՝ խնդիրը լուծվի, բայց ցանկանում են, որ դա արվի ցածր գնով: Մենք պետք է հասկանանք՝ ինչ չկա այս հակամարտության մեջ, և ով կարող է մեզ օգնել կառուցել դա: Մենք, իհարկե, տեսնում ենք շատ բան, որ պակասում է: Կան շատ խելացի մարդիկ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում,  որոնք կարող են հասկանալ, թե որտեղից պետք է սկսել երկխոսությունը: Այդ երկխոսությունը պետք է սկսվի շատ կամաց, մարդիկ չպետք է հասկանան, որ այն տեղի է ունենում: Բավականաչափ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ զրուցել այս մասին. միջազգային հանրությունում պակասում է այն է, որ նրանք չունեն բավականաչափ ազդեցություն: Պետք է նրանց տրվի այդպիսի դեր: Կա տպավորություն, որ Մոսկվան չի թողնում, որ նրանք դեր ունենան»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս