loader
«Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»

«Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»

Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից

Ինչպիսի զարգացումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության շուրջ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումից հետո: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում:

«Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ»

Վերջինիս կարծիքով 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեծ անորոշություն մտցրեց հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքը ևս որոշակիորեն հեղինակազրկեց Հայաստանի նախորդ վարչակազմը, հատկապես բանակի պատերազմին պատրաստ լինելու տեսանկյունից:

Մանկոֆի կարծիքով Հայաստանի ներքաղաքական խնդիրների խորացումը կարող է հանգեցնել ռազմական բախումների վերսկսմանը:

«Այո, առկա է վտանգ, որ Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշում է Մանկոֆը:

Հայաստանի նոր վարչակազմը իշխանության ստանձնումից հետո որդեգրել է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մոտեցում: Դրա մասին է փաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մայիսի 9-ին Ստեփանակերտի մամլո ասուլիսի ընթացքում, ուր վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բանակցի միայն իր անունից: Վերլուծաբան Սթիվեն Բլանքը չի գտնում, որ այս մոտեցումը օգտակար կլինի հակամարտության կարգավորմանը:

«Ոչ ոք չի ճանաչի Ղարաբաղը որպես պետություն: Այն ցանկանում է լինել Հայաստանի մաս 1994 թվականից ի վեր: Բայց նման մոտեցումը կխափանի յուրաքանչյուր բանակցային գործընթաց»,- ընդգծում է Բլանքը։

Վերլուծաբանի կարծիքով Արևմուտքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի՝ աջակցելու երկու կողմերին համաձայնության հասնելու համար: Ըստ նրա, Հայաստանի հետագա զարգացումը ևս կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

«Կարծում եմ Արևմուտքը պետք է լրջորեն ներգրավվի հակամարտության դադարեցման գործում ու աջակցի կողմերին հասնել համաձայնությանը և այն ներկայացնել իրենց ժողովուրդներին՝ այսպիսով առաջ շարժվելով»,- ընդգծում է Բլանքը:

Վերլուծաբան Օլգա Օլիգերի կարծիքով էլ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հետագա խորացումն անկասկած անհանգստացնում է Բաքվին, սակայն մյուս կողմից դա ավելի կաշխուժացնի զենքի մրցավազքը կողմերի միջև: Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

«Հասկանալի է, որ Ադրբեջանին չափազանց նյարդայնացնում է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն դա նաև կարող է հանգեցնել նդան, որ Ադրբեջանը դիմի Ռուսաստանին ՝ ռազմական համագործակցության խորացման խնդրանքով, իսկ ռուսական կողմը միշտ պատրաստ է զենք վաճառել երկու կողմերին»,- ասում է Օլիգերը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը մնում է անորոշ:

Ամերիկայի ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս