loader
Հասանով. «Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»

Հասանով. «Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»

Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ազատությունը»։

Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հաստատություններին` Հասանովը նշել է․

«Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողություններին»:

Զաքիր Հասանովը նաև հանձնարարել է իր ենթականերին «վերահսկել հակառակորդի գործողությունները ճակատային գծում և թիկունքում` վճռականորեն կանխելով բոլոր տեսակի սադրանքները»: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ձևաչափը լիարժեք չէ:

«Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա դառնալ չի կարող», - Բաքվում՝ մայիսի 11-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մեր մոտեցումները անփոփոխ են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի լիարժեքորեն և անվերապահորեն: Դա են պահանջում արդարությունը և միջազգային իրավունքի նորմերը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս