loader

Զոհրաբ Մնացականյան. Դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը (տեսանյութ)

Մայիսի 18-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։ «Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը»,- շեշտեց նախարար Մնացականյանը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։

Արցախի նախագահը կարևորեց Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ` Արցախի նախագահի հետ հանդիպման արդյունքներով

Հարց. Պարոն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ինչ եք քննարկել, ինչի շուրջ եք խոսել:

Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին:

Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է:

Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը, անընդունելի է, անկարելի:

Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը:

Հարց. Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը:

Զոհրաբ Մնացականյան. Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս