loader
«Ամուլսարը շահագործող ընկերությունը իշխանություններին «ախորժալի» առաջարկ է անում»

«Ամուլսարը շահագործող ընկերությունը իշխանություններին «ախորժալի» առաջարկ է անում»

«Հայաստանում բնապահպանական տարին բավականին բարդ էր և խնդիրներով լի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:

Սանասարյանը բնապահպանական ոլորտում դրական տեղաշարժ նկատեց՝ կապված հանրային մտածողության փոփոխության հետ:

«Ուրախացնող բաներ կան՝ Գլաձորում, Եղեգնաձորում, Վերնաշենում մարդիկ թույլ չտվեցին, որ իրենց տարածքում եղած բազմամետաղային հանքաերևակումներն ուսումնասիրվեն: Տրվեց բացասական կարծիք, ստորագրահավաք եղավ, նույնն ավելի հստակ կատարվեց Արդվի գյուղում՝ ոսկու հանքի հետ կապված: Սրանք ցույց են տալիս, որ բնակչությունը հասկանում է, թե ինչի հետ գործ ունի, իսկ առաջ մտածում էին, որ հանքեր են, որոնք իրենց կարող են եկամուտ բերել»,- ասաց Սանասարյանը:

Բնապահպանը նկատեց, որ վերոնշյալ տարածքներում հանքեր չեն եղել, այլ հանքաերևակումներ են եղել, սակայն կարևորեց այն, որ ի վերջո հասարակությունը հասկացավ, որ մի քանի մարդիկ իրենցն են դարձնում ժողովրդի սեփականությունը:

«Այս ամենի հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է քաղաքականությունը, ըստ որի՝ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ է շարունակում մնալ: Նրանք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ում ավելի շատ հանքեր շահագործվեն: Միայն այս տարվա դեկտեմբերին տրվել է 5-6 արտոնագիր երկրաբանական ուսումնասիրություն կատարելու և հետագայում շահագործելու նպատակով: Սրանից 4-ը միայն Սյունիքի մարզում է, ինչը շատ ծանր վիճակ է ստեղծելու»,- ընդգծեց բնապահպանը:

Սանասարյանը պնդեց՝ հանքարդյունաբերություն ասելով՝ պետք է հասկանալ երկրաբանական կառուցվածքի ոչնչացում, ինչն իր հեթին խթանելու է, որ ՀՀ-ն կորցնի իր խմելու, ոռոգման ջուրը և հողը: Նա որպես գերակա խնդիր առանձնացրեց Ամուլսարը, որտեղ, ըստ նրա, օր օրի վիճակը բարդանում է:

Սանասարյանը նկատեց, որ նախկինում գոնե հնարավորություն կար բողոքելու, իսկ 2017թ. կառավարությունը հարցը շատ կոշտ դրեց:

«Բնապահպանության նախարարությունն ընդհանրապես չի ցանկանում տեսնել այն, ինչ կա: Նախկին նախարարի օրոք Ամուլսարի համար դրական էկոլոգիական եզրակացություն է տրվել, իսկ ներկայիս նախարարը գտնում է, որ դա տրվել է և պետք է գործի: Նախարարին ցույց ենք տվել, որ, իրականում էկոլոգիական հետազոտություն չի կատարվել, 800 էջանոց փաստաթուղթը 8 էջի վրա կոնսպեկտավորել են և չեն նկատել ամենավայրենի սխալները: Պատկերացրեք մի աղյուսակ, որտեղ 14-15 թվային ցուցանիշներ կան, որոնք բոլորը կեղծ են, բայց դատարանը հայցը չի ընդունում, քանի որ դա կարևոր փաստաթուղթ չի համարում»,- շարունակեց նա:

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահը նկատեց, որ Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը իշխանություններին բավականին «ախորժալի» առաջարկ է անում: Սակայն բնապահպանը հաշվարկներ է արել և հասկացել է, որ այստեղ, բացի ոսկուց ու արծաթից, այլ մութ խնդիր կա՝ նյութ, որը համառորեն հանում են գաղտնի:

Սանասարյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունն այս ծրագրի իրականացման համար ավելի շահագրգռված է, քան «Լիդիան Արմենիա» ընկերությունը: 

«Ասվում է, որ 426 մլն դոլար դրվելու է շինարարության մեջ, 485 մլն հարկերի ձևով մուծելու են ՀՀ բյուջե, 230 մլն դոլարի, խոստանում է, որ աշխատավարձ կտա և այս ամենի հետ մեկտեղ խոստանում է, որ տարեկան 285 մլն դոլար ՀՀ-ն կունենա այդ հանած մետաղներն արտահանելու համար: Այս ամենից բացի կան այլ ծրագրեր, ու 11 տարվա ընթացքում ընդհանուր 3 մլրդ 991 մլն դոլար ներդրում է ստացվում: Ես հաշվարկեցի, թե ընկերությունն այսքան, որ խոստանում է, ինչպես է իրականացնելու:  Ըստ նախագծի՝ վերամշակելու է 89 մլն տոննա հանքաքար,այսինքն՝ 87 տոկոսով կորզելու դեպքում 63 տոննա ոսկի և 124 տոննա արծաթ է ունենալու: Պատկերացրեք, որ թափոնի մեջ 53 տոկոսն արծաթի մնում է այստեղ, սա վերածում ենք փողի, ստացվում է, որ 2.6 մլրդ դոլարի հասույթ ունի: Նա ինչպե՞ս պետք է փակի, տարբերությունը մոտավորապես 1.5 մլրդ դոլար է կազմելու, այսինքն՝ այլ նյութ են ստանում իրենք», - ներկայացրեց Հակոբ Սանասարյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս