loader
Ամուլսարի գործով ՀԿ-ների բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի մեկ ու կես տարի անց

Ամուլսարի գործով ՀԿ-ների բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի մեկ ու կես տարի անց

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան Ամուլսարի հանքավայրի գործով Վարչական դատարանի որոշումը, որով ՀԿ-երը դուրս մնացին դատական գործընթացից:  Այս գործով ՀՀ վարչական դատարան հայց էին ներկայացրել «Էկոլոգիական իրավունք», «Էկոդար» ՀԿ-երը և Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով: Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ օգոստոսի 30-ին հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից որպես ոչ պատշաճ հայցվորներ:

Վերաքննիչ վարչական դատարանը բողոքն ընդունել է վարույթ, բայց որոշել է քննել այն միայն մեկ ու կես տարի անց` 2019 թ-ի ապրիլի 26-ին: Սահմանված այս ժամկետը Գրիգորյանը գնահատեց որպես աբսուրդ:

«Սա նշանակում է, որ Վարչական դատավարությունում բողոքարկման ինստիտուտը դարձել է անիմաստ, իսկ դատարանի անօրինական գործողությունները բողոքարկելը`  աննպատակ: Ստացվում է, որ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել, ընթանալ, և հետո նոր դատարանը կարող է լսել մեր պատշաճ հայցվոր լինել-չլինելու հարցը...աբսուրդը ինքներդ գնահատեք, - ասաց Արթուր Գրիգորյանը և հավելեց, - կա մեկ այլ խոչընդոտ. մենք չենք կարող դիմել Սահմանադրական կամ Եվրոպական դատարան: Դրա համար պետք է անցնել բոլոր դատական ատյանները: Այսինքն, ստեղծում են մի բլոկային իրավիճակ, որ, առհասարակ, դատական ճանապարհով իրավունքների պաշտպանությունը վարչական դատավարությունում դառնում է անիմաստ»:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ դատական աժիոտաժ է առաջացել: Ներկայում այս ծրագրին առնչվող 3 դատական գործ կա 3 տարբեր դատարաններում, ևս մեկ ներկայացված հայց: Առաջինը` Գնդեվազ համայնքի բնակիչների հայցը ՀՀ վարչական դատարան` պահանջով չեղարկել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը: Երկրորդը` փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով նշանակել Ամուլսարի ծրագրի նոր փորձագիտական եզրակացություն: Երրորդը`ՀԿ-երի բողոքը Վերաքննիչ վարչական դատարան` ընդդեմ վարչական դատարանի որոշման: Վերջերս էլ Հայկական բնապահպանական ճակատն է հայց ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար:

ԷկոԼուր

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս